Հայերեն   English   Русский  

«Հեղափոխությունից հետո Հայաստանում բնապահպանական քաղաքականությունը չի փոխվել». բնապահպան


  
դիտումներ: 870

Մինչ պաշտոնյաները հպարտորեն բարձրաձայնում են, որ Սևանա լճից այս տարի ավելի քիչ ջրառ է տեղի ունեցել և լճի մակարդակն էլ բարձրացել է, գիտնականներն ահազանգում են, որ առաջիկա օրերին Սևանում տարվա ընթացքում ջրիմուռների երկրորդ ծաղկումն է սպասվում:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը «Անկախի» հետ զրույցում փաստում է, որ տեղի ունեցողը լճի համար վատ է: Գիտնականի խոսքով` եթե քայլեր չձեռնարկվեն, հաջորդ տարի լիճը կարող է երեք անգամ ծաղկել, իսկ մյուս տարի, օրինակ, ծաղկումը կարող է այլևս չդադարել:

«SOS Սևան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է` անկախ հանգամանքից, որ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, լճի վիճակն ավելի վատ է, քան նախորդ տարի էր: «Սևանա լճի էկոլոգիական վիճակը խախտված է, այս առումով ոչինչ չի փոխվել»,- ասում է Ադամյանը` շեշտելով, որ լճի ռեսուրսների անխնա շահագործումը և կլիմայական փոփոխություններն են ստեղծել նման իրավիճակ:

Սիլվա Ադամյան

Ադամյանն ասում է` ճիշտ է, այս տարի նախորդ տարվա համեմատ քիչ է ջուր բաց թողնվել Սևանից, սակայն շարունակում է սուր մնալ ձկնապաշարների խնդիրը. չէ որ ջրում առկա կենսատարրերը, այդ թվում և ջրիմուռների մնացորդները, ծառայում են որպես կեր ձկների համար: Իսկ եթե լճում ձկան պաշարը քիչ է, կենսատարրերը կուտակվում են լճի հատակում` նպաստելով լճի ծաղկմանը:

Ադամյանը տարօրինակ է համարում, որ նման պայմաններում Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել Սևանումսիգի արդյունաբերական որսը թույլատրելու նախագծով:

Նշենք, որ Սևանա լճում 2005 թվականից սիգի որսն արգելված է: Բայց դա չէր խանգարում, որ շուկաներում ու ճանապարհներին առանց արգելքի Սևանի սիգ վաճառվեր: Նախարարությունն այժմ ցանկանում է պիլոտային ծրագիր իրականացնել` թույլատրելով 150 տոննա սիգի որսը: Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը տեսակետ է հայտնել, թե այսպիսով հնարավոր կլինի ձկնորսներին օրենքի դաշտ բերել, վերահսկել ձկնորսության ծավալները և պայքարել անօրինական ձկնորսության դեմ: Մինչդեռ բնապահպանները պնդում են, որ իշխանությունների հայտարարածն անիրագործելի է:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը Հանրային ռադիոյի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ անհնար է լինելու Սևանից տեղի ունեցող ձկնորսության ծավալները վերահսկելը: «Եթե հիմա չեն կարողանում վերահսկել, վստահություն չկա, որ թեկուզ պիլոտայինի պարագայում, այլ մարդիկ չեն օգտվի»,- ասել է նա:

Սիլվա Ադամյանն էլ նշում է` եթե ներկայում ձկնորսները գոնե երբեմն վախենում են, որ կարող են բռնվել և պատասխանատվության ենթարկվել, ապա որսի թույլատրման պարագայում դա այլևս չի լինի: Բնապահպանները կարծում են, որ որսի որոշակի քանակով թույլատրումը օրինականության շղարշի կբերի նաև անօրինական կերպով ձկան պահածո, ձկնամթերք արտադրողներին. այլևս հնարավոր չի լինի ապացուցել, որ նրանց մթերքի որսը անօրինական է եղել:

Հարցին` արդյոք պետական մակարդակով գիտակցում են Սևանա լճի խնդիրների խորությունը, Ադամյանը պատասխանում է. «Փորձը ցույց է տալիս, որ նախկինում էլ, հիմա էլ խնդրին հպանցիկ են նայել, տարբեր պատճառաբանություններով փորձել են շահագործել լիճը: Նախորդ տարի իշխանություններին կոչ արեցինք հավելյալ ջրառ չիրականացնել լճից: Եթե կառավարությունը խնդրի գիտակցումն ունենար, նախորդ տարի հավելյալ ջրառ տեղի չէր ունենա: Իսկ այդ պարագայում այս տարվա ծաղկումը հնարավոր է, որ այդքան մասշտաբային չլիներ»:

Միևնույն ժամանակ, բնապահպանը նշում է, որ այս տարվա ծաղկումից հետո որոշակիորեն փոխվել է ելույթների հռետորաբանությունը` պարբերաբար խոսում են լճի մակարդակի մասին, հայտարարում, որ հավելյալ ջրառ չեն իրականացնի: Բայց այդ ամենին զուգահեռ նաև սիգի որսը թույլատրելու մտադրություն կա:

Ձկնորսներ

«Այստեղ կա նաև կառավարության կողմից խնդիրը չհասկանալու գործոնը: Թեև Շրջակա միջավայրի նախարարությունը հոյակապ հասկանում է, թե սիգի որսի օրինականացումն ինչի կարող է հանգեցնել, բայց կան այլ շահեր,- ասում է Ադամյանն ու հավելում:-Մեր շրջակա միջավայրի նախարարությունն ավելի ճիշտ կլիներ տնտեսական շահերը պաշտպանող նախարարություն կոչել: Եվ դա նորություն չէ, վաղուց է այդպես»:

Բնապահպանը շեշտում է` հեղափոխությունից հետո Հայաստանում բնապահպանական քաղաքականությունը չի փոխվել, և դրա մասին վկայող փաստերը բազմաթիվ են:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ից դադարեցվել է ոռոգման նպատակով ջրառըՍևանա լճից:

ԱԻՆ-ի տվյալներով` ընդհանուր առմամբ լճից այս տարի բաց է թողնվել 139.789 միլիոն խմ ջուր նախատեսված 170 միլիոն խմ-ի փոխարեն:

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 18-ի դրությամբ 3 սմ-ով բարձր է եղել նախորդ տարվա նույն օրվա մակարդակից` կազմելով 1900.61 մ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: