Հայերեն   English   Русский  

​Գյումրեցիների նոր նախաձեռնությունը. զինվոր-հասարակություն կապի մասին


  
դիտումներ: 157

Զինվոր-ուսանող կապն անհրաժեշտություն է, այսպիսի եզրահանգման են եկել Երդվյալ ազատամարտիկների միությունը,

՛՛Անմահ կրակներ՛՛ ռազմահայրենասիրական ՀԿ-ն ու ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը: Ուսանողն ու զինվորը կապված են իրար. ուսանողը մեկնում է ծառայության, իսկ զինվորը վերադառնում է որպես ուսանող: Հենց այս երկխոսությունն էլ կյանքի կոչելու համար այս երեք կառույցների պատասխանատուները ծրագիր են նախաձեռնել: Համալսարանի Գյումրու մասնաճյուղում մրցույթ է կազմակերպվելու.

- Որոշեցինք ուսանողները նամակ ուղարկեն զինվորներին, զինվորներն էլ նրանց պատասխանեն: Նամակների հետ ուսանողն ուղարկելու է նաև գիրք, կարծում եմ, զորամասում ժամանակ կլինի, որ զինվորը գրքից օգտվի, - Անկախի հետ զրույցում նշեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը: Զինվորների համար գրված նամակների այս մրցույթը, ըստ կազմակերպիչների, կբարձրացնի ուսանողների ռազմահայրենասիրական ոգին՝ ուսանողների և զինված ուժերում ծառայող զինծառայողների միջև ակտիվ շփման և երկխոսության հարթակ ձևավորելու միջոցով: - Հենց զորամասում էլ պետք է որոշվի լավագույն նամակը, - շարունակում է Կարեն Պետրոսյանը:

Լավագույն նամակի հեղինակների համար բուհն է մրցանակ սահմանել, թե ինչ է, դա էլ դեռ չի բացահայտվում:
Նամակների մրցույթին կարող են մասնակցել բոլոր ուսանողներն ու երիտասարդները, կամ ինչպես Կարեն Պետրոսյանն է նշում, բոլոր նրանք, ովքեր իրենց երիտասարդ են համարում: Նախաձեռնությունը բաց է բոլորի համար, միակ պահանջն է նամակի հետ զինվորին ուղարկել նաև գիրք:
Գրքերն ու նամակները զորամասեր են տանելու ազատամարտիկների միության անդամները, բայց այս մրցույթի միակ նպատակը սա չէ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կտանեն նաև հագուստ, որը նույնպես հավաքվելու է գրքերի ու նամակների հետ:

- Վերջնաժամկետ էինք նշել սեպտեմբերի 20-ը, քանի որ ժամանակը կարճ է, մտածեցինք՝ մի շաբաթ էլ երկարացնենք, - ասում է Կ.Պետրոսյանը:

Նախագիծը վերջնական կամփոփվի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, երբ ուսանողները հնարավորություն կունենան հանդիպել ազատամարտիկներին, լսել նրանցից պատմություններ ու հարցեր տալ: Հենց այդ օրն էլ զինվորների ընտրած լավագույն նամակների հեղնիակները կստանան նվերները, իսկ զորամասերից ստացված նամաների պատասխանները կհանձնվեն հասցեատերերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: