Հայերեն   English   Русский  

Մի երկրում, որտեղ վարչապետի եւ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, ձեր ասածը փիլիսոփայական է հնչում. Փաշինյան


  
դիտումներ: 76

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով կառավարության նիստում քննարկվող մի օրինագծի, որով նախատեսվում է իրավապահներին հնարավորություն տալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալ ոչ միայն կասկածյալների եւ մեղադրյալների վերաբերյալ, այլեւ անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց հետ առնչություն ունեցողների, տեղեկացրեց, որ

վերջերս մի դեպքի են հանդիպել, երբ հիմնադրամի տնօրենը գումարները հափշտակության եղանակով փոխանցել էր ամուսնու, մոր, դստեր հաշվեհամարներին, հետո նորից ստացել էր այդ գումարներն իր հաշվեհամարներին:

«Նախաքննությունը խոչընդոտի էր հանդիպել, որ բացի մեղադրյալից, մյուսների հաշվեհամարները չէինք կարողանում ստուգել: Դրա պատճառով նախաքննությունը 6-7 ամիս ձգձգվեց, մինչեւ նոր տվյալներ ձեռք բերեցինք, այդ անձանցից մեկին ներգրավեցինք որպես կասկածյալ, կարողացանք ստանալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքեց. «Էդ լավ ասեցիք, եթե այս օրենքն ընդունենք, այլեւս կոռուպցիոն գործերի հետաձգման լեգիտիմ պատճառ չեք ունենա»:

Օրինագծի հետ կապված մտահոգություններ ուներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով նշեց,. «Սա չի արվում նրա համար, որ իրավապահ մարմինների գործը հեշտանա, գան հարակից տեղեկությունը վերցնեն: Իրավապահները պետք է աշխատեն ըստ սուբյեկտների, ոչ թե մի սուբյեկտով տեղեկատվական բուկետ վերցնեն ու սկսեն սարքել քրեական գործերի շարան»:

Վարչապետն էլ արձագանքեց. «Հիմա դուք ասում եք, որ եթե մենք A-ին գաղտնալսում ենք, պետք է ում նա զանգում է, ավտոմատ նրան չգաղտնալսե՞նք: Ամբողջ իմաստն այն է, որ իմանանք՝ ում է զանգում եւ ինչ է խոսում: Հակառակ դեպքում՝ հո գեղագիտական հաճույքի համար չե՞նք գաղտնալսում»:

Մհեր Գրիգորյանն ասաց. «Եթե մեկն ինձ զանգել է, որով հետաքրքրվում են իրավապահները, ի՞նչ իրավունք ունեն ինձ գաղտնալսեն: Եթե այն անձը, որի հետ ես խոսում եմ, նա նույնպես հետաքրքիր է դառնում իրավապահներին, պետք է գնան դատարաններով իրավունք ստանան նաեւ նրան գաղտնալսելու: Այս բոլոր գործերը կգնա եվրադատարան»:

Վարչապետ Փաշինյանը նկատեց. «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի եւ ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: