Հայերեն   English   Русский  

«Աշխատանքի նկատմամբ սերը բնութագրիչ է հայ և իրանցի ժողովուրդների համար». Զարուհի Բաթոյանը հանդիպել է Սեյեդ Քազեմ Սաջջադիին


  
դիտումներ: 125

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Թեև Ձեր դիվանագիտական առաքելությունն այստեղ ավարտվում է, վստահ եմ՝ Հայաստանից կվերադառնաք մեր երկրների համագործակցությամբ բավարարված: Ցավում եմ, որ անձամբ պատիվ չեմ ունեցել աշխատելու Ձեզ հետ, բայց տեղեկացված եմ Հայաստան-Իրան ակտիվ գործակցության մասին, ինչի համար ուրախ եւ շնորհակալ եմ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական գործընկերությունը եւ պատրաստ ենք բոլոր մակարդակներում շարունակելու համագործակցությունը»,- այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշել է, որ նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության հուշագիր է պատրաստվում, որի նախնական տարբերակն արդեն շրջանառվում է: Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հուշագիրն ավարտուն տեսքի կբերվի եւ կդառնա համագործակցության լավագույն հիմնասյունը:

«Շատ ուրեխ եմ հանդիպել մի տիկնոջ, ով իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ ստանձնելու այս չափազանց կարեւոր առաքելությունը՝ աշխատելու հասարակության ամենախոցելի խավերի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է 82 մլն քաղաքացիների հետ: Կարող եք պատկերացնել՝ ինչ ահռելի ծավալի աշխատանքի մասին է խոսքը: Մենք նաեւ շատ ծրագրեր ունենք՝ ուղղված զբաղվածության խթանմանը: Համոզված եմ, որ մեր երկու երկրներին գործընկեր կառույցները շատ բան կունենան քննարկելու եւ փորձի փոխանակման իմաստով»,- ասել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ բազմաթիվ զուգահեռներ կարելի է տանել, բայց աշխատանքի հանդեպ ունեցած սերը հատկապես բնութագրում է մեր երկու ժողովուրդներին:

«Աշխատատեղերի ստեղծման՝ Իրանի փորձը, վստահաբար, շատ արժեքավոր կլինի մեզ համար: Ես գիտեմ, որ աշխատանքի խրախուսումը մեր երկու երկրների կառավարությունների հիմնական մոտեցումներից մեկն է, իսկ մեր նախարարության համար զբաղվածությունը դիտարկվում է նաեւ որպես աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհ: Մենք մեր բոլոր ջանքներն ուղղում ենք արժանապատիվ աշխատանքային պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նախարար Բաթոյանը և վստահություն հայտնել, որ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը շուտով ականատեսը կդառնա այն բանի, թե ինչ պտուղներ են տալիս իր առաքելության ընթացքում ցանված սերմերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: