Հայերեն   English   Русский  

​Մեծագույն սխալ է Հայաստանի ու ժողովրդի նկատմամբ` Ամուլսարի շահագործման թույլտվությունը. Նազենի Հովհաննիսյան


Նազենի Հովհաննիսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 1105

Քննչական կոմիտեի կողմից հրապարակված՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները դժգոհություն մեծ ալիք են բարձրացրել հասարակության լայն շրջանակներում:

Որոշման հրապարակումից հետո, Ջերմուկում տեղի բնակիչները, ինչպես նաև ՀԲՃ նախաձեռնության անդամները բողոքի երթեր են անցկացնում:

Իսկապես, մենք արդեն կանգնած ենք սարսափելի էկոլոգիական աղետի շեմին: Թեղուտի պոչամբարի փլուզումը, որի մասին նախազգուշացրել են, մոտ ապագայում աղետ է բերելու տարածաշրջանին:

Ներկայիս իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները, այլև էլ ավելի մեծ աղետի առջև է կանգնեցնում Հայաստանին` թույլ տալով Ամուլսարի շահագործումը:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի բան ասեմ էլի:

Քաղաքացին իր ամենօրյա ապրած կյանքով ու արդյունք տվող գործով է քաղաքացի` ինչ մասնագիտության տեր, որ լինի:

Ես մի ամբողջ կյանք ասել եմ այն, ինչ մտածել եմ (Հ1- ի «Առավոտյան ծրագրից»- մինչև Արմենի թվ ում «Մարդկային գործոնը» սոցիալական հաղորդումը, հարցազրույցները ու մնացած բոլոր հարթակները` ընդհուպ սոցկայքերը), բայց գործս առավել է եղել, քան խոսքս:

Է իմաստը որ՞ն է խոսելու, եթե դա մարմին ու նյութ չի դառնալու, եթե չի դառնալու գործողություն, ու օգտակար չի լինելու գոնե մեկին:

Փորձել եմ լինել հնարավորինս կոռեկտ, որպեսզի հանիրավի չմեղադրեմ, հանկարծ չզրպարտեմ, ու չտարածեմ կեղծ օգտատերերի կեղծ ինֆոներ: Բայց ցավում եմ, որ ժամանակին ավելի հակված եմ եղել տեսնելու վատը, խնդիրները, թերացումները, քան արված ու լավ գործը:

...Եղել եմ հիմնականում հասարակական ու սոցիալական տարբեր նախաձեռնությունների կողքին իմ կարեցածի և ունեցածի չափով:

Անհատների հետ եմ աշխատել շատ, հիմնականում անծանոթ մարդկանց համար ու հետ...անշահախնդիր, առանց հետադարձ շնորհակալության կամ գնահատականի սպասումի...

...Ներկայումս էլ շարունակում եմ իմ մասնագիտական գործունեությունը` փորձելով օգուտ տալ Երկրին, զարգացնել ու զարգանալ: «Համի ուժ»- ով մենք վերականգնեցինք ու վերագտանք շատ կորսված բաղադրատոմսեր, սովորույթներ ու մշակութային առանձնահատկություններ,(6 եթերաշրջան) կամրջեցինք կարոտած հայերին սիրով ու պատմությամբ...ծանոթացանք բացառիկ հայերի հետ` հեռավոր գյուղերում գլուխը կախ աշխատող հողագործից մինչև դպրոցի նվիրյալ ուսուցիչ կամ տարիներով հիվանդանոցում ապրող բժիշկ:

Վերջին մոտ երկու տարին գրեթե չեմ խոսում, այնտեղ , որտեղ «խոսում» են բոլորը, երբեմն պետք է լինեն լսող մարդիկ: Ես լսում եմ, 1.5 տարի:

Ինձ ոգևորում էր իմ ընկերների հավատը.... ինձ անասելի տխրեցնում է էդ հավատի սասանումն ու համատարած ագրեսիան, որը կար, կա , ու ցավոք դարձել է ասես մեր գենի հիմնական հատկանիշ:

Ամենատխուր բանը սասանված հավատն է, և այն, որ քննադատությունը, նույնիսկ առողջ, ընկալվում է որպես հարված` հավատին ու վստահությանը:

Կույր հավատը նույն խավարամտությունն է ինձ համար, ինչ գիտական կոչումն առած «գիտնական»- ի գոյությունը, ինչ թլիկ մարդու` բեմական խոսք դասավանդելը, ինչ ֆեյքի` ազատություն գոռալը կամ դիմացինի գործունեության«ապացույցների» պահանջը, երբ ինքն առահասրակ գոյություն էլ չունի, կամ վիրահատած քթով, ծնոտով, վիրահատած կրծքերով ու աչքերին ոսպնյակներով ինչ-որ կնոջ` մի ուրիշի բնական արտաքինի քննադատությունը...

Խոսքի ազատություն ունեցող մարդը պատասխանատվություն է զգում իր արտաբերած ամեն մի խոսքի համար, ես գոնե այդպես եմ դաստիարակվել ու կրթվել:

Պատեհ անպատեհ խոսելը դեռ չի նշանակում որակով ու գործուն քաղաքացի լինել, կամ, մանավանդ սիրել հայրենիքը:

Երկար ներածականիս համար կներեք:

Հիմա բուն ասելիքս:

Ես խորապես շնորհակալ եմ այն բնապահպաններին, որոնք տարիներ առաջ իմ աչքերը բացեցին բնապահպանական շատ հարցերում, ինձ կրթեցին( որովհետև դպրոցներում ու ԲՈւՀ- երում ցավոք այս թեման առհասարակ չկա), ինձ ստիպեցին վերանայել ևս մեկ անգամ Հայաստանի բնության հետ կապված շատ հարցեր ու խորքային ուսումնասիրություններին ծանոթանալ, որքան էլ ցավոտ էին դրանք:

Ես Ամուլսարի հետ կապված հարցին ծանոթացա դեռ մի քանի տարի առաջ, երբ առաջին անգամ լսեցի այն խնդիրները, որ կային( իմ մեղավորությունն է, որ մինչև այդ զբաղված լինելով մասնագիտական գործունեությամբ ու անընդահատ աշխատելով` իրազեկ չէի):

Ես շնորհակալ եմ այդ նույն բնապահպաններին, որոնք այսօր էլ անում են այն, ինչ շատերը ուղղակի չեն հասցնում, չեն ուզում կամ չգիտեն: Մեծագույն սխալ էր նախկին բոլոր կառավարությունների կողմից Հայաստանի ու ժողովրդի նկատմամբ` Ամուլսարի շահագործման թույլտվությունը:

Նույնքան մեծ սխալ է ներկայումս հանքի շահագործման շարունակությունը: Առավել ևս ես ցավում եմ, որ այս կնճռոտ հարցը նորից բաժանում է մարդկանց:

Ամեն դեպքում Ամուլսարն ուղղակի սար չի, ուղղակի հանք չի և ուղղակի «բողոքելու» առիթ չի: Այն մեր` ամենօրյա խմելու ջրի մաքրության ու անմիջական մեր բոլորի առողջության հիմանական պահապանն է: Պահապան բառիս բուն իմաստով:

Հեշտ է ֆեյք( կեղծ) օգտատերերով հարձակում գործել ճշմարտությունը բարձրաձայնող բնապահպանների կամ այլ մարդկանց վրա, հեշտ է թեկուզ իրական պրոֆիլներով մեղադրել նրանց, թե ինչու այս կամ այն հարցի հետ կապված ոչինչ չեն անում, հեշտ էր և հեշտ է առհասարակ մեղադրել:

Բայց ամեն օր ` ԳՈՐԾՈՎ բնությունը պահպանելը շատ դժվար է, ու պարզվում է անշնորհակալ մի գործ:

Ես շնորհակալ եմ այն մարդկանց, լինի Ջերմուկի բնակիչ, որը ժամանակին ինֆորմացված չլինելու պատճառով սխալներ է թույլ տվել, բայց հիմա ռիսկերը հասկանալով փորձում է շտկել վիճակը, մինչև ընդհանրական « բնահպան» կոչվող այն մարդկանց, որոնք բոլորիս փոխարեն ստանձնել են Հայաստանի բնության պաշտպանությունն ու դա անում են ԻՐԱԿԱՆՈՒՄ, ֆիզիկապես իրենց ժամանակն ու կյանքը նվիրելով այդ գործին: Բոլորս ենք սխալական, բայց կաելի է վերանայել աշխարհում գոյություն ունեցող խնդիրներն ու մարտահրավերները, և ՓՈՐՁԵԼ ՇՏԿԵԼ:

Աշխարհում մեծագույն վտանգ է գլոբալ տաքացումը, պլաստիկից աղբի քանակը( Համաշարհային օվկիանոսի աղտոտվածությունը),արհավիրքներին ենք ամեն օր ականատես, ջրհեղեղներին, կատակլիզմներին:

Մեզ թվում է թե ապրում ենք աշխարհից անջատ, առանձին մոլորակի վրա((, բայց էդպես չէ: Մենք շղթայական ԲՈԼՈՐՍ կապված ենք միմյանց հետ, կապված ենք ինչպես մեր լեռները, որոնք անընդհատ փորում ենք, կապված են և հարկատուն, և հարկից խուսափողը, և հանքում աշխատողը ու դրանից հիվանդացողը, և այդ հանքի վատ ազդեցության պասիվ կրողն ու էլի հիվանդացողը, և կառավարության անդամը և ընդդիմադիրը, և անգրագետը, և թե խելացին, թե կառավարությունն ու նրա կողմնակիցը և թե նրա հետ անհամաձայն բնապահպանն ու քաղաքացին,և Հայաստանը, և Աշխարհը: Մեք բոլորս ենք կրելու և կրում թե՛ հաջողության, ճիշտ ու մտածված քայլերի լավ արդյունքը, թե այն սխալների անդառնալի հետևանքները, որոնք կարող են լինել` անկախ այդ սխալի վաղեմության ժամկետից: Կներեք երկար ու էմոցիոնալ խոսքի համար: Լավ մնացեք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: