Հայերեն   English   Русский  

​Զինծառայողի դին հայտնաբերելու դեպքով քրեական գործ չի հարուցվի


  
դիտումներ: 256

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերված ռուս զինծառայողի մահվան փաստով քրեական գործ չի հարուցվի, այս մասին Անկախին փոխանցեց Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնություն հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը փոխանցեց՝ դիակի վրա քերծվածքներ են եղել, իսկ մարզի դատախազը ավելացնում է՝ քերծվածքները քթի, ձեռքերի շրջանում է, դրանք զինծառայողը ստացել է ոչ թե դեպքի պահին, այլ օրեր առաջ.

- Տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձը վնասվածքները ստացել է դեպքից մոտ 3 օր առաջ՝ մոտոցիկլով ինքնավթարի ենթարկվելու պատճառով: Դեպքը դարձյալ տեղի է ունեցել Գյումրի քաղաքում: Մենք նաև հայտնաբերել ենք մոտոցիկլը, զննել ենք, կան վնասվածքներ: Տվյալներ կային, որ այդ դեպքի ականատես անձինք կան, արդեն պարզ է նրանց ինքնությունը, միջոցառումներ են ձեռնարկվում նրանց քննչական բաժին հրավիրելու և բացատրություն վերցնելու համար:

Նաիրա Հարությունյանը փոխանցեց՝ ահազանգը ոստիկանությունում ստացվել է շտապ օգնության կայանից: Ռուս զինծառայողը տանը մենակ չի եղել, Անկախ-ի հետ զրույցում Կարեն Գաբրիելյանը նշում է՝ տղան եղել է համածառայակցի հետ.

- Ծառայակիցը գնացել է խոհանոց՝ թեյ պատրաստելու, այդ ընթացքում ձայն է լսել, եկել տեսել է, որ ընկերը հատակին է ընկած՝ անգիտակից վիճակում: Անմիջապես ահազանգել են շտապ օգնություն, շտապ օգնության աշխատակիցները գալով՝ արձանագրել են նրա մահվան փաստը: Նաև ունենք դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալները՝ փայծաղի վնասում կա, որը նախնական տվյալներով բնորոշ է վթարի ենթարկվելուն:
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, հայտնում է մարզի դատախազը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: