Հայերեն   English   Русский  

Կարեն Ասմարյան «Պետության աջակցությամբ խաղային մարզաձևերը հնարավոր է զարգացնել»


  
դիտումներ: 894

Սեպտեմբերի 1-3-ը Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացավ Արևելյան եվրոպական եկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը: Վարկանիշային մրցաշարն անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ` իրական տոն պարգևելով մարզաձևի սիրահարներին:

Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է մրցաշարը, միաժամանակ խոսում, Հայաստանում խաղային մարզաձևերի զարգացման հիմնական ուղիների մասին:


-Պարոն Ասմարյան, արդեն ավանադույթ դարձած մրցաշարի այս տարվա հաղթողը Բելառուսի թիմն էր: Առաջնության ընթացքի, մեր թիմերի ելույթների մասին ի՞նչ կասեք:


-13 թիմ մասնակցեց առաջնությանը` 4 երկրներից: Թիմերը համալրված էին բարձրակարգ խաղացողներով` Եվրոպայի չեմպիոններ աշխարհի տուրերի մրցանակակիրներ: Սպասում էինք, որ ավելի շատ երկրներ մասնակցության հայտ կներկայացնեն, սակայն այդ ժամանակաշրջանում տարբեր միջազգային մրցաշարեր կային: Հաջորդ տարվանից անցկացման ժամանակաշրջանը կփոխենք, որ ավելի շատ լինեն մասնակից թիմերը:
Առաջնությունն անցավ դիտարժան պայքարում: Հանդիսատեսն էլ էր հետաքրրքված է: Հայ մարզիկների 3 թիմեր մասնակցեցին: 2-ը պատանեկան հեռանկարային թիմեր էին: Սպասում էինք ավելի լավ արդյունքների, սակայն թիմերը շատ հագեցած գրաֆիկ ունեին, հավանաբար կար հոգնածություն, այդ պատճառով էլ արդյունքները բարձր չէին: Կարևոր է, որ ունենք լավ խաղացողներ, որոնք ժամանակի ընթացքում խաղային լավ որակներ ձեռք կբերեն:


-Վոլեյբոլի ֆեդերացիան մշտապես ակտիվ աշխատում է Հայաստանում միջազգային մրցաշարեր կազմակերպելու ուղղությամբ: Ի՞նչ ծրագրեր ունեք:

-Արևելյան եվրոպական եկրների առաջնությանը բարձր գնահատական է տվել Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիան: Մեզ անգամ առաջարկում են հաջորդ տարի աշխարհի տուր անցկացնել: Այժմ զբաղվում եմ թղթաբանության և պահանջների բավարարման հետ կապված հարցերով: Պետք է ստանդարտներին համապատասխան խաղադաշտ ունենանք, որ կարողանանաք հայտ ներկայացնել: Ունենք 2 տարբերակ` Սևանում և «Գրանդ սպորտում»: Վերջինս մի քիչ փոքր է, բայց այդ հարցով դիմել ենք մարզահամալիրի ղեկավարությանը: Հուսով եմ` մյուս տարի աննախադեպ իրադարձության ականատես կլինենք՝ Հայաստանում հետևելով աշխարհի տուրի խաղերին: Այդ դեպքում արդեն 20-25 երկիր կժամանի Հայաստան, որոնք կարող են 1-ից ավելի թիմեր ունենալ:
Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից ունենք ևս մեկ առաջարկ՝ անցկացնելու ձմեռային վոլեյբոլի Եվրո տուր: Միաժամանակ այդ հարցերով ենք զբաղվում` Ծաղկաձորում տարածք և, եթե ստացվի, հովանավորներ գտնելու:
Այս տարիների աշխատանքը բերեց նրան, որ արդեն իրենց աջակցությամբ հորդորում են մեզ միջոցառումներ անցկացնել, ինչպիսին օրինակ, Եվրոպայի դասական վոլեյբոլի տարիքային առաջնությունն է: Մենք, պարզապես, ստանդարտներին համապատասխան մարզադահլիճներ չունենք. ամբողջ խնդիրը սա է:

Կարեն Ասմարյան 2019

Շուտով մասնակցելու եմ Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի ժողովին: Միայն լողափնյա ու ձմեռային վոլեյբոլների վրա չպեք է շեշտը դնել, տղաների դասական վոլեյբոլի որևէ տարիքային խմբի առաջնություն ենք փորձելու բերել Հայաստան:
Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ նպատակ ունենք Հայաստանում հիմնադրել լողափնյա վոլեյբոլի ակադեմիա: Սեպտեմբերի վերջին ծրագրի մեկնարկը կտրվի: 2020 թ. մենք հայտ կներկայացնենք: Հուսանք` կառավարությունը մեզ կաջակցի՝ տարածք տրամադրելով Երևանում: Մենք կունենանք մեր սեփական դաշտը, որտեղ թիմերը կմարզվեն, հավաքների ու մրցումների կմասնակցեն, ամեն ինչը մեր ֆեդերացիայի տիրապետության տակ լինեն:


-Վերջերս ուսանողական մարզական ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանն արժանացաք մրցանակի համագործակցության համար:

-Ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ սերտ համագործակցում ենք: Նրանց շնորհիվ է, որ դասական վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնությունում ունենք թիմեր: Ուսանողական ֆեդերացիան մեզ մշտապես փորձում է աջակցել:

Գնահատում եմ այդ մրցանակը, մենք շատ ենք կարևորում ուսանողական սպորտը և, հատկապես, Հովհաննես Գաբրիելյանի կատարած մեծ աշխատանքը: Բազմաթիվ պլաններ ունենք Հովհաննես Գաբրիելյանի հետ: Այժմ աշխատում են նոր վոլեյբոլի ցուցադրական մրցումներ կազմակերպելու և ուսանողական մարզական խաղերի ծրագրում ընդգրկելու ուղղությամբ: Տարվա ընթացքում 2-3 միջոցառում ենք համատեղ կազմակերպում` դասախոսական և ուսանողական առաջնություններ: Ակտիվ կապի մեջ լինելով`բազմապիսի միջոցառումներ ու ծրագրեր ենք իրականացնում` նույն կետում չմնալով:


-Տեղյակ եմ, որ հաջորդ տարվանից փոխվելու է վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության անցկացման ֆորմատը. մրցաշարջանը երկարելու է:


-Այո, 2020 թվականից բարձրագույն խմբի առաջնությունն կանցկացնենք 3 փուլով: Մի քանի տարի անց տղամարդկանց և կանանց կանոնավոր առաջնություն անցկացնենք: Եթե մեզ պետությունն ավելի շատ աջակցի, ֆինանսավորումն ավելանա, ոտքի կկանգնենք: Հույս ունենք` մի քանի տարի անց դա կլինի. մենք կունենանք բարձրակարգ առաջնություն: Այժմ անցկացնում ենք գարնանն ու աշնանը և մեծ շրջան դադար ենք տալիս: Հաջորդ տարվանից 3 փուլով կանցկացնենք:
Ֆեդերացիան կարող է անցկացնել, բայց թիմերը պետք է հզորանան, որ կարողանան ռեգուլյար առաջնություններին մասնակցել, ֆինանասական հնարավորություններ են հարկավոր՝ մարզեր գնալու և հանդիպումներ անցկացնելու համար: Պետք է ակումբը կարողանա այդ ծախսերը հոգալ:


-Քիչ ֆինասավորմամբ տարբեր ուղղություններով աշխատանքներ եք իրականացնում`զարգացնելով 3 մարզաձև, կազմակերպելով տեղական և միջազգային առաջնություններ, սեմինարներ մարզիչների համար, տրամադրելով գույք մարզադպրոցներին:

Կարեն Ասմարյան 2019

-Մենք ակնկալում ենք աջակցություն կառավարությունից: Սպորտի համար պատասխանատու գերատեսչությունը պետք է տեսնի ու գնահատի ֆեդերացիաների կատարած աշխատանքը` ըստ այդմ ֆինանսավորում հատկացնելով: Այն ֆեդերացիան, որը պասիվ է, պետք է մինիմում ֆինանսավորում ստանա: Մենք զարգացնում ենք 3 մարզաձև, որի համար ստանում ենք 14 միլիոն դրամով: Միառժամանակ առաջ Ռուսաստանի թիմերի մենեջերի հետ էի զրուցում, պարզվեց, որ նրանք այդքան գումար ծախսում են միայն մեկ մրցման մասնակցելու համար, իսկ մենք բազմապիսի միջոցառումներ ենք իրականացնում:
Նաև ունենք շատ ծրագրեր, որոնցից է «Վոլեյբոլը դպրոցում» ծրագիրը: Տարեկան 12-15 դպրոցի մարզագույք ենք տրամադրում: Բոլորովին վերջերս Սևանում անցկացրինք լողափնյա վոլեյբոլի պատանեկան փառատոնը: Դրանք ծախսեր են, որոնք չեն ֆինանսավորվում պետության կողմից: Միայն սպորտային միջոցառումներն են ֆինանսավորվում: Ֆեդերացիային պետք է տրվի ազատություն, որ ցանկության դեպքում կարողանա ինչ-որ թիմի աջակցել, մենք ոչ մի լծակ չունենք մեր ձեռքում: Վերջերս կառավարությունը նոր որոշում է կայացրել՝ մարզադպրոցներին գույք տրամադրելու վերաբերյալ: Դա կարևոր է, քանի որ մեզնից են պահանջում, այնինչ պետությունը պետք է զբաղվի: Մարզադպրոցներին անորակ մարզագույք են տալիս, որը կարճ ժամանակ անց պիտանի չի լինում: Մեր մարզագույքը որակյալ է, բայց բավարար չէ բոլորին տրամադրելու համար: Օրինակ` Թեղուտ գյուղում վոլեյբոլի 2 թիմ կա, որոնք մարզագույք չունեին: Մեզ հետ կապ հաստատեցին, մենք մարզագույք ուղարկեցինք: Նման դեպքերը շատ-շատ են, պետությունը պետք է աջակցի այն համայնքներին, որտեղ կան վոլեբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի թիմեր:
Նշեմ, որ միջինից բարձր մարդիկ, որոնք ֆուտբոլ չեն խաղում, ֆիզիկապես դժվար է նրանց համար, խաղում են վոլեյբոլ, սեղանի թենիս: Այդ մարզաձևերն համեմատաբար ավելի հեշտ են տրվում տարիքով մարդկանց: Եղել են դեպքեր, երբ գյուղերում փառատոն ենք անցկացրել երեխաների համար, անմիջապես հետո մեծահասկաներն են ոգևորված սկսել խաղալ: Հույս ունենք, որ կառավարությունը կհասկանա, որ խաղային մարզաձևերը, հատկապես վոլեյբոլն ու բասկետբելը հնարավոր է մեր երկրում զարգացնել: Դպրոցական ծրագրում ոչ թե պետք է շախմատը գերակայի, այլ խաղային ձևերին ժամ հատկացվի, քանի որ դրանք մատչելի են, զարգացնում են ֆիզիկական պատրաստության կողմերը՝ ուժ, ճարպկություն, ճկունություն: Հարկավոր է ժամաքանակն ավելացնել, թույլ տալ մարզիչներին, որ դասերից հետո վոլեյբոլ պարապեն: Բազմաթիվ մարզիչներ ունենք, հատկապես Երևանում, որոնց չեն թույլտրում վոլեյբոլի պարապմունքներ անցկացնել: Սպորտը ներկայացնող նոր սերունդը կառավարությունում և Ազգային ժողովում պետք է պնդի, որ դպրոցներում մարզադահլիճները ազատ լինեն: Մարզչին, որն անվճար պարապում է երեխաների հետ, չեն թողնում մտնել մարզադհլիճ: Համոզված եմ, որ նրանք օգուտից բացի վնաս չեն տա և կօգնեն, որ մարզադահլիճը շնչի:


-Պարոն Ասմարյան, այս խնդիրներին պատասխանատու գերատեսչությունները բավարար չափով ծանո՞թ են:


-Պետք է ունենանք հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ: Ես բարձրացնելու եմ բոլոր հարցերն ու խնդիրները: Եթե ուզում ենք բարձրակարգ սպորտ ունենալ, Հայաստանում միջազգային առաջնություններ պետք է անցկացնենք: Մի շարք սպորտի ղեկավարներ նշում են, որ եթե չկա մեդալ, պետք չեն միջազգային առաջնությունները: Ես էլ պնդում եմ հակառակը, որ եթե չկան միջազգային մևցաշարեր, երեխաները չեն սիրի այդ մարզաձևը, չեն մարզվի: Բարձրակարգ մարզիկների խաղերին հետևելու հնարավորություն պետք է ստանան երեխաները: Հետաքրքրություն է հարկավոր մտցնել: Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ պետք է ժամանեն: Երեխաները կարող են ոգևորվել իրենց կումիրների խաղով: Կառավարությունն էլ պետք է հասկանա և մեզ աջակցի:
Մենք ունենք փորձ, հմտացել ենք այդ գործում մջազգային ֆեդերացիան էլ խրախուսում է և հորդորում, որ ավելի լուրջ առաջնություններ անցկացնենք: Մենք ավելի որակով ու կազմակերպված ենք անցկացնում մրցաշարերը, քանի որ այդ ամենը մեզ համար տոն է. միշտ չէ, որ կարող ենք ականատես լինել բարձրակարգ դասական վոլեյբոլի: Մենք պետք է ամեն ինչ անենք մարզաձևը զարգացնելու ողղությամբ: Որպես վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար` ոչնչից կանգ չեմ առնում, միշտ գնում եմ առաջ` գումար հայթայթելով, պարտքեր կուտակելով, բայց միջազգային մրցաշարեր կազմակերպելով: Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանն էլ ամեն կերպ աջակցում է մեզ և կանգնած է մեր կողքին:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: