Հայերեն   English   Русский  

Հայաստանում բացվեց շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն


  
դիտումներ: 123

Սեպտեմբերի 18-ին Շիրակացու ճեմարանում պաշտոնապես բացվեց շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնը, որը նախատեսված է սառնարանամատակարարման և օդորակման ոլորտում տեխնիկական և ինժեներական անձնակազմի վերապատրաստման համար:

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի փոխնախարար Սերգեյ Յաստրեբովը և այլ բաձրաստիճան հյուրեր ԱՊՀ երկրներից և Եվրոպայից:

«Սա բացառիկ կենտրոն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, այստեղ կան սարքավորումներ, լուծումներ, որոնք նույնիսկ Ռուսաստանում առկա չեն, և այս ամենը լայն հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հմտանալ իրենց մասնագիտության մեջ»,- ասաց նախարար Էրիկ Գրիգորյանը:

Այսպիսով, կրթության և ճիշտ տեղեկատվական ուղղորդման շնորհիվ տարածաշրջանի երկրներում կխթանվի ցածր սառնագենտների համատարած ընդունումը, սառնարանային և օդորակման սարքավորումների սպասարկման կատարելագործումը և ֆտորացված գազերի արտանետումների նվազեցումը:

«Այսօր, երբ Հայաստանը հրաժարվում է թունավոր արտանետումներից և ջերմոցային գազերից, անցում է կատարում բնական սառնագենտներին, դա պահանջում է լրացուցիչ վերապատրաստում և գիտելիքներ, որի հնարավորությունը ընձեռում է այս կենտրոնը»,- ասաց ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը:

Կենտրոնում կվերապատրաստվեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ:

«Որպես կրթության ջատագով և հետևորդ մեր կրթահամալիրը սիրով համաձայնեց իր հարկի տակ ընդունել և ամեն կերպ աջակցել այս` կարևոր առաքելությամբ և գործունեությամբ միակ կենտրոնին` վստահությամբ, որ մասնագետների շարունակական կրթությունն այսօր այլևս առաջնային ուղղություններից է»,- ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:

Նոր սառնագենտների անվտանգ օգտագործման հմտությունները պետք է հասանելի լինեն սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող բոլոր մասնագետներին՝ դիզայներներից մինչև գործող ինժեներներ, տեղադրման և սպասարկման ոլորտի աշխատակիցներ: Կենտրոնը մասնագետներին հնարավորություն կտա մասնակցելու ցուցադրական ծրագրերին և ուսումնասիրել սառնագենտների օգտագործման տեխնոլոգիաներն ու սկզբունքները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից` Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության ներգրավմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: