Հայերեն   English   Русский  

Նշան Ալավերդյան. «Շաշկիով զբաղվող երեխաներն ուսման մեջ առավել առաջադեմ են»


  
դիտումներ: 1331

Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայում կայացավ շաշկու պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին նաև հայ պատանիները հավաքականի մարզիչ Նշան Ալավերդյանի գլխավորությամբ:

Մեր մարզիկները պատվաբեր ելույթներ ունեցան. 11ամյա Ռաֆայել Օրդյանը, հանդես գալով Մ-20 տարիքային խմբում, դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր, իսկ թիմային պայքարում Հայաստանի հավաքականը տեղ զբաղեցրեց թոփ տասնյակում:

Հայաստանի շաշկու հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցեց առանց պետական ֆինանսավորման՝ սեփական միջոցներով. բոլոր ծախսերը հոգացել էին մարզիկների ծնողները:

Անկախի հետ զրույցում Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի վարպետ Նշան Ալավերդյանը խոսում է մարզիկների ելույթների, առանց պետական աջակցության ֆեդերացիայի կատարած աշխատանքների և, անգամ այդ պայմաններում, գրանցած հաջողությունների մասին:

-Պարոն Ալավերդյան, շնորհավորում ենք. հայ մարզիկները Բուլղարիայում պատվով ներկայացան. Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Ադրբեջանին:

-Շնորհակալ եմ: Աշխարհի առաջնությանը 6 մարզիկով (Ռաֆայել Օրդյան, Խաչատուր Հակոբյան, Անդրե Սանթրոսյան, Ալեքսանդր Սանթրոսյան, Զաքար Ալանյան, Արեգ Ալանյան) մասնակցեցինք: Ամեն բան արել ենք առանց պետական աջակցության, ծնողների միջոցներով: Ցավոք, այսօր Հայաստանում շաշկին գնահատված չէ, կարևորություն չեն տալիս մարզաձևին: Ոչ մի ֆինանասական աջակցություն չենք ստանում՝ մրցելով գերտերությունների հետ: Օրինակ՝ Ռուսաստանում շուրջ կես միլիոն մարդ պաշտոնական տվյալներով զբաղվում է շաշկիով:

11-ամյա Ռաֆայել Օրդյանը, հանդես գալով Մ-20 տարիքային խմբում, դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Ֆինանսական պատճառներով չխաղաց իր տարիքային խմբում, որտեղ, անկասկած,ավելի լուրջ հաջողություն կարող էր գրանցել: Ռաֆայելը լրացրեց նաև ԻԴՖ վարպետի նորման:

Թիմի տղաների ցուցադրած արդյունքները կարելի է բարձր գնահատել. 6 մարզիկից 3-ը լավագույն տասնյակում հայտնվեցին, թիմային պայքարում էլ 9-րդ հորիզոնականը զբաղեցրինք՝ ուժեղագույնների հետ մրցելով:

շաշկի 2019

-Աշխարհով մեկ տարածված այս մարզաձևը Հայաստանում պետական աջակցություն չի ստանում, ո՞րն է պատճառը:

- Նախորդ իշխանությունների օրոք մենք բազմիցս դիմել ենք պետական կառույցներին, նաև Շաշկու միջազգային ֆեդերացիան է նամակ գրել: Մշտապես պատճառաբանում էին, որ մարզաձևն օլիմպիական չէ, չեն կարող ֆինանսավորել չնայած կար ժամանակ, երբ ֆինանսավորում եղել է: Եթե իրենք շնորհում են սպորտի վարպետի կոչումը, ապա պարտավոր են նաև ֆինանսավորել` ըստ կանոնադրության: Տարիներ շարունակ մերժում ենք ստացել:

Նոր ձևավորված իշխանություններին առայժմ չենք դիմել, բայց պատրաստվում ենք. հույս ունենք, որ վերջապես ուշադրության կարժանացնեն մարզաձևը:

-Անգամ առանց ֆինանսավորման ֆեդերացիան շուրջտարի ակտիվ գրաֆիկով աշխատում է՝ մարզաձևը մասսայականացնելու նպատակով. կատարած աշխատանքների մասին կպատմե՞ք:

-Մենք բազմապիսի աշխատանքներ ենք իրականցնում, անգամ գրոսմայստերների մասնակցությամբ միջազգային մրցաշար ենք կազմակերպել. նպատակը մարզաձևի տարածումն է: Ցավոք ոչ ոք անգամ չանդրադարձավ միջոցառմանը: Ընդհանուր առմամբ այժմ 500-ից ավելի մարզիկներ ունենք, որոնք զբաղվում են շաշկիով, 100-ից ավելն ունեն խաղային կարգեր: Շեշտը դրել ենք մանկապատանեկան շաշկու զարգացման վրա: Այս տարի արդեն 20-ից ավել մրցաշարեր ենք կազմակերպել: Մեծահասակները կամ չեն ցանկանում մասնակացել, կամ էլ ուժեղ կազմ չի հավաքվում, քանի որ ֆինանսավորում չկա: Երեխաներն, իհարկե, անշահախնդիր գալիս են: Մարզերում էլ ունենք տաղանդավոր երեխաներ, ուժեղ խաղացողներ, պարզապես նրանց համար դժվար է գալ Երևան, մասնակցել մրցումների առանց ֆինանսավորման:

Անգամ այս պայմաններում մենք կազմակերպում և անցկացնում ենք առաջնություններ ու մրցաշարեր, հասարակական վայրերում շաշկի ենք ցուցադրում: Առանց ֆինանսական միջոցների միջազգային մրցաշարերի են մասնակցում մեր մարզիկները, հաջող ելույթներ են ունենում, մեդալներ են նվաճում: Շուրջ 20-ից ավելի մարզիկ այս տարի մասնակցել է միջազգային մրցաշարի: Ցավալի է, որ այս ամենն անգամ չի լուսաբանվում: Ուշադրությունը կարևոր է, վերջիվերջո, երեխաները մեր երկիրն են ներկայացնում պատվով ու մեդալներ նվաճելով: Աննշան բան է, սակայն պատանի մարզիկները, իրենց անունները լսելով, կոգևորվեն, շատերն էլ կիմանան, որ ամբողջ աշխարհում տարածված ու զարգացած մարզաձևը Հայաստանում ունի ֆեդերացիա:

-Դուք դասավանդում եք նաև «Ուսում» հանրակրթական դպրոցում: Ի՞նչ դրական ազդեցություն է թողնում մարզաձևը երեխաների զարգացման վրա:

- 11 տարի դասավանդում եմ «Ուսում» հանրակրթական դպրոցում: Այն ժամանակ անգամ շախմատը մտած չէր որպես պարտադիր առարկա: Հաշվի առնելով մյուս երկրների վիճակագրությունն ու երեխաների զարգացման վրա թողած դրական ազդեցությունը՝ դպրոցն ուսումնական պլանում մտցրեց նաև շաշկին:

Մարզաձևը ձևավորում է կամային հատկանիշներ, ինքնուրույնություն, պատասխանատվության զգացում, զարգացնում է տրամաբանությունը, դրական է անդրադառնում առաջադիմության վրա: Զարգացնում է տրամաբանական մտածողությունը, հիշողությունը, կենտորնանալու, արագ արձագանքելու, կողմնորոշվելու կարողությունները: Վիճակագրական տվյալներ կան, որ այն երեխաները, որոնք զբաղվում են շաշկիով, ուսման մեջ առավել առաջադեմ են: Դպրոցի փորձն էլ ցույց տվեց, որ բացառապես բոլոր խաղացողները հաջողություններ են գրանցում մաթեմատիա առարկայից:

շաշկի 2019

Կարճ ժամանակում իմ սաները հաջողություններ գրանցեցին՝դառնալով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն: Ի տարբերություն շախմատում ունեցած հաջողությունների, շաշկիում ունեցած ձեռքբերումները նորություն էին մեր երկրի համար: Բազմաթիվ տաղանդավոր երեխաներ ունենք: Ես ինձ համարում եմ մարզաձևի ֆանատ ու նվիրյալ, իմ գործունեության մեջ շահ չեմ հետապնդում, փորձում եմ մշտապես զարգացնել ու տարածել մարզաձևը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Ունեմ բազամթիվ դիպլոմներ, որոնք ստացել եմ մարզաձևը պրոպագանդելու համար: Հայաստանի շաշկու պատմության մեջ առաջին

կոմպոզիտորն եմ, որ խնդիրներ է հորինել, որոնք տպագրվում են արտասահմանյան բազմաթիվ ամսագրերում, 5 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ եմ, որոնցով երեխաները սովորում են:

-Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր են սպասվում:

-Աշնանը կանցկացնենք պատանիների Հայաստանի առաջնությունը: Ցանկություն ունենք ևս մեկ միջազգային մրցաշար անցկացնել: Հուսանք՝ կհաջողվի իրականացնել, առայժմ բանակցությունների փուլում ենք: Ֆեդերացիան առանց բյուջե մեծ նվիրումով աշխատում է: Կառավարության աննշան աջակցության դեպքում ավելի ակտիվ կգործենք և հաջողություններն ու ձեռքբերումներն էլ շատ կլինեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: