Հայերեն   English   Русский  

Քոչարյանին ազատ արձակած դատավորը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամի դեմ


  
դիտումներ: 171

Դավիթ Գրիգորյանը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի լիազորություններն այժմ կասեցված են դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ: Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ հայցվորը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը:

Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին:

«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Գրիգորյանը նշել է, որ հայցի պատճառը Մելիքջանյանի` օգոստոսի 13-ին «Iravaban.net»-ին տված հարցազրույցն է: Գրիգորյանը նշել է, որ միայն զրպարտությունը հերքելու պահանջ է ներկայացրել:

Հարցազրույցում Մելիքջանյանը մասնավորապես ասել է. «Առանց փաստական հանգամանքներին ծանոթանալու փաստաբանները ստորագրահավաքներ են կազմակերպում, հավաքվում են, պաշտպանում են Դավիթ Գրիգորյանին: Ո՞ւմից են պաշտպանում: Դավիթ Գրիգորյանի գործոնը դնենք մի կողմ. ի՞նչ է նշանակում՝ անձը, դատավորը առանց կողմերին ծանուցելու դատական նիստ է նշանակում ու այդ դատական նիստի օրը, ինքը և իր դատական նիստերի քարտուղարը՝ զբաղված իրենց ընտանեկան հոգսերով կամ, չգիտեմ, որևէ սրճարանում նստած զովացուցիչ ըմպելիք են խմում՝ հետագայում այդ դատական նիստի արձանագրությունը կեղծելով, ստորագրում և մտցնում են դատական գործերի մե՞ջ: Ու դա համարում են նորմա՞լ: Այսինքն պաշտոնական փաստաթղթում դատավորի կողմից պաշտոնական կեղծիք կատարելը կարելի է մեկնաբանել, որ տարածված է դատական համակարգում և դա նորմա՞լ է»,– ասել է նա:

Մելիքջանյանը վստահեցրել է, որ շատ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել այդ որոշման տակ ստորագրելու հանգամանքին:

«Գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, որ եթե դատավորը պաշտոնական փաստաթղթում պետք է պաշտոնական կեղծիք կատարի ու դրա առնչությամբ հիմնավոր կասկածներ առկա լինեն ԲԴԽ-ի մոտ, ապա ԲԴԽ-ն միանշանակ պետք է բավարարի այդ միջնորդությունը»,– ասել է նա։

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը ՀԺ–ի հետ զրույցում ասել է, որ Լիպարիտ Մելիքջանյանը դեռ չի ստացել հայցադիմումը, ստանալուց և ուսումնասիրելուց հետո նոր կպատասխանի հարցերին:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։

ՀՔԾ–ում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը։

Մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում որոշ մանրամասներ էր ներկայացրել դատավոր Գրիգորյանին առաջադրված մեղադրանքից։

Ըստ հաղորդագրության` դատավորը, օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը չխախտելու համար, դատարանի շենքում չլինելով, 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել դատական նիստի՝ իրականությանը չհամապատասխանող արձանագրություն։ Ըստ արձանագրության` 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին իբրև թե դատական նիստն անցկացվել է, բայց դիմումատուն, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները դատական նիստին չեն ներկայացել, և նիստը հետաձգվել է։

Բացի այդ՝ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ Դավիթ Գրիգորյանի կողմից` նիստերի քարտուղարի օժանդակությամբ, կազմվել է մեկ այլ դատական գործով դատական նիստի կեղծ արձանագրություն:

2019թ. հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ անձնական դրդումներով 3 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:

2019թ. հուլիսի 27-ի որոշմամբ ԲԴԽ–ն դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն էր տվել:

Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն էր որակել և հայտնել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում այն` համարելով, որ քրեական հետապնդումը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: