Հայերեն   English   Русский  

Brexit-ը՝ քաղաքական կրքերի, հրաժարականների և անգամ ինքնասպանությունների պատճառ


  
դիտումներ: 1357

Brexit-ը Մեծ Բրիտանիային կարող է ևս մեկ վարչապետ արժենալ։ Հոկտեմբերի 31-ը՝ ԵՄ-ից դուրս գալու վերջնաժամկետը, մոտենում է,

սակայն Միացյալ Թագավորությունը և ԵՄ-ն դեռևս չունեն համաձայնագիր միության կազմից դուրս գալու պայմանների վերաբերյալ։ Եվ, որքան մոտենում է վերջնաժամկետը, այնքան Մեծ Բրիտանիայում կրքերը թեժանում են։

Այսպես, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հինգ շաբաթ հարկադրված արձակուրդում կգտնվի՝ չխանգարելու երկրի վարչապետին Brexit-ի պայմանների շուրջ բանակցություններ վարելուն։ Այստեղ ընդունված է, որ խորհրդարանի նստաշրջանի ավարտից հետո մեկ շաբաթ հանգիստ է տրվում խորհրդարանականներին, որից հետո արդեն օրենսդիրը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությամբ այս անգամ խորհրդարանը չի գործի 5 շաբաթ՝ աշխատանքի վերադառնալով հոկտեմբերի 14-ից հետո։

Խորհրդարանաանները, սակայն, հարկադիր արձակուրդի մեկնելուց առաջ երկրի վարչապետին տհաճ անակնկալ են մատուցել։ Երեք օրվա ընթացքում օրենսդիրները օրենք են ընդունել, ըստ որի մինչև սույն թվականի հոկտեմբերի 19-ը Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր չունենալու դեպքում կառավարությունը պարտավոր է դիմել ԵՄ-ին՝ միության կազմից դուրս գալը մինչև 2020թ․ հունվարի 31-ը հետաձգելու խնդրանքով։ Սա հակասում է Բորիս Ջոնսոնի կարգախոսին, որը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից՝ լինի դա համաձայնագրով, թե առանց համաձայնագրի։

Խորհրդարանականները նաև կառավարությանը պարտավորեցրել են հրապարակել առանց համաձայնագրի Brexit-ի ծրագիրը և հնարավոր հետևանքները։ Ավելին, օրենսդիրները պահանջում են, որ հրապարակվի վարչապետի և նրա աշխատակազմի նամակագրությունը խորհրդարանի արձակուրդի ժամկետների վերաբերյալ։ Նրանք համոզված են, որ հինգշաբաթյա արձակուրդի նպատակն էր չեզոքացնել խորհրդարանին և այդ ընթացքում կյանքի կոչել առանց համաձայնագրի Brexit-ը։

Ինչևէ, թագուհին արդեն իսկ ստորագրել է օրենքը և այն ուժի մեջ է մտել։ Չնայած այս իրողությանը, ԶԼՄ-ներում շարունակ լուրեր են շրջանառվում, որ Բորիս Ջոնսոնի աշխատակազմն այդ օրենքը շրջանցելու ուղիներ է փնտրում։ Օրենքը չեզոքացնելու և առանց համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալուն միտված քայլ էր արտահերթ խորհրդարանական ընտրությունններ անցկացնելու նախաձեռնությունը։ Խորհրդարանը, սակայն, արձակուրդի մեկնելուց առաջ երկու անգամ մերժեց երկրի վարչապետին այս հարցում։

«Այս երկրին պետք չեն նոր ընտրություններ։ Սակայն համայնքների պալատն այլ ելք չի թողել, քան թույլ տալ ժողովրդին, որ իրենք ընտրեն, թե ումն են ուզում տեսնել վարչապետի պաշտոնում։ Եվ ես ներկայացնում եմ այդ առաջարկը խորհրդարանին»,-այսպես է մեկնաբանել Ջոնսոնը արտահերթ ընտրությունների անցկացման իր առաջարկը։

Ջոնսոնն առաջարկում էր հոկտեմբերի 15-ին արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Քանի որ Պահպանողականների վարկանիշը ներկայում բարձր է, հավանական էր, որ նա այդպես խորհրդարանում մեծամասնություն կկազմեր, մինչդեռ ներկայում բացարձակ մեծամասնություն չունեն, և մինչև հոկտեմբերի 31-ը կչեղարկեր առանց համաձայնագրի Brexit-ն արգելող օրինագիծը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն, Մեծ Բրիտանիայում բացառված չեն։ Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը հայտարարել է, որ չի բացառվում, որկողմ կարտահայտվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց միայն այն բանից հետո, երբ վստահ կլինեն, որ Brexit-ն առանց համաձայնագրի տեղի չի ունենա։

Ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր

Բորիս Ջոնսոնը վճռական է տրամադրված հոկտեմբերի 31-ին իր երկիրը ԵՄ կազմից դուրս բերելու հարցում։ Նա համոզված է, որ հոկտեմբերի 17-ին սպասվող բանակցությունները հստակություն կմտցնեն այս հարցում՝ կպարզվի, ի վերջո համաձայնագրով, թե առանց համաձայնագրի են դուրս գալու Եվրամիությունից։ Համենայնդեպս, չնայած նոր օրենքին, Ջոնսոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ պատրաստ չէ ԵՄ-ից զիջումներ կամ հետաձգում աղերսել։ ԵՄ-ում էլ բազմիցս հասկացրել են՝ զիջումների պատրաստ չեն, հնարավոր լավագույն պայմաններն արդեն իսկ առաջարկել են։

Հարց է առաջանում, թե ստեղծված իրավիճակում ինչ զարգացումներ են հնարավոր և ինչպես կարող է հոկտեմբերի 31-ին կայանալ Brexit-ը։

Ահա զարգացումների հնարավոր մի քանի սցենարներ․

Լավագույն հնարավոր տարբերակն է, որ Ջոնսոնն ի վերջո կարողանա ԵՄ-ից զիջումներ կորզել Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցում և երկու կողմի համար ձեռնտու համաձայնագիր կնքել։

Երկրորդ՝ Թերեզա Մեյի համաձայնագիրը, որը խորհրդարանը մերժել է երեք անգամ, նորից ներկայացնել խորհրդարանի քվեարկությանը։ Հնարավոր է, որ ստեղծված փակուղային իրավիճակը մեղմած լինի որոշ պատգամավորների դիրքորոշումը և այս անգամ համաձայնագիրն ընդունվի։

ԵՄ-ին խնդրել երկարաձգել ժամկետը, սակայն ներքին պայմանավորվածություն ձեռք բերել ԵՄ անդամ երկրներից մեկի հետ՝ երկարաձգման համաձայնություն չտալու մասին։ Սա քիչ հնարավոր տարբերակ է, որ ավելի շատ դավադրությունների տեսություններին է համապատասխանում։

Չորրրորդ հնարավոր տարբերակը՝ ԵՄ-ն կարող է Մեծ Բրիտանիային առաջարկել երկարաձգելBrexit-ի վերջնաժամկետը, բայց ոչ թե երեք ամսով, այլ ավելի երկար ժամանակով։ Եթե նման առաջարկ հնչի և ՄԹ խորհրդարանը մերժի, այդ պարագայում մեխանիկորեն հոկտեմբերի 31-ին Brexit-ը կկայանա և առանց համաձայնագրի։

Brexit-ը` պաշտոնանկությունների պատճառ

Հակառակ վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի կոչին՝ պահպանողական մի շարք խորհրդարանականներ կողմ են քվեարկել առանց համաձայնագրի Brexit-ն արգելող օրինագծին։ Արդյունքում Ջոնսոնը 21 խորհրդարանականների է հեռացրել կուսակցությունից։ Վարչապետի այս քայլը դարձել է Աշխատանքի և կենսաթոշակների նախարարի հրաժարականի պատճառը։ Էմբեր Ռադը թողել է և նախարարի պաշտոնը, և դուրս է եկել կուսակցությունից, մինչդեռ նա Պահպանողական կուսակցությունում ազդեցիկ դեմք էր։ Ռադը նաև Թերեզա Մեյի աջ ձեռքն է եղել։ Հրաժարականների շարքը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Համաձայն չլինելով Բորիս Ջոնսոնի վարած քաղաքականության հետ՝ հրաժարական է տվել նրա կրտսեր եղբայրը՝ Ջո Ջոնսոնը, որը զբաղեցնում էր Կրթության և գիտության նախարարի պաշտոնը։ Կրտսեր Ջոնսոնը կարծում է, որ երկրորդ անգամ Brexit-ի վերաբերյալ հանրաքվե պետք է անցկացվի, սակայն այս անգամ քվեաթերթիկներում պետք է ընդգրկվի նաև հարցը, թե արդյոք կողմ են, որ երկիրը մնա ԵՄ կազմում։

Կարծիքներ էին հնչում, որ այս հրաժարականները դոմինոյի էֆեկտ կարող են ունենալ և Ջոնսոնի կառավարությունը կտապալվի։ Սակայն կանխատեսումները դեռևս չեն իրականացել։ Հրաժարականներն այսքանով սահմանափակվել են։

Բայց պարզվում է, որ Brexit-ը ոչ միայն քաղաքական կրքեր է բորբոքում, այլ նաև ինքնասպանությունների պատճառ է դարձել։ Օրերս պարզէ դարձել, որ 76-ամյա մի ֆրանսուհի, որ 50 տարուց ավել Բրիտանիայում է ապրել, ինքնասպանություն է գործել։ Նրա ամուսնու խոսքով՝իր կնոջը շատ էր անհանգստացնում Brexit-ի շուրջ ստեղծված անորոշությունը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից պետք է դուրս գար դեռ մարտի 29-ին։ սակայն, քանի որ ՄԹ խորհրդարանն այդպես էլ չվավերացրեց ԵՄ և ՄԹ միջև կնքված համաձայնագիրը, կառավարությունը ստիպված եղավ դիմել՝ երկարաձգելու Եվրամիությունից դուրս գալու վերջնաժամկետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: