Հայերեն   English   Русский  

«168 ժամ». Գաղտնազերծված փաստաթղթի առեղծվածը. Ինչու է կառավարությունը այդ ժամանակ հրաժարվել դրանից


  
դիտումներ: 248

«168 ժամ» թերթը նշում է. «Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր,

թե արձակուրդի ընթացքում գաղտնի մի փաստաթուղթ-զեկույց է ուսումնասիրել, որը, ըստ նրա, կազմվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, եւ հանգել է եզրակացության. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ եւ, ինչ-որ առումով, դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»։

Նաեւ հավելել էր. «Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները: Մենք ըստ էության զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ՝ մինչեւ անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ, եւ այսպես շարունակ: Մեզ ամուր նյարդեր են պետք:

Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին»:

Սակայն նա այդպես էլ չբացահայտեց, թե ինչ գաղտնի փաստաթղթի մասին է խոսքը, սակայն խորհրդավորությունն ապահովված էր. բոլորը փորձում էին հասկանալ՝ ինչ գաղտնի փաստաթուղթ է, ով է կազմել, ինչու է այդքան կարեւորության փաստաթուղթը Փաշինյանը պահում ու միայն արձակուրդի օրերին ծանոթանում, եւ, ի վերջո, ինչո՞ւ չի հրապարակում, որպեսզի հասարակությունը հասկանա՝ ինչի մասին է խոսքը, եթե, իհարկե, իրականում նման բան կա։

Նրա այդ ելույթին հետեւել էր ՀՀԿ արձագանքը: Մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հակադարձել էր. «Ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի՛ր «զեկույցի» անունն ու հեղինակներին»:

Մինչ որոշ գործիչներ հայտարարում էին, որ դա սովորական հնարք էր Փաշինյանի կողմից, եւ ոչ մի փաստաթուղթ էլ իրականում չկա, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օգոստոսի 5-ին գրությամբ դիմեց Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը։

Եվ ահա երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ առավոտյան գնացել է Կառավարություն եւ ծանոթացել Փաշինյանի նշած գաղտնի փաստաթղթին. «Ամբողջությամբ ծանոթացել եմ վարչապետի կողմից մատնանշված հույժ գաղտնի զեկույցին»:

168.am-ը երեկ նրանից հետաքրքրվել է՝ ի վերջո, ի՞նչ փաստաթուղթ է այն, եւ արդյո՞ք չի պատրաստվում հասանելի դարձնել նաեւ հանրությանը։ «Այն հույժ գաղտնի փաստաթուղթ է եւ չի կարող ծանոթացվել հասարակությանը»,- պատասխանել էր Է.Մարուքյանը։

Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ, ըստ ամենայնի, խոսքը մի զեկույցի մասին է, որը պատրաստվել է 2014թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից` որպես Հայաստանի հետ հետագա ֆինանսական գործունեության, այսպես ասած, բովանդակային հիմք։ Այդ զեկույցում փորձագետները, այո՛, գորշ գույներով են նկարագրել իրավիճակը, եւ երբ այդ ժամանակ զեկույցը պատրաստ է եղել եւ ներկայացվել է կառավարություն, այնտեղ մանրամասն քննարկումների արդյունքում պարզվել է, որ զեկույցում գույները խտացված են, եւ այն օբյեկտիվ չէ։

Ե՛վ կառավարությունն է հրաժարվել այն հիմք ընդունել, եւ՛, ինչն ավելի ուշագրավ է, Համաշխարհային բանկը նույնպես այլեւս այդ զեկույցի մասին որեւէ հիշատակություն չի արել։ 2014-ի նշյալ զեկույցը չի ընդունվել՝ որպես Հայաստանի կառավարության հետ աշխատանքի հիմք։ Ահա եւ ամբողջ, խիստ արդիական եւ հետհեղափոխական բառով ասած՝ բոլոլան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob.k     07.09.2019 ays sdahos u qegjavor nikoln betk je havadak nuyn isk yte majun jermaq a asi betk je varjabed nikol asek ayl pogojayin mi hamajik
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: