Հայերեն   English   Русский  

Ներառականությու՞ն, թե՞ ոսկե վանդակ. ի՞նչ է ենթադրում «Երեխաների քաղաք» նախագիծը


  
դիտումներ: 990

«Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը պատրաստվում է Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքների միջնամասում կառուցել «Երեխաների քաղաք», որտեղ, ըստ կազմակերպության, կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր: Այս ծրագրի կազմակերպիչները նշում են, որ այստեղ ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ միասին, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից:

«Երեխաների քաղաք» նախագիծը ենթադրում է, որ այդ տարածքում լինելու են մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, սպորտային համալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար: Ըստ ՀԿ-ի ներկայացուցիչների՝ այստեղ անգամ հնարավոր կլինի մասնագիտանալ որևէ ոլորտում ու հետագայում հենց «Երեխաների քաղաքում» էլ աշխատանքի անցնել:

Նախագիծը իրականություն է դառնալու ՀՀ Կառավարության, Արարատի մարզպետարանի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքում: Նախատեսվում էր, որ «Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները պետք է մեկնարկեին այս տարվա աշնանը: Օգոստոսի 8-ին Կառավարության նիստում արդեն որոշում էր կայացվել, որ Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հողամասեր պետք է տրամադրեին, որտեղ էլ կառուցվելու էր «Երեխաների քաղաքը»:

Սակայն առաջին հայացքից մարդասիրական թվացող այս նախագիծը լուրջ դժգոհությունների տեղիք տվեց հենց հաշմանդամության խնդիր ունեցող քաղաքացիների մոտ: Կառավարության դիմաց հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել և շարունակում են իրականացնել: Նրանք ասում են, որ այս քաղաքը ոչ միայն հակասում է մի շարք օրենքների ու կոնվենցիաների, այլ նաև պատճառ է դառնալու, որ իրենք մեկուսանան հասարակությունից:

Մարիամը, որ տեղաշարժման խնդիրներ ունի, ասում է, որ միանշանակ դեմ է այս նախաձեռնությանը:

«Ում ես ճանաչում եմ, այդ թվում նաև տարբեր հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ գոհ չեն այս ծրագրից, որովհետև եթե դիտարկում ենք օրենքի տեսանկյունից, այն ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաներին հակասում է, ու բացի այդ մի կողմից ստեղծում են ներառականություն, փորձում են դպրոցները ներառական դարձնել, մյուս կողմից ինչ-որ քաղաք են ստեղծում ու, կոպիտ ասած, մեզ տանում լցնում են այդ քաղաքի մեջ ու ասում են մտեք այդտեղ ու դուրս չգաք»,-ասում է Մարիամը:

Ըստ նրա՝ այն միջոցները, որ օգտագործվելու են քաղաքը կառուցելու համար, կարող են ավելի արդյունավետ օգտագործվել:

«Թող գումարները ծախսեն ոչ թե ինչ-որ քաղաք ստեղծելու ու մեզ բոլորից կտրելու համար, այլ Հանրապետության տարբեր շրջաններում ավելի լավ պայմաններ ստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այնպիսի տպավորություն է, որ մենք որպես քաղաքացիներ խանգարում ենք պետությանը: Իրենք շատ խնդիրնր ունեն լուծելու, մենք էլ հավելյալ պահանջներ ենք դնում իրենց առաջ և դրա համար էլ ուզում են մեզ մաքրել ոտքի տակից»:

Մարիամի կարծիքով այս քաղաքում ապրելու են ոչ թե նրանք, որոնք ուզում են ներառական հասարակությունում ապրել, այլ նրանք, որոնք ուզում են առանց աշխատելու ապրել:

«Կարճ ասած՝ դա ձրիակերների քաղաք է դառնալու»,-հավելում է Մարիամը:

Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից նաև Մարդու իրավունքների պաշտպանն է իր մտահոգությունը հայտնել «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրի վերաբերյալ կառավարության կողմից տրված դրական եզրակացության համար:

Պաշտպանի դիրքորոշմամբ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Ծրագրի իրականացումն այս տարբերակով կնպաստի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների նկատմամբ կարծրատիպերի և խարանի խորացմանը։ Մասնավորապես, պաշտպանն արձանագրել է հետևյալ հիմնարար նկատառումները՝

-Սոցիալական տարբեր խմբերին պատկանող և հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց համայնքներից տեղափոխելը և նրանց համար հատուկ կառուցվող բնակավայրում տեղավորելը հակասում է համայնքում ապրելու հավասար իրավունքին («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա),

-Քաղաքի կառուցումը հակասում է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Երեխայակենտրոն քաղաք» ծրագրի սկզբունքներին: «Երեխայակենտրոն քաղաք» ստեղծելը չի նախատեսում մեկուսացած բնակավայրերի կառուցում,

-Ավելի քան 35 երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր երկրներն էլ կարևորում են համայնքի ողջ բնակչության ներգրավվածությունը երեխայակենտրոն քաղաքների ստեղծման գործում, այլ ոչ թե դրա կառուցումը երեխաներին հասարակությունից մեկուսացնելու կամ առանձնացնելու սկզբունքով,

-Ծրագրով նախատեսված միայն կրթության և ինքնազարգացման սահմանափակ հնարավորությունների պայմաններում ապրող երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ կրթությունը խնդրահարույց է երեխաների ներառականության տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բարձր առաքելությամբ: Պետությունը պետք է աջակցի, պաշտպանի և ապահովի, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն և հավասարապես իրացնեն իրենց իրավունքները, ինչպես նաև ապահովվի հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:

Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել է կառավարություն՝ առաջարկելով լրամշակել: Կառավարությունն էլ պատրաստվում է մի շարք ՀԿ-ների հետ քննարկում իրականացնել՝ ծրագրի վերաբերյալ:

Դժգոհություններից հետո Հայկական Կարիտաս ՀԿ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ իրենց 25-ամյա գործունեության հիմքում դրված է եղել մարդու իրավունքների և երեխայի լավագույն շահի պաշտպանությունը։

«Ծրագիրը ամենևին չի ենթադրում առանձնացված և մեկուսացած բնակավայրի հիմնում։ Այս թյուրըմբռնումը, գուցե, բխում է ծրագրի անվանումից, որը բնորոշվել է որպես «Երեխաների քաղաք» և ունի զուտ սիմվոլիկ նշանակություն։ Պարզաբանում ենք, որ տեղանքը, որը հատկացվելու է ծրագրի իրականացման համար, գտնվում է Արարատի մարզի Տափերական և Շահումյան համայնքների վարչական տարածքների միջնամասում՝ բնակելի տների անմիջական հարևանությամբ, և կառուցապատումից հետո յուրովի կապ կդառնա երկու համայնքների միջև։

Ավելին, կառուցապատումը նախատեսված է իրականացնել՝ որպես Շահումյան համայնքի վարչական տարածքի և հասցեավորման շարունակություն, իսկ մնացած հողատարածքները կմնան Տափերականի տարածքում: Ծրագրի նախնական գաղափարի վերաբերյալ կազմակերպությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների կողմից ստացել է առաջարկություններ՝ ծրագրի ընդհանուր նկարագության լրամշակման համար։

Հիմք ընդունելով առաջարկությունները և մեր հնարավորությունները՝ Հայկական Կարիտասը կներկայացնի ծրագրի ընդհանուր նկարագրության վերամշակված տարբերակը՝ ՀՀ նախարարությունների աշխատակիցների, կրթության և սոցիալական ոլորտների այլ մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկելու նպատակով, ինչի արդյունքում փուլային հաջորդականությամբ կիրականացվի ծրագրի հետագա մշակումը։ Լրամշակված ծրագիրը կներկայացվի ՀՀ Կառավարության հաստատմանը»,-ասված է հայտարարությունում:

Քանի դեռ քննարկումները շարունակվում են, և հնարավոր է քաղաքի նախագիծն էլ ի վերջո իրականություն դառնա, հաշմանդամություն ունեցողները միայն մի բան են ուզում՝ ապրել այնպես, ինչպես ապրում են մյուսները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: