Հայերեն   English   Русский  

Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին


  
դիտումներ: 329

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին,

ովքեր Հայաստան են ժամանել Արդարադատության նախարարության հրավերով դատաիրավական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կարծիք տրամադրելու նպատակով:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ քննարկումներին և արդեն իսկ ներկայացրել է առաջարկություններ:

Պաշտպանը նշել է, որ դատական համակարգում առկա են խնդիրներ կապված կոռուպցիայի, դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանը Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի հետ հանդիպմանն ընդգծել է, որ բոլոր փոփոխությունները պետք է ուղղված լինեն դատարանների կողմից արդար դատաքննության, անձնական աջակցության և այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովմանը, ինչպես նաև լուծումներ տան համակարգային խնդիրներին:

Պաշտպանը նաև ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին դատաիրավական փոփոխություններում և կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև կապող օղակ հանդիսանալ քաղաքացիական հասարակության և պետության արդյունավետ հաղորդակցության ապահովման հարցերում:

Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: