Հայերեն   English   Русский  

Հեսա կասեն, որ փոքր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել. Նիկոլ Փաշինյանը խոսեց Ամուլսարի մասին


  
դիտումներ: 92

Էլարդին հատկացված մոտ 400 հազար դոլարը վատնված չէ, քանի որ ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար, ես չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված գումարները վատնված են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է մի բան արձանագրենք, որ առաջին իսկ օրվանից կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում 100 տոկոս թափանցիկ է աշխատում: Մեր նպատակաը ոչ թե հանքի շահագործումն է, կամ չշահագործումը, այլ ողջ ճշմարտության բացահայտումը: Էլարդի հետ սկայպ կոնֆերանսի ընթացքում, երբ ես մասնագետներին հարցրի՝ իրենք երաշխավորում են անվտանգությունը հանքի շահագործման պարագայում, իրենք ասացին, որ երաշխիքներ պետք է տա Լիդին ընկերությունը»:

Փաշինյանը նաև նշեց, որ իրենք չեն կարող վերջնական արգելել հանքի շահագործումը, քանի որ կա ՀՀ վարչական դատարանի որոշումը՝ ճանապարհները բացելու վերաբերյալ:

«Ես հորդորում եմ, որ հասարակությունը մանիպուլյացիաների չդիմի, այդ թվում նաև իմ ընկերների կողմից: Ես ասում եմ ճանապարհները բացեք, քանի որ ՀՀ-ում կա կառավարություն, որը եթե ճանապարհները բացելու անհրաժեշտություն լինի, կասի բացեք, եթե լինի փակելու անհրաժեշտություն, կասի փակեք»:

Խոսելով վերջին շրջանում նաև Թեղուտի շուրջ բարձրացված աղմուկի մասին, վարչապետը նշեց, որ խնդրին ծանոթացել է արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո:

«Թեղուտի ամբարտակի շուրջ երբ աղմուկ բարձրացավ, ես առաջին օրը արձակուրդից գնացել եմ աշխատանքի և կառավարության անդամները մտել են իմ սենյակ ու ասել են, որ Թեղուտի շահագործումը կասեցնելու որոշում պետք է կայացավի, քանի որ քանդվում է ամբարտակը: Մենք դրանից հետո օգտագործողին պարտավորեցրել են անվտանգության չափանիշները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Ես շատ շահագրգռված եմ եղել, որ Թեղուտի հանքը բացվի, քանի որ մենք խոստացել էինք այդ մարդկանց, որ իրենց աշխատատեղերը կվերադարձնենք: Բայց ես Ամուլսարի կամ Թեղուտի դեպքում ուրիշ ոչ մի շահ չունեմ: Երբ թույլատրեցի շահագործումը, դրանից հետո հեսա կասեն, որ փոքր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել»,-հավելեց վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: