Հայերեն   English   Русский  

​«Երկրատարածական և կադաստրային ոլորտների» ԱՊՀ միջպետական խորհրդի՝ Դուշանբեի նիստում Հայաստանը դարձավ համանախագահող. 2021-ի նիստը տեղի կունենա Հայաստանում


  
դիտումներ: 402

Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական

նիստի ավարտին ընդունված ամփոփիչ արձանագրությամբ մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակաշրջանը հռչակվեց Հմտությունների փոխանակման և ռազմավարական պլանավորման տարի։ Դուշանբեում սեպտեմբերի 17-ից 19-ը կայացած նիստին Հայաստանից մասնակցեցին կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, գեոդեզիայի և քարտեզագրություն վարչության պետ Արտակ Փիլոյանը։ Նույն ոլորտների գործընկերներ էին ներկա Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

Ի թիվս մասնակից այլ պետությունների պատվիրակությունների ղեկավարների ելույթների, Հայաստանի պատվիրակության ղեկավարը ներկայացրեց վերջին մեկ և կես տարում Հայաստանի տնտեսական կյանքում և մասնավորապես Կադաստրի համակարգում սկսված բարեփոխումները։ Ինչ վերաբերում է միջպետական այս խորհրդի աշխատանքին, Պետրոսյանը կարծիք փոխանցեց, որ.

«Մեր կադաստրային հաստատությունները, որոնք պետությունների սահմանները «գծողներ», են նաև, պետք է երկրների տարածքներն ու լանդշաֆտները քարտեզագրեն մեկ միասնական տրամաբանությամբ կամ, միևնույն, պատկերավոր ասած՝ լեզվով»։

Խորհրդի աշխատանքային խմբերում քննարկումից հետո առաջիկա անելիքների մեջ արձանագրվեց նաև այդ հարցը՝ գեոդեզիայի ոլորտում միասնականացումը և ստանդարտացումը, միջպետական խորհրդի անդամ պետություններում կոորդինատների և բարձրությունների գեոդեզիական միասնական համակարգին անցնելը, ինչպես նաև անշարժ գույքի էլեկտրոնային գրանցման համակարգերի զարգացումը։

Հայաստանի պատվիրակությունը նաև առաջարկեց՝ նկատի ունենալով Խորհրդում նախորդ տարի սկսված բարեփոխումները և համաշխարհային միտումները, դիտարկել նաև նրա անվանափոխությունը. « գեոդեզայի, քարտեզագրության և հեռահար զոնդավորման» փոխարեն օգտագործել «երկրատարածական» եզրույթը։ Իսկ Հայաստանում անշարժ գույքի գրանցման ոլորտի բերափոխումների շուրջ քննարկումների արդյունքում Ղազախստանի գործընկերների առաջարկով ստեղծվեց նոր աշխատանքային խումբ, որը կքննարկի և կառաջադրի մասնակից պետություններում անշարժ գույքի գրանցման հայեցակարգի նախագիծը։

Նիստում որոշակիացվեցին մինչև 2024 թվականը միասին լուծելիք խնդիրները, քննարկվեց այս ոլորտներում զարգացման ռազմավարության նախագիծը։ Իսկ միասնաբար իրականացված առաջին նախագծերից մեկն աշխարհագրական անվանումների երկրատեղեկատվական ռեսուրսի ստեղծումն է. այն հնարավորություն է տալիս ինտերակտիվ ռեժիմում տեսնելու ԱՊՀ երկրների տարածքներում գտնվող բոլոր օբյեկտների անվանափոխությունը։

Մասնագետների որակավորումը բարձրացնելու նպատակով Ռուսաստանի հնագույն բուհերից մեկին՝ Գեոդեզիայի և քարտեզագրության մոսկովյան պետական համալսարանին, առաջարկվեցին լրացուցիչ կրթական ծրագրեր և սեմինարներ (խորհրդի նիստին մասնակցում էր նաև այդ համալսարանի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սավինիխը)։

Միջպետական խորհրդի՝ հերթագայության կարգով նախագահումն այս նիստում անցավ Ղրղզստանին, համանախագահներն են Տաջիկստանը և Հայաստանը՝ հանձին Կադաստրի կոմիտեի և նրա ղեկավարի։ Հաջորդ նիստը հրավիրված է 2020 թվականի աշնանը, Բիշքեկում։ Իսկ 2021 թվականին խորհրդի նիստը տեղի կունենա Հայաստանում։

Միջպետական այս խորհուրդը ստեղծվել է 1992 թ. Բիշքեկում ստորագրված՝ Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում փոխգործակցության համաձայնագրով: Խորհուրդը մշակում և իրականացնում է միջպետական ծրագրեր, համակարգված քաղաքականություն՝ գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում, կազմակերպում է ոլորտի մասնագետների վերապատրաստումը:

--

Կադաստրի կոմիտեի լրատվություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: