Հայերեն   English   Русский  

Մեծ է հավանականությունը, որ Միքայել Մինասյանը որոշ քրեական գործերով որպես մեղադրյալ կանցնի. Փաշինյան


  
դիտումներ: 128

Սերժ Սարգսյանի 2 եղբայրները անցնում են քրեական գործով, եղբոր երկու որդիները, մյուս եղբոր 2 զավակները անցնում են քրեկան գործով, նրանց մի մասը հետախուզման մեջ է: Քննության արդյունքում այնպիսի նոր փաստեր են ի հայտ գալիս, որ ես սկսում եմ մտածել, որ Սաշիկ Սարգսյանն այդ ընտանիքի ամենաանմեղ մարդն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Միքայել Մինասյանի հայտարարությունները ես կապում եմ նրա հետ, որ նա ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով արդեն քննություն է տարվում ու քննությունը հասել է արդեն իրեն, ու մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես, Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործում ու ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, ու վերջինս էլ կձերբակալվի ու որոշել է նախապես հայտարարել, որ ինքն ու Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալներ են: Ես խորհուրդ եմ տալիս Միքայել Մինասյանին, որ երկար ժամանակ Հայաստանը ներկայացրել է որպես դեսպան, վերադառնալ Հայաստան ու պատասխանել Հատուկ քննչական ծառայության հարցերին»:

Փաշինյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անում են իրավական ճանապարհով:

«Ես ասել եմ, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու, մենք գնալու ենք իրավական ընթացակարգերով: Այսօր չկա Հայաստանում այդպիսի մարդ, որ չի կարող ձերբակալվել իրավական ճանապարհներով, քաղաքական որոշումներով մենք մարդ չենք ձերբակալելու»:

Փաշինյանը նշեց, որ Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել, և հիմա էլ շարունակում է մնալ, չնայած, որ դրանք մի կնոջ անունով են եղել:

«Այդ կնոջ անունը ոչ մեկին ոչինչ չի ասի: Նրան փախցրել են Հայաստանից: Մենք կարող էինք գնալ ու նրան բերել, ասել, որ իր ողջ սեփականությունը փոխանցի պետությանը, բայց մենք ոչ թե գնացել ենք արդարության ճանապարհով, այլ իրավական ճանապարհով»:

Վարչապետը նաև ասաց, որ այնպիսի ստրատեգիական նշանակության օբյեկտ է սեփականաշնորհվել, որ 2 ամիս է դրա հիմքերը փնտրում են Կառավարությունում, բայց չեն կարողանում գտնել:

«Որևէ մեկը կասկածում է, որ Միքայել Մինասյանը պետական լծակների կիարռման և օգտագործման արդյունքում դարձել է միլիարդատեր: Ցավոք մենք մինչև այսօր չենք ունեցել իրավական լծակներ՝ այդ գումարները հետ բերելու համար: Բայց այսուհետ իրավական ճանապարհով կանենք ամեն ինչ»,-հավելեց Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: