Հայերեն   English   Русский  

Թբիլիսիում երեխաներին պոռնկագրության մեջ ներքաշելու մեղադրանքով 11 մարդ է ձերբակալվել


Ձերբակալվածների թվում են ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիներ, ինչպես նաև երեխաների ծնողները


  
դիտումներ: 238

Թբիլիսիում ձերբակալվել են Վրաստանի, ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիներ, որոնք անչափահասների առևտրով են զբաղվել և նրանց պոռնոգրաֆիկ լուսանկարներն արել։

Ընդհանուր առմամբ 11 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ երեխաների ծնողները, որոնց համաձայնությամբ գործել են արտասահմանյան քաղաքացիները։ Այս մասին տեղեկացնում է JAMNEWS-ը:

ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիները Թբիլիսիում բնակարան են վարձակալել, որտեղ լուսանկարչական ստուդիա են սարքել։ Նրանք երեխաների պոռնոգրաֆիկ լուսանկարներն են արել, այնուհետև վաճառել դրանք արտասահմանում։

Այս պահի դրությամբ նվազագույնը տասն անչափահաս աղջիկ է հայտնաբերվել, որոնք ներքաշվել են այդ գործունության մեջ։ Նրանք 8-14 տարեկան են։ Այդ մասին իմացել են նաև երեխաների ծնողները։ Նկարահանումներն անցկացվել են նրանց համաձայնությամբ, դրա դիմաց նրանք ստացել են 500-3000 լարի։ Հաշվարկը կատարվել է ինչպես կանխիկով, այնպես էլ բանկային փոխանցումներով։

Ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, հետաքննությունը մի քանի ամիս է տևել, և վրացի իրավապահ մարմինների հետ միասին դրանում ներգրավված են եղել նաև Եվրոպոլի, ինչպես նաև ԱՄՆ և Ավստրալիայի համապատասպան կառույցների աշխատակիցները։

Ձերբակալվել են ԱՄՆ 58-ամյա և Ավստրալիայի 61-ամյա քաղաքացիներ։ Մնացածները Վրաստանի 30-41 տարեկան քաղաքացիներ են։ Վրաստանի ձերբակալված քաղաքացիների թվում են երեխաների ծնողներն, ազգականներն ու մտերիմներն, անգամ ապօրինի ֆոտոսալոնի տերերն ու աշխատակիցները։

Քննությունը պարզել է նաև, որ պոռնո-լուսանկարների համար փոխանցված միջոցներն ԱՄՆ քաղաքացին Թբիլիսիում կանխիկացրել է կրիպտոմատներով։

Ոստիկանությունը խուզարկել է վարձակալված լուսանկարչական ստուդիաները։ Որպես հանցանշան առգրավվել են թանկարժեք ֆոտոխցիկներ, լուսավորման սարքեր, ռեկվիզիտ և համակարգչային տեխնիկա։ Առգրավվել են նաև պոռնո-լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում նկարահանվել են երեխաները։

ՆԳՆ ճեպազրույցում նշվել է, որ տուժած երեխաների հետ հոգեբաններ են աշխատում։

Մեղքը հաստատվելու դեպքում ձերբակալվածներին սպառնում է 17-20 տարվա կամ անժամկետ ազատազրկում։

ՆԳՆ տվյալներով՝ դեպքի առթիվ իր դիրքորոշումն է հայտնել նաև ԱՄՆ-ն։

«Մասնավորապես, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկության համաձայն, սա միջազգային համակարգված իրավապահ միջոցառում է մի քանի երկրների մասնակցությամբ, այն պետք է նախազգուշացում լինի բոլոր նրանց համար, ովքեր երեխաներին վնաս են հասցնում, այն մասին, որ իրավապահ մարմինները համատեղ ջանքերով միջազգային մակարդակով միշտ կարող են նրանց նույնականացնել, ձերբակալել և պատասխանատվության ենթարկել։

Միաժամանակ, ԱՄՆ Իմիգրացիոն և մաքսային գերատեսչության (ICE) անվտանգության ներքին քննչական ծառայությունը (HSI) միշտ և ամենուր շարունակելու է երեխաների պաշտպանության իր պարտականությունները կատարել աշխարհի ցանկացած կետում այն մարդկանցից, որոնք չարաշահում են երեխաների անպաշտպանությունը», – հայտարարվել է ՆԳՆ ճեպազրույցում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: