Հայերեն   English   Русский  

​Ինչպես ընտանիքում առանց կնոջ հնարավոր չէ, այնպես էլ քաղաքականությունում․ Աննա Կոստանյան


  
դիտումներ: 1567

Օրենսդիր գործունեության առանձնահատկությունների և քաղաքականությունում կանանց խնդիրների մասին է «Անկախը» զրուցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի հետ։

-Տիկին Կոստանյան, մասնագիտությամբ լեզվաբան, մանկավարժ եք, երկար ժամանակ աշխատել եք մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի ոլորտում։ Կպատմեք, թե ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք քաղաքականություն մտնել։

-Որպես քաղաքական գործիչ հանդես գալու որոշումս կայացրել եմ դեռ 2012-2013 թվականներին, երբ առաջին քայլերն էի փորձում անել քաղաքականությունում՝ առաջադրվելով Երևանի ավագանու ընտրություններում։ Այնուհետև 2015-ին, երբ հիմնադրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ես էլ միացա թիմին որպես համահիմնադիր։

2017-ի խորհրդարանական ընտրություններն ինձ համար մեծ փորձառություն էին․ ավելի առարկայական սկսեցի պատկերացնել քաղաքականությունը։ Այդ ընտրություններում պարտվեցի, բայց որոշեցի, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում անպայման առաջադրվելու եմ և հաստատ պետք է անցնեմ խորհրդարան։ Անսպասելի եղան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առաջադրվեցի և հաջողությամբ պսակվեց։

Իսկ քաղաքականություն մտնելու պատճառները շատ ավելի խորն արմատներ ունեն։ 1999-ի հոկտեմբերի 27-ին ես դպրոցահասակ երեխա էի ու ուշիուշով հետևում էի այդ ողբերգական իրադարձություններին։ Ինձ մոտ այսպիսի միտք առաջացավ՝ երբ մեծանամ, զբաղվելու եմ քաղաքականությամբ և իմ ներդրումն եմ ունենալու, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն։

Մյուս պատճառը կարող է լինել այն, որ մայրս խորհրդային տարիներին եղել է Կենտրոնական կոմիտեի պատգամավոր։

Չեմ կարող ասել, որ որպես կայացած քաղաքական գործիչ եմ մուտք գործել խորհրդարան, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ։

-Օրենսդիր գործունեությամբ զբաղվելու որոշակի փորձ ունեք արդեն։ Այս ոլորտը որքանո՞վ է Ձերը։

- 2008-ից ի վեր տարբեր ոլորտներում ուժերս եմ փորձել և բոլոր ոլորտներում հաջողություն եմ ունեցել, բայց միշտ այդ մտահոգությունը կար, որ իմ ափսեի մեջ չեմ։ Արդեն 2015-ին, երբ կուսակցությունը հիմնադրվում էր, ես հստակ պատկերացնում էի, որ քաղաքականությունն իմ տեղն է և ես այստեղ անելիք ունեմ։ Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ սկսկվեցին բնականոն աշխատանքները, ես հասկացա, որ իմ տեղում եմ։ Իհարկե, կատարելագործվելու խնդիր միշտ կա և այդ խնդիրն ամեն օր է իմ առջև։

-Իրավաբան չլինելով օրենսդիր գործունեությամբ զբաղվելը բարդ չէ՞։

-Իհարկե բարդ է։ Մեկ բան է օրենքներն ուսումնասիրելը, մեկ այլ բան է, երբ փորձում ես օրենքներին իրավաբանական ձևակերպում տալ, այստեղ իհարկե, իրավաբանների կարիք է զգացվում։ Մեր թիմում ունենք փորձագետներ, իրավաբաններ, տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք օրենսդրական նախաձեռնություններում կփորձեն այդ կարգավորումներն ավելի ճիշտ ձևակերպել։

-Ընդդիմադիր լինելն արդյո՞ք խանգարում է օրենսդրական ակտիվությանը։

-Եղել են պահեր, երբ ունեցել ենք օրենսդրական նախաձեռնություններ խմբակցության կողմից, որոնք խորհրդարանական մեծամասնության կողմից բացասական գնահատականի են արժանացել։ Այո, մենք քիչ ենք խորհրդարանում, և խմբակցություններն էլ են քիչ։ Եթե փորձես մյուս ընդդիմադիր խմբակցության հետ խոսել, համոզել, երկու ընդիմադիր խմբակցությունների ձայների հանրագումարովչես կարող որևէ օրինագիծ շրջանառության մեջ դնել։

Կա խորհրդարանական մեծամասնություն, որի հետ աշխատելու դեպքում էլ միանշանակ չէ, որ իշխանական խմբակցությունը կփորձի ի օգուտ քո նախագծի քվեարկել։

-Արդյո՞ք մտքում որևէ օրենսդրական նախաձեռնություն ունենալով եք խորհրդարան եկել։ Կամ կա՞ արդյոք որևէ նախաձեռնություն, որով առաջիկայում հանդես եք գալու։

-Իրականում այո, պլաններ եղել են կրթական ոլորտի հետ կապված։ Ինքնանպատակ չեմ ընդգրկվել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ Ուսումնառությանս տարիներին ոլորտի բացերն իմ մաշկի վրա զգացել եմ։ Լինելով սոցիալապես անապահով ընտանիքի զավակ և սովորելով վճարովի համակարգում՝ զգացել եմ, որ կային տեղեր, որտեղ կարելի է ուսանողին ընդառաջել, որն այն տարիներին չի արվել։ Մինչև խորհրդարանական ընտրությունները որոշակի օրենսդրական նախաձեռնությունների մտադրություն կար, սակայն արդեն ընտրություններից հետո տեսա, որ գործընկերներս կրթական համակարգում որոշակի բարեփոխումներ անում են։ Իհարկե, շատ են խնդիրները։ Մեր կուսակցության ներսում գործող կրթական հանձնաժողովի հետ պարբերաբար քննարկումներ ենք անում, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է անել։ Այս ոլորտում էլ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք։Բայց այս պահին պատրաստվում ենք շրջանառության մեջ դնել «Կինոյի մասին» օրենքի նախագիծը։

-Գարնանը հայտարարել էիք, որ հեռուստատեսության ոլորտում փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում։ Ձեր նշած օրինագիծը նաև այս ոլորտի՞ն է վերաբերելու։

-Ոչ։ Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում փոփոխությունների անհրաժեշտություն կա և արդեն իսկ որոշակի կազմակերպությունների կողմից նախագծի տեսքով առաջարկ է ներկայացվել մեր հանձնաժոով, ներգրավված եմ այդ ենթահանձնախմբում։ Սեպտեմբերից ավելի ակտիվ կլինեմ։ Իսկ առայժմ համակարգում եմ կինոյի մասով օրենքի նախագիծը։

-Տիկին Կոստանյան, կին գործիչների նկատմամբ ուշադրությունը միշտ ավելի մեծ է։ Ի՞նչ է նշանակում լինել կին ընդդիմադիր պատգամավոր 7-րդ գումարման խորհրդարանում։

-Համաձայն եմ, որ կանայք ավելի շատ են թիրախավորվում։ Նույն պարագայում, երբ տղամարդիկ են քաղաքական առումով սխալ քայլ կամ խոսքի մեջ սխալ ձևակերպում թույլ տալիս, այդքան չեն թիրախավորվում։ Կանայք խոշորացույցի տակ են՝ սկսած իրենց հագուկապից մինչև արտաբերած ամեն հնչյունը։

Այս առումով մեկ դեպք կառանձնացնեմ, երբ փախստականների հետ կապված հիմնահարցն էի բարձրաձայնում ազգային ժողովում, ընդհանրապես կապ չունեցող կոնտեքստով մեդիատիրույթում ենթարկվեցի հայհոյական հարձակումների։ Բայց դա ես վերագրում եմ զուտ քաղաքական անցուդարձին, ոչ թե իմ բարձրացրած հարցին։

Կանայք այդ առումով ավելի մեծ ուշադրության են արժանանում։ Բայց ոչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս, որ, օրինակ՝ ասեն շատ խելացի քաղաքական գործիչ է։ Այս առումով լսելի չենք։Բայց վերջին առնվազն հինգ տարիներին կոտրում ենք այն կարծրատիպերը, որ կինը և քաղաքականությունն անհամատեղելի են։ Եվ ներկա գումարման ազգային ժողովում տոկոսային հարաբերակցությամբ նախորդի համեմատ ավելի շատ են կանայք և գերակտիվ են։ Ժամանակի խնդիր է։ Քաղաքական մշակույթ է փոփոխվում։ Եվ այս համատեքստում նաև կանայք իրենցգործունեությամբ կոտրում են կարծրատիպերը։

-Ինքներդ էլ, բնականաբար, որպես կին պատգամավոր օրինակ եք ծառայում։ Կա՞ արդյոք այդ գիտակցումը։ Եվ ինչպիսի՞ օրինակ եք ձգտում լինել։

-Միանշանակ կա։ Փորձում եմ մշտապես մասնակցել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպվող ծրագրերին։ Ինչքան էլ դժվար է, ինչքան էլ կանայք թիրախավորվում են, ինչքան էլ այդ մտայնությունը կա, որ ընտանիքն ու քաղաքականությունը դժվար համադրելի են, ես ինքս իմ փորձով ձգտում եմ խրախուսել և երիտասարդ սերնդին մոտիվացնել, որ կինը քաղաքականությունում ասելիք ունի։ Ինչպես ընտանիքում առանց կնոջ հնարավոր չէ, այնպես էլ քաղաքականությունում։ Պետությունն էլ մեկ ընտանիք է, և պետության կառավարման մեջկնոջ խոսքը պետք է ինչ-որ առումով նաև որոշիչ լինի, որովհետև կանայք խնդիրներին այլ տեսանկյունից են նայում, այլ կերպ են փորձում լուծումներ գտնել, այն հարցերում, որտեղ տղամարդիկխորությամբ չեն ուսումնասիրում կամ պատկերացումներն այլ կերպ են դրսևորվում, կանայք իրենց ավելի կառուցողական մոտեցմամբ ավելի արդյունավետ են աշխատում։

Կանանց ներկայացվածությունը համայնքային կառավարման օղակներում ցածր է։ Վերջերս մի ՀԿ-ի հետ այդպիսի մարաթոն ենք նախաձեռնել՝ փորձելով գտնել առաջիկայում կայանալիք ընտրությունների համար ավագանու և համայնքապետի կին թեկնածուների, որոնք այդ պոտենցիալն ունեն, պարզապես չեն համարձակվում այդ քայլին դիմել։ Կանայք ակտիվ են, երբ հարցը հասնում է ինքնաառաջադրվելուն, հետ են քաշվում։ Այս առումով մենք որպես օրենսդիրներ անելիքներ ունենք, և այդ աշխատանքները պետք է շարունակական լինեն։ Եթե այսպես շարունակենք , բավականին դրական արդյունք կունենանք արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններում։

-Իսկ լավ պատգամավորի Ձեր բանաձևը ո՞րն է։

-Այդպիսի բանաձև չեմ առանձնացրել ինձ համար, բայց ինձ որպես խորհրդարանի ներկայացուցիչ տեսնում եմ մշտական աշխատանքների մեջ։ Ոչ միայն պետք է ականջալուր լինել հանրության խնդիրներին, դա ամեն օր ու ամեն ժամ է, այլ նաև օրենքների տեսանկյունից պետք է շատ ուսումնասիրել։ Պետության խնդիրներն օրենքներից են գալիս։ Պետք է օրենսդրական դաշտը հանգամանորեն ուսումնասիրենք և մշտադիտարկման տակ պահենք։ Օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալուց հետո, երբ այդ օրենքները կկիրառվեն, հետօրենսդրական բոլոր գործիքները պետք է կիրառել՝ հասկանալու արդյոք այդ օրենքներն ի օգուտ քաղաքացու աշխատեցին, թե ոչ, որտեղ կա թերացում, որ շտկենք։

-Պատգամավոր ընտրվելուց հետո ձեր կյանքում ի՞նչ է փոխվել։

-Միակ բանը, որ թերևս փոխվել է, այն է, որ աշխատանքին հսկայական ժամանակ եմ տրամադրում։ Մեծամասամբ կտրվում ես ընտանիքից, երեխաներից, սա վատ է։ Բայց եթե դրանից շահում է պետությունը, ինչ-որ առումով կարելի է կոմպենսացված համարել։

Առաջադրվելիս ես պատկերացնում էի, թե ինչի եմ գնում և ինչ խնդիրներ կարող են լինել։ Սա այն ճանապարհն է, որ ընտրել եմ ՝ հասկանալով, թե ինչ խոչընդոտներ են լինելու։

-Ներկա խորհրդարանում ի՞նչը կուզենայիք փոխել։

-Ներկա խորհրդարանում երբեմն լինում են տուրբուլենտ պահեր, երբ բոլոր խմբակցությունները, քաղաքական անցուդարձից ելնելով, սկսում են ինչ-որ վիճաբանությունների, քաղաքական փոխհրաձգությունների մեջ ընկնել։ Կուզեի, որ այդ մթնոլորտը չլիներ, որովհետև դա շատ է խանգարում բնականոն աշխատանքին։ Բոլորը տեսականորեն գիտեն, որ այս խորհրդարանը էապես տարբերվում է նախորդներից, բոլորս միահամուռ եկել ենք ինչ-որ բան փոխելու երկրում։ Եթե այդ մտայնությամբ ամեն մեկը շարժվի, այդ դեստրուկտիվ մթնոլորտն էլ կվերանա։

-Նշեցիք, որ պետք է ականջալուր լինել հանրության խնդիրներին ու պահանջներին։ Այդպիսի պահանջներից մեկն էլԱմուլսարն է։ Ինչպե՞ս եք փորձում հանրության տեսակետն առավել լսելի դարձնել։

-Ամուլսարի խնդրի մասին մենք խոսել ենք դեռևս 2017-ին։ Մեր խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնել է, որ դեմ է։ Եթե հանքի շահագործումը վնաս է հասցնելու բնապահպանությանը, միանշանակ, այն չպետք է շահագործվի։

Ինքս, բնության հանդեպ ուշադիր լինելով, դեմ եմ հանքարդյունաբերության կողմից հասցվող վնասներին։ Հայաստանը փոքր երկիր է և եթե հաշվի առնենք հանքերի թիվը, որոնք առկա են, կարելի է ասել, որ մոտ ապագայում կունենանք բնապահպանական աղետալի պատկեր։

Բայց եթե տնտեսական դիտանկյունից նայենք, չենք կարող փակել բոլոր հանքերը։ Խելամիտ որոշում է պետք կայացնել՝ հաշվի առնելով նաև շրջակա միջավայրի և բնությանը հասցվելիք վնասների չափը։

Կուսակցության և խմբակցությաններսում քննարկումներ կային, որ գուցե անհրաժեշտություն կա խորհրդարանական լսումներ անցկացնելու։ Սակայն խորհրդարանական լսումները մեծամասամբ որևէ պրակտիկ լուծում չեն տալու։ Այո, հարթակ կտրամադրվի, կխոսենք, բայց իմ կարծիքով այստեղ գործադիրը պետք է որոշում կայացնի, ոչ թե խորհրդարանը։ Խորհրդարանական լսումներ ցանկացած պահի կարելի է անցկացնել՝ հանրությանը հուսադրելու և ցույց տալու, որ խորհրդարանական մակարդակով խնդիրը բարձրաձայնվել է։ Բայց դա պրակտիկ լուծում չէ։ Լուծումը պետք է տա գործադիրը՝ ելնելով հանրության պահանջից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: