Հայերեն   English   Русский  

Հատուկ կացարաններում բնակվող միայնակ թոշակառուներին գազի, լույսի և ջրի վարձավճարները կփոխհատուցի պետությունը


  
դիտումներ: 73

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց

հավանություն տալ «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից:

Որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ ՀՀ -ում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է մոտ 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու: Նրանք բնակվում է Երեւանում եւ Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում (այլ կերպ անվանվում է նաեւ «Վետերան» օթեւան):

Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, եւ երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաեւ իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում(կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ եւ ապրելու, եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները եւ պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար. վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ օգնում են կամ էլ` մերժում:

Նախարարի խոսքով, նախատեսվում է, որ օրենքը կընդունվի եւ կկիրառվի 2020 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի ընդունման արդյունքում, սոցիալական աջակցություն կցուցաբերվի միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2019թ. մայիսի 30-ի դրությամբ կազմում է 59: Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարն գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496, 000 դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: