Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովում Արարատ Միրզոյանի ելույթը Սահմանադրական դատարանի մասին,տեսանյութ


  
դիտումներ: 188

Սիրելի հայրենակիցներ,

Հետևելով ՀՀ Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետևյալ մտահոգությունները.

1. ս․թ․ սեպտեմբերի 4-ին ընդունված ՍԴՈ-1476 որոշման մասով՝

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և իր ՍԴՈ-1476 որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձել և/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողը ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը։

Ի հավելումն՝ ՍԴՈ-1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործով համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և ըստ էության արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լիներ, եթե չլիներ այդպիսի շտապողականություն: Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունը և հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։

Ընդ որում՝ այս ճանապարհով (զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից) կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական և քաղաքական կարևորություն ունի Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է ՍԴՈ-1476 որոշման բովանդակությանը, ապա կարելի է վստահաբար նշել, որ առանց որևէ առերևույթ հիմնավորման Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումներից:

2. ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղված ՍԴ դիմումների մասով՝

Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 և ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը:

Սահմանադրական դատարանը մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված ՀՀ Ազգային ժողովին առ այսօր չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը: Ի պատասխան ԱԺ աշխատակազմի կողմից ՍԴ աշխատակազմին ուղղված գրության՝ ստացվել է ֆորմալ գրություն, որ սույն գործերով պատասխանող կողմը ԱԺ աշխատակազմը չէ և դիմումի հայերեն տարբերակը վերջինիս տրամադրվել չի կարող:

3. ՍԴ ինքնավարության և քաղաքական ազդեցության մասով՝

Ավելորդ չեմ համարում նշել, որ 2018թ. ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել։ Մինչդեռ այդ կարգավորումների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018թ. մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ ՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հ. Թովմասյանի մինչև 2035թ նախատեսվող պաշտոնավարումն ըստ էության զրկել են ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից։

Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև ոտնձգություն Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ։

Հարգելի գործընկերներ,

Կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրված խնդիրների և իրավիճակի կապակցությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: