Հայերեն   English   Русский  

ՍԴ-ում որևէ անձի նկատմամբ որևէ գործընթաց սկսելն ինքնանպատակ չէ. Վլադիմիր Վարդանյան


  
դիտումներ: 276

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, խոսելով ԱԺ Իմ քայլը խմբակցության նախաձեռնության մասին, որով սկսում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց, ասաց, որ

ամեն ինչ արվում է ԱԺ լիազորությունների շրջանակներում և այն ընթացակարգով, որը նախատեսում է ԱԺ կանոնակարգ-օրենքը:

«Թեև գործընթացը նախաձեռնվում է ԱԺ-ում, բայց ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի ուսումնասիրությունը ՍԴ-ի տիրույթում է: Փորձ է արվում այս ամենի մեջ տեսնել քաղաքական գործընթաց, քաղաքական մանիպուլյացիաներ: Առաջ ասում էին՝ իրավական գործընթացների չեք դիմում, քաղաքական մանիպուլյացիաներ եք անում, փորձում եք ճնշում գործադրել դատարանների վրա: Հիմա մենք ընտրել ենք իրավական ուղին: Եթե կասեք, որ ԱԺ խմբակցությունը շեղվել է իր սահմանադրական լիազորություններից, դա այլ բան է, բայց այն, ինչ կատարվում է, հավուր պատշաճի է իրականացվում, Սահմամանադրության նորմերին համապատասխան»,-ասաց Վարդանյանը:

Նա նաև հավելեց, որ ՍԴ-ում որևէ անձի նկատմամբ որևէ գործընթաց սկսելն ինքնանպատակ չէ. «Դա հակասում է իրավական պետության սկզբունքներին: Դա համար մեկ պոստուլատն է, որ պետք է դնենք այս գործընթացի հիմքում: Սա այն ընթացակարգն է, որ նախատեսված է ԱԺ կանոնակարգով:

Այս գործընթացը նախատեսվել է, որովհետև «Իմ քայլը» խմբակցության մոտ հիմնավոր կասկած էր առաջացել ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի մասով: Խմբակցության դիրքորոշումը պայմանավորված է ՍԴ-ում առկա այն հիմքերի հետ, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում կայացված որոշումներից:

ՍԴ-ն չի դատում անձերի եւ այնտեղ քննում է ոչ թե անձերի գործը, այլ որքան էլ որոշ շրջանակներ եւ լրատվամիջոցներ փորձում են այդպես ներկայացնել, այնտեղ քննարկվում է օրենսդրական նորմի սահմանադրականության հարցը:

Այդ նորմը տարածվելու է եւ իմ վրա, եւ բոլոր այն սուբյեկտների վրա, որոնք օգտվում են նման գործառութային անձեռնմխելիությունից: Ճիշտ է, գործը նախաձեռնելու վրա անհրաժեշտ է կոնկրետ անձի դիմում, բայց դրա հետեւանքները չեն կարող տարածվել միայն այդ անձի վրա: Խոսքը նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի սահմանադրականության ստուգման մասին է»,-հավելեց Վլադիմիր Վարդանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: