Հայերեն   English   Русский  

​Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքում պայթյուն է որոտացել. նախնական տվյալներով՝ 24 մարդ է զոհվել


  
դիտումներ: 72

Առնվազն 24 մարդ է զոհվել և 31 մարդ վիրավորվել է պայթյունի հետևանքով, որը որոտացել է այսօր Աֆղանստանի Փարվանի նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի ընտրական շտաբի կազմակերպած հավաքի անցկացման վայրից ոչ հեռու:

Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով 1TV հեռուստատեսությանը:

Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել է երկու պայթյունի մասին, որոնք որոտացել են այն վայրի հարևանությամբ, որտեղ քարոզչական միջոցառմանը մասնակցելու համար հավաքվել էր մի քանի հազար մարդ: Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներն այս պահին հաստատում են, որ պայթուցիկ սարքերից մեկն ինքնաշեն ռումբ է եղել, որը տեղադրվել է անվտանգության ծառայության ավտոմեքենայի տակ: Առայժմ որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Պայթյունը որոտացել է այն պահին, երբ Ղանին պետք է սկսեր իր ելույթը: Նա չի տուժել: Նրա շտաբը որոշել է շարունակել հանրահավաքը:

Աֆղանստանի նախագահի ընտրությունները նախատեսված են 2019 թ. սեպտեմբերի 28-ին: Նախկինում նախատեսված են եղել հուլիսի 20-ին, սակայն հետաձգվել են մի քանի անգամ: Ղանին նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից: Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է 5 տարի ժամկետով և երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: