Հայերեն   English   Русский  

«Երևան» ՋՕԸ-ում խախտումներ է արձանագրել. վնասը կազմել է 169 մլն դրամ. ՊՎԾ


  
դիտումներ: 160

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ և թերություններ։

ՊՎԾ-ից հայտնում են, որ վերջիններս եղել են գրեթե նույն բնույթի, ինչ արձանագրվել էր նախկինում ծառայության կողմից՝ «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ», «Արարատ» և «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ: Այսինքն՝ խնդիրները ջրօգտագործող ընկերություններում կրել են համակարգային բնույթ:

Ընդհանուր գումարային արտահայտությամբ «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 169.000.000 դրամ (հարյուր վաթսուն իննը միլիոն դրամ)։

Մասնավորապես ընկերության կողմից ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերվել խորանարդ մետրի հաշվարկներով, սակայն ջրտուքը իրականացվել է հեկտարի հաշվարկով, ջրի կառավարման համակարգ է մուտքագրվել խորքային հորերի եւ պոմպակայանների արտադրաողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներ, ինչպես նաեւ չհիմնավորված դեբիտորական պարտքեր, աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարների գծով նախատեսվածից ավել հաշվարկ է եղել:

Ջրի կորուստի ծավալը 2014-2018 թվականներին ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցել է 2,348.9 հազ. մ³-ով:

Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհի կարգով ստացած միջոցների հաշվին իրականացվել են նաեւ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումներ` չառաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ։

2017 թվականին «Մասիս» եւ «Երեւան» ՋՕԸ միացման ձեւով վերակազմակերպմամբ պայմանավորված հանձնման-ընդունման տեղեկանքում բացակայել են մինչ այդ «Մասիս» ՋՕ ընկերության հաշվեկշռում առկա արժեքով գույքային միավորները:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: