Հայերեն   English   Русский  

​Իսրայելը դարձել է մղձավանջային կրկես. Պերեսի թոռան խոսքը ընտրությունների նախօրեին


  
դիտումներ: 176

Գաարեց թերթի սյունակագիր, սցենարիստ և դերասանուհի, Իսրայելի հանգուցյալ նախագահ Շիմոն Պերեսի թոռ Միկա Ալմոնգը ընտրություններից առաջ ելույթ է ունեցել Բեռլինի քաղաքապետարանի սրահում:

Ալմոնգը Գերմանիայի մայրաքաղաքում խոսել է եբրայերեն՝ դիմելով իր հայրենակիցներին:

Նա մասնավորապես ասել է.

«Իսրայելի ներկայիս կառավարությունը մղձավանջային կրկես է, որի գլխին մի մարդ է, որին իզուր չեն «կախարդ» անվանում: Նրա գլխավոր տաղանդը հմայելն է: Եվ ինչ տպավորիչ շոու է. նա քայլում է անդունդի վրայով կապված ճոպանի վրայով, և եթե ընկնի, ստիպված կլինի հատուցել կոռուպցիայի, ռասիզմի, սանդրանքների համար: Բայց այդ մոգը ոչ միայն հավասարակշռություն է պահպանում, այլև հընթացս աճպարարություն է անում: Ամեն ինչ օդ է նետված՝ նրա բոլոր պորտֆելները. վարչապետի, պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, առողջապահության նախարարի, ներգաղթի և աբսորբացման, սփյուռքի նախարարների…

Բայց ուշադրությունը պետք է ուղղվի բեմին, որի կենտրոնում դրված է արկղը, մեջն Իսրայելը՝ գլուխը մի կողմ, ոտքերը՝ մյուս: Մոգը հանում է իր սուրը և հարվածում արկղին. խողխողում է բոլորին՝ աշքենազիներին, միզրախիներին, աշխարհիկներին, հավատացյալներին, տղամարդկանց, կանանց, բաժանիր ու տիրիր: Արաբներ ու հրեաներ, ամեն ինչ մասնատված է կախարդի արյունոտ ձեռքի տակ: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ Իսրայելը՝ այդքան երիտասարդ, այդքան ուժեղ, թույլ է տալիս, որ իրեն բաժան-բաժան անեն, ոչնչացնել այն ամենը, ինչը լավ է իր մեջ: Հանուն նրա, որ մոգը գոյատևի՞:

Որովհետև արդեն տասը տարի մոգը ասում է Իսրայելի, թե դա է նրա կյանքը, թե ուրիշ հնարավորություններ չկան, շուրջը միայն սպառնալիքներ են, և միայն ինքը կարող է հանել նրան թակարդից: «Պետությունը ես եմ»,- հայտարարում է նորելուկ տիրակալը:

Բայց դա ճիշտ չէ, դա այլանդակություն է: Կրկեսը կառուցվել է մեծ վարպետությամբ, հիմնված այն գաղափարի վրա, որ մենք կարող ենք միայն սրով ապրել, և մեզնից շատերը կզոհվեն այդ սրից: Չնայած նրան, որ պատմությունը նորից ու նորից ապացուցել է, որ փոփոխությունները հնարավոր են: Հնարավոր է 40 տարվա խաղաղությունը Եգիպտոսի հետ, 25 տարվա խաղաղությունը Հորդանանի հետ, հնարավոր է եբրայերենը Բեռլինի քաղաքապետարանում:

Մղձավանջային շոուն հնարավոր է միայն խավարի մեջ: Անօգնականությունը, անտարբերությունը և հուսահատությունը, որ զգում են քաղաքացիները, պատահական չեն: Դա խավարն է, որ իջել է երկրի վրա, ոչ հանկարծակի, ոչ միանգամաից, այլ աստիճանաբար լույսը մարում է, օր օրի ավելի ու ավելի աղոտ է դառնում:

Եվ այդ խավարը տրամագծորեն հակառակ է ոչ միայն Շիմոն Պերեսի, այլև Գերցնի, Բեն-Գուրիոնի, Ժաբոտինսկու, Բեգինի տեսլականին, և Իցհաք Ռաբինի, որը խավարի առջև խոնարհվելուց հրաժարվելու համար հատուցեց սեփական կյանքով:

Բայց դեռ կարելի է լույսը վառել: Ապագան թակում է մեր դռները: Սեպտեմբերի 18-ին մենք կարող ենք արթնանալ նոր իրականությունում, որը վերահսկվում է ոչ թե խավարով ու վախով, այլ լույսով ու հույսով: Մեր հույսով: Այն հույսով, որը չի կարելի կորցնել: Ուստի, իմ ընկերներ և ընկերուհիներ, Իսրայելի քաղաքացիներ և քաղաքացուհիներ, գնացեք ինտրությունների: Արեք ձեր ընտրությունը: Ընտրություն արեք: Գնացեք դեպի լույսը»:

Հարկ է նշել, որ տիկին Ալմոգի ելույթը կազմակերպվել է այն միջոցառման շրջանակներում, որը անցկացվում էր Բեռլինում Իսրայելի դեսպանության աջակցությամբ և Գերմանիայի կառավարության փողերով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: