Հայերեն   English   Русский  

Մենք հաջողություն ենք մաղթել պարոն Բաբաջանյանին և նշել ենք, որ ակնկալում ենք՝ նա մանդատը կվերադարձնի. Մարուքյան


  
դիտումներ: 175

Այսօր՝՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց համար սպասելի է եղել, որ Արման Բաբաջանյանի կողմից կլինի որոշակի գործունեության փոփոխություն՝ կապված նրա վերջին շրջանի տարբերվող գործունեության հետ:

«Պարոն Բաբաջանյանը հայտարարել է, որ կորոշի՝ մանդատը վայր է դնում, թե ոչ: Քանի դեռ դա չկա, ես հավելյալ մեկնաբանություն չեմ կարող տալ: Ի պատասախան մենք հաջողություն ենք մաղթել պարոն Բաբաջանյանին և նշել ենք, որ ակնկալում ենք, որ մանդատը կվերադարձվի խմբակցությանը:

Ցանկացած ուժ, որ խորհրդարանական կառավարմամբ երկրներում ընտրություններին մասնակցում է, ձայներ է հավաքում իր ծրագրի, իր գաղափարների, քարոզարշավի արդյունքում: Մեր ծրագիրը իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ, երբ մեկ մանդատը պակասում է, դա մեր ծրագրի գեներացված մադնատն է»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նկատեց, որ Բաբաջանյանն առաջինը չէ, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ դուրս են եկել խմբակցությունից: Նա չբացառեց, որ երբ սկսեն Կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենսգիրքը քննարկել, հանդես կգան առաջարկներով, որ եթե մարդիկ գալիս են կուսակցության խողովակով, եւ եթե լինեն անհամաձայնությունների, այդ քաղաքական խողովակը չվնասվի, այսինքն մանդատները չնվազեն:

«Սպասելի է եղել, որ պետք է լինի որոշակի գործունեության փոփոխություն՝ նրա վերջին շրջանի տարբերվող գործունեության հետ կապված: Այսինքն` ակնկալել ենք, եւ նա իր հայտարարությամբ հանդես է եկել: Մենք նստաշրջան ենք սկսում, եւ ճիշտ կլինի, որ խմբակցությունը ցանկացած հարցում լինի միասնական: Սա քաղաքական խնդիր է, որեւէ կերպ թույլ չեմ տա, որ տեղափոխեն անձնական դաշտ»,-ասաց Մարուքյանը: Նա ընդգծեց, որ ԼՀԿ-ից արտահոսքի պրոցես չկա:

Մարուքյանը նկատեց, որ նորմալ է, որ խմբակցություններում կա բազմակարծություն, սակայն շեշտեց՝ եթե ընդունվում է որոշում, բոլորը դա պետք է կատարեն:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ ցանկանում է լքել խմբակցությունը, սակայն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշում դեռ չի կայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: