Հայերեն   English   Русский  

​Դեպի անորոշություն, բայց այնուամենայնիվ թռիչք. ազատությունը Գյումրիում


  
դիտումներ: 591

Մեկ ու կես դարյա թատրոնը նոր թատերաշրջանը բացում է 4 նոր ներկայացումով:

Գյումրու դրամատիկական թատրոնը 154-րդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 20-ին ՛՛Թռիչք՛՛ ներկայացման առաջնախաղով: Ներկայացումը բանտից դեպի ազատություն ճանապարհի մասին է. ազատությունը տալիս են թռչուններին, որ թռչեն իրենց վարդակից, ազատ ապրեն:

- Ես երբեք հենց էնպես ներկայացում չեմ բեմադրում, էն ինչ անում եմ պիտի հուզի հանդիսատեսին: Նաև ժամանակի թելադրանքը պետք է լինի ներկայացման մեջ: Շատերը հիշում են կոմունիստական ժամանակները, ասում՝ էն ժամանակ լավ էր, մյուսները հիշում են մեր՛՛երեք հսկաների՛՛ ժամանակահատվածը, ոնց որ էդ ժամանակ էր լավ, որոշ մարդիկ ասում են՝ չէ, հիմա է լավ: Այսինքն, այս տարակուսանքները մարդկանց մեջ կան և ներկայացումները պետք է այս հարցադրումները տան, բայց ես չդիմացա և պատասխանն էլ տվեցի: Որովհետև, այնուամենայնիվ, լավ է ազատությունը:
Այսօր հասարակությունն անընդհատ բաժանվում է շերտերի, մեկը քոչարյանական է, մյուսը ես ինչ իմանամ ինչական է, այսինքն շերտավորումները սկսում են շատանալ: Ես էլ միշտ գիտեի, որ հեղափոխությունից հետո լինում է հակահեղափոխություն: Այս ներկայացման մեջ, այո, կա թռիչք դեպի անորոշություն, բայց այնուամենայնիվ թռիչք, ոչ թե վերադարձ վանդակ: Թվացյալ ազատությունը, թվացյալ անկախությունը վանդակն է: Ազատությունը նորացում է նշանակում, բայց նորանանք ոչ միայն հեղափոխություններով, այլ մեր միտքը պիտի նոր ձևով աշխատի, - ասում է ներկայացման բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը:
Դերասան Սամվել Գրիգորյանը ՛՛Թռիչքը՛՛ բնութագրում է որպես շատ խորը ներկայացում, որն հանդիսատեսին տալու է մտածելու, վերանայելու իր տեսակետները, առաջ նայելու նոր ձեևաչափ.

- Սա սիրո և ազատության մասին է, իսկ արդյո՞ք յուրաքանչյուրս ճիշտ ենք ընկալում այդ ազատությունը: Այն ազատության, որին մենք սովոր չենք եղել և այդ ազատությունը մի տեսակ մարդուն սթրեսի է տանում, բեմում էլ կտեսնեք: Եվ այդ սթրեսը տանում են մինչև ներկայացման ավարտը, ինչպես մենք ենք տանում մինչև կյանքի վերջը:
Սամվել Կասյանի ՛՛Կյանքը վանդակի կողքով՛՛ պիեսը աճեմյանական բեմում կլինի սեպտեմբերի 20-ից, արդեն իսկ մինչև հոկտեմբերի 5-ը, բոլոր ներկայացումների տոմսերը սպառված են: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշում է՝ Գյումրու թատրոնում հանդիսատեսը միայն գյումրեցին չէ, մայրաքաղաքից ու մյուս մարզերից են շատ գալիս, նաև հյուրեր են լինում:

- Վերջին մի քանի տարիներին ես հասկացել եմ մի բան՝ եթե դու լավ բան ես ստեղծում, քաղաքը հետաքրքիր է, կանչում է, յուրաքանչյուր բնագավառում, ոչ միայն թատրոնի, ուրեմն բոլորն էլ գալիս են: Էս քաղաքն ունի համ ու հետ, և շատ մարդիկ գալիս են Գյումրի հոտ ու համը զգալու համար: Թատրոնն իր խնդիրը լուծում է. շատ մարդիկ գալիս են ներկայացում դիտելու:

Թատրոնը տուրիզմի զարգացմանը նպաստող կարևորագույն օղակներից է, բայց Նիկոլայ Ծատուրյանը Գյումրիում այդ զարգացմանը խանգարող մի դրվագ է առանձնացնում, երբ հանդիսատեսը ստիպված է լինում գնալ ներկայացման կեսից:

- Մեզ մոտ, որ գալիս են ներկայացման, տպավորություն կա, որ հանդիսատեսը սկսում է անհանգստանալ, որովհետև 58 թաղամաս պիտի գնա, գիտի որ վերջին ավտոբուսը գնում է 9-ին: Լավ, ամոթ չի՞: Ի վերջո Գյումրին է, հո գյուղ չի, մի քիչ շատ աշխատեք, ուշ ժամերի թող տրանսպորտն աշխատի, որ մարդիկ հանգիստ լինեն: Էլ չեմ ասում, որ Երևան-Գյումրի գնացքը մի հատ առավոտ ծեգին է գալիս, ու իրիկունն էլ ժամը յոթին գնում է: Արդեն պետք է 4-5 գնացք աշխատի, որ մեկն էլ գնա գիշերը 11-ին: Մարդիկ Երևանից գալիս ներկայացումը նայում են և գնացքով կգնան, - ասում է պրոֆեսոր Ծատուրյանը:

Այս տեխնիկական խնդիրները թատրոնից կախված չեն, բայց թատրոնում էլ շատ տեխնիկական խնդիրներ այս թատերաշրջանում լուծում են ստացել: 154-րդ թատերաշրջանը Գյումրու դրամատիկականում կսկսվի ոչ միայն 2 առաջնախաղով և 2 թատերական նոր նախագծով, այլև ամբողջովին նորացված գորգածածկով: Նորոգվել են նաև դահլիճի նստարանները, ինչի արդյունքում պակասել է նստատեղերի թիվը՝ 648-ի փոխարեն այսուհետ կլինի 615 տեղ:

- Կարծում եմ, կորցնելով 33 տեղ, մենք ավելի հարմարավետություն ունեցանք, նաև անվտանգության առումով. այսուհետ թատրոնում տեղերը բաղկացած կլինեն պարտերից և ամֆիթատրոնից: Միայն բեմում լավ ստեղծագործական աշխատանքը քիչ է, նաև հանդիսատեսի հարմարավետության մասին պետք է մտածել, - ասում է Լյուդվիգ Հարությունյանը:
Փոփոխություններ են կատարվել նաև առաջին հարկի ճեմասրահում, լուսային տեխնիկայի մասով՝ նույնպես:
Թատրոնում հույս ունեն մինչև 155-րդ թատերաշրջանը նորացված կլինեն նաև երկրորդ հարկի պատուհանները:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: