Հայերեն   English   Русский  

Արցախի ՏԻՄ ընտրություններում 65,5 տոկոս մասնակցություն է գրանցվել


  
դիտումներ: 90

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ կիրակի օրը ժամը 20:00-ի դրությամբ շուրջ 103 հազար ընտրողներից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցել են 67 հազար 342-ը կամ մոտ 65,5 տոկոսը:

Ընտրությունների արդյունքներն ամփոփվելու են քվեարկության ավարտից հետո ոչ ուշ քան 18 ժամվա ընթացքում:

Մինչ այդ, «Ազատությանը» Արցախի ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը տեղեկացրեց, որ Ստեփանակերտում քաղաքապետի հաղթող թեկնածուն հայտնի է՝ նրա անունը Դավիթ Սարգսյան է, նա անկուսակցական է:

Հիշեցնենք, այս ընտրություններին դիտորդական առաքելությամբ նաև հայաստանյան հասարակական կազմակերպություններն են մասնակցում: «Ազատություն»-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և «Ականատես» դիտորդական նախագծի ներկայացուցիչների հետ, որոնք երեկ ամբողջ օրը Արցախի մոտ 80 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն էին իրականացնում, դիտորդների թիվը 200-ն էր:

Երկու դիտորդական խմբերի ներկայացուցիչները նշեցին, որ լուրջ խախտումներ որպես այդպիսին ամբողջ օրվա ընթացքում չեն գրանցվել, ընդհանուր առմամբ ընտրություններն անցկացվել են խաղաղ պայմաններում, ընդամենը մի քանի տեղամասերում որոշակի խախտումներ, միջադեպեր են գրանցվել, օրինակ՝ վստահված անձանց լիազորությունների չարաշահում, խախտում, որոշ հանձնաժողովների նախագահներ իրենց իրավունքներին չեն տիրապետել, պատշաճ չեն իրականացրել քվեարկության գործընթացը:

Արցախում ՏԻՄ ընտրություններում 228 համայնքում առաջադրվել է 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածու: Ստեփանակերտում քաղաքապետի թեկնածուների թիվը 5-ն է:

ՏԻՄ ընտրություններին հաջորդելու են նախագահական և խորհրդարանական ընտրությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: