Հայերեն   English   Русский  

Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում ընթանում է «Հին արհեստների նոր տուն» ծրագիրը


  
դիտումներ: 706

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում իրականացվում է «Հին արհեստների նոր տունը» հայկական ավանդական արհեստների ուսուցման և սկսնակ զբոսավարների դասընթացների ծրագիրը:

Այն բաղկացած է երկու մասից՝ նախատեսված տարիքային երկու խմբերի համար։ Առաջին մասը մեկնարկել է ս. թ. հուլիսի 17-ից և վերաբերում է հայկական ավանդական արհեստների ուսուցմանը: Այն նախատեսված է 18-60 տարիքային խմբի համար, որի ընթացքում ուսուցանվում է բացիկագործություն և ժանեկագործություն:

Բացիկագործության դասընթացի ընթացքում մասնակիցները դեկորատիվ թղթի վրա ասեղնագործում են և պատրաստում թեմատիկ բացիկներ: Հայկական ասեղնագործ ժանյակի դասընթացի ընթացքում մասնակիցները հմտանում են նուրբ, գեղեցիկ անձեռոցիկներ և թաշկինակներ պատրաստելու գործում:

Ծրագրի երկրորդ մասը մեկնարկելու է սեպտեմբերի կեսին և նախատեսված է 13-18 տարեկանների համար, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան Աշտարակի պատմամշակութային հուշարձանների պատմությանը, տարածաշրջանի ավանդույթներին, էքսկուրսավարության հմտություններին, կանցկացվեն անգլերենի պարապմունքներ։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզային մշակութային կյանքի աշխուժացմանը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, ինչպես նաև թանգարանի հանրահռչակմանն ու աշխույժ կրթական միջավայրի հաստատմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: