Հայերեն   English   Русский  

​Էլինար Վարդանյան.Վիճակը բարդանում է. անհրաժեշտ են նոր մեխանիզմներ


  
դիտումներ: 129

Մեր երկրում դատաիրավական համակարգը գնալով վերածվում է քաղաքական հարցեր լուծելու գործիքի։

Սա այն միտումն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Սա այն միտումն է, որն ամենավտանգավորն է՝ փոփոխությունների հույսով լցված հարյուր հազարավոր քաղաքացիներին հուսախաբ անելու առումով։

Մենք այսօրվա հանգրվանին հասել ենք փուլերով, և հետադարձ հայացքը շատ կարևոր է՝ գոնե պատկերացնելու համար, թե ուր ենք գնում և ինչ վտանգավոր հանգրվանների կարող ենք հասնել։

2018-ի մայիսից սկիզբ առավ հեռուստատեսային արդարադատությունը։ Մի փուլ, երբ իրավապահ մարմինները մրցակցության մեջ էին, թե ով ավելի աղմկահարույց բացահայտում կանի։ Դրանք մտնում էին մեր յուրաքանչյուրի տուն, սենյակ, ուղեղ, ստեղծում ծանր մթնոլորտ։ Հետո այդ բացահայտումները ճնշող մեծամասնությամբ մոռացվում էին, հիմնականում «ջուր» էին, և դրանց փոխարինելու էին գալիս նորերը։ Զուգահեռ սկսվեց «թեժ գծի» պաշտամունքը, հասարակությանը ներշնչվեց, որ հարևանի, ընկերոջ, ծանոթ-անծանոթի դեմ բողոք գրելը՝ բարձր քաղաքացիական գիտակցություն է։

Հետո եկավ դատարանների վրա բացահայտ ճնշումների փուլը, հետո՝ մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին խրախուսելու փուլը։ Ըստ էության հայտարարվեց, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։

Հետո ՍԴ նախագահի ինքնահռչակման անհաջող փորձն էր, ՍԴ դատավորներին հրաժարականի դրդելու աննախադեպ գործընթացը։

Հիմա, ըստ երևույթին, մտնում ենք օրենսդրական լուծումների փուլ, որն ապագա վտանգավոր քայլեր անելու օրենսդրական հիմքն է նախապատրաստելու։ Խոսքը «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի և այսպես կոչված անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդման մասին է։ Այս փաստաթղթում տեղ գտած՝ «1991-2018 թթ. տեղի ունեցած խախտումներ» ձևակերպումը ինձ խիստ մտահոգում է. իսկ ո՞վ է արձանագրելու, կանխելու, կանխարգելելու, հրապարակայնացնելու 2018-ից հետոյի անօրինականությունները։ Ի՞նչ է, դրանք չկա՞ն, դրանք չե՞ն լինելու։ Պետության և նրա հասարակության կյանքը չի բաժանվում մինչև 2018 և 2018-ից այս կողմ։ Սա ուղիղ դեպի դատաիրավական ամենաթողություն տանող ճանապարհն է։

Այս և այլ մտահոգություններ ստիպում են նոր գործիքներ, ավելի նոր մեխանիզմներ ստեղծել իրավական ամենաթողության դեմ պայքարում։ ՀՔԾ-ով, բանտերով, քրեական գործերով չես կարող անվերջ բոլորին վախեցնել։ Մանավանդ, որ վախեցողները վաղուց վախեցել են ու «բարիշել»։ Բայց այդ ամենի արդյունքում պետությունը կարող է հայտնվել խորը ճգնաժամում։

Այլընտրանքային նախագծեր խումբը և «Իմ Ձայնը» ՀԿ-ն սկսում են նոր նախագիծ, որի նպատակն է լինելու՝ հստակ մոնիտորինգի տակ պահել դատաիրավական ոլորտը: Օգնել հասարակության տարբեր շերտերին՝ պաշտպանել սեփական իրավունքները։ Օգնել երկրին՝ պահպանել անկախ դատաիրավական համակարգը, զսպել դատախազության հակաիրավական դեմարշը։

Ես մնում եմ այն կարծիքին, որ այսօր ամենակարևոր գործերից մեկը անկախ արհմիությունների ստեղծումն է, որ մարդիկ տեղերում պաշտպանեն իրանց իրավունքները և չստացվի, որ հին ֆեոդալներից հայտնվեցին նոր ֆեոդալների տիրապետության տակ։

Առաջիկայում «Իմ ձայնը» նախագիծն ունենալու է իր կայքը՝ myvoice.аm և imdzayn.am, որը գործարկելու է նաև «օնլայն արհմիության» գաղափարը՝ քաղաքացիների և ակտիվ խմբերի հետ համատեղ աշխատանքի մի նոր հարթակ։

Ինչու՞ «Իմ ձայնը»։ Բոլոր բարդ իրավիճակներում, ծավալուն փոփոխությունների ժամանակներում շատ կարևոր է անհատական ձայնի գործոնը։ Դոմինանտ աղմուկին հնարավոր է հակակշռել անհատական ձայնով։ Իհարկե, լռելըհեշտ է, ավելի ապահով։ Բայց լռելը քեզ շատ հաճախ դարձնում է մասնակից՝ կատարվող անօրինականություններին։ Մենք փորձելու ենք կարևորել անհատական կարծիք և ձայն ունեցող քաղաքացուն։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Իմ Ձայնը» ՀԿ

Համատեղ նախագիծ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: