Հայերեն   English   Русский  

​Հայերն Էդողանի և Ալիևի արանքում


  
դիտումներ: 1164

Օրերս Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» օրաթերթը տեղեկացրեց, որ Անկարայում՝ նախագահական պալատում ընդունելության ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության տեղապահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ:

Էրդողանը հետաքրքրվել է, թե ինչպես է ընթանում նոր պատրիարքի ընտրությունների նախապատրաստումը: Մաշալյանը և Շիրինօղլուն հայտնել են, որ սպասում են համապատասխան փաստաթղթին ընտրությունների անցկացման համար: Այդ կապակցությամբ «Ակօսը» ճշտում է, որ Թուրքիայի նախագահի հետաքրքրությունը տվյալ հարցի վերաբերյալ պատահական բնույթ չունի, քանի որ նախօրեին նրա կարգադրությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հաղորդել է, որ «համապատասխան փաստաթուղթը կուղարկվի պատրիարքարան շաբաթվա ընթացքում»: Պետք է ենթադրել, որ դրանում գրված կլինի ընտրությունների օրը, որը մինչ այդ շարունակ հետաձգվում էր: Վարկած կա, որ Անկարան այդ ամբողջ ժամանակն օգտագործում էր, որպեսզի «հեռացնի» պատրիարքի աթոռի անցանկալի հավակնորդներին: Բայց ինչո՞ւ: Չէ՞ որ «հայկական հարցը», որպես այդպիսին, ժամանակակից Թուրքիայում գոյություն չունի: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այսօր բազմամիլիոն Ստամբուլում հայ համայնքն ընդամենը մոտ 100 հազար մարդ է կազմում: Երկրի մյուս տարածաշրջաններում նման վիճակագրություն ըստ էության չկա:

Այսուհանդերձ Էրդողանն անձամբ ներգրավված է Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքության աթոռի համար ծավալված անհաշտ պայքարի մեջ, և ինչպես գրում են ստամբուլյան շատ պարբերականներ, ձգտում է այդ տեղում նստեցնել «իր դրածո Արամ Աթեշյանին»: Ինչո՞ւ: Որոշ հայ փորձագետներ ենթադրություն են անում, որ «Պոլսո պատրիարքը գործիք է թուրքական իշխանությունների ձեռքին որոշ հարցեր լուծելու համար»: Բայց ի՞նչ հարցեր: Վերջերս «Ակօսի» խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտարարեց, որ «Պոլսո պատրիարքի ընտրություններն ավելի շուտ քաղաքական իրադարձություն կդառնան, քան հոգևոր», քանի որ այդ «աթոռը ենթադրում է գործուն մասնակցություն քաղաքականության մեջ»: Իշխանությունները պաշտոնապես պատրիարքին տալիս են «միլլեթ բաշի» կոչումը, ինչը նշանակում է «ժողովրդի կամ ազգի գլխավոր»: Սակայն այդ դեպքում կրկին հարց է ծագում, թե ինչ «հայկական քաղաքականություն» կարող է իրականացնել Թուրքիայում պատրիարքը, երբ նա գրեթե հոտ չունի:

Ավելին, Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքությունը Հայ առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքություն է: Ըստ կանոնի՝ այն ենթարկվում է Գերագույն պատրիարքին և Հայ առաքելական եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոսին: Բայց Անկարան փաստացի հեռացրել է Պոլսո պատրիարքի ընտրություններից կաթողիկոսին, այսինքն՝ Էջմիածինը, որը համարվում է ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության հոգևոր կենտրոնը: Ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում:

Հայտնի թուրք լրագրող Յուսուֆ Քարաջան Yeni Mesaj պարբերականում հրապարակված հոդվածում հարց է տալիս. «Ինչո՞ւ է մահմեդական Թուրքիան մխրճվում ուրիշ պետությունների եկեղեցական վեճերի էպիկենտրոն»: Նա առաջին հերթին նկատի ունի Կիևի և Մոսկվայի կոնֆլիկտը, իսկ այժմ ամեն ինչ տանում է Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքության և Էջմիածնի հնարավոր պառակտման՝ առաջինին, որի արմատները հասնում են Օսմանյան կայսրություն, արևմտյան հայկական սփյուռքի միջավայրում ավելի բարձր կարգավիճակ տալու ջանքերով:

Ընդ որում, նման քաղաքականությունն Էրդողանն աստիճանաբար է իրականացնում, քայլ առ քայլ: Եվ ալիքն արդեն բարձրանում է: Ապրիլի վերջին հանդես գալով Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրադարձությունների առիթով (Հայոց ցեղասպանության- Ս.Տ)՝ Էրդողանը, նախ, «ուղիղ կամուրջ» գցեց դեպի արևմտյան հայկական սփյուռքը՝ հայտարարելով, որ «օսմանյան հայերի սերունդներն ապրում են այսօր լայնատարած տարածքում՝ Եվրոպայից մինչև Ամերիկա և Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կովկաս»: Երկրորդ՝ նա հայերի ջարդն Օսմանյան կայսրությունում անվանեց «անմարդկային»: Երրորդ՝ հստակ երևում է թուրքերի և հայերի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու համար երկխոսություն սկսելու կոչը ոչ թե Հայաստանին, այլ արևմտյան սփյուռքին: Այսինքն՝ Անկարան նպատակաուղղված փազլ է ստեղծում, փորձում է արդյունավետ քայլեր անել՝ օգտագործելով ներկայիս պաշտոնական Երևանի դիրքերի թուլացումը արևմտյան հայկական սփյուռքի շրջանում, մի իրավիճակում, երբ վերջինիս համակրանքն իր կողմը թեքելու հնարավորություն է բացվել:

Ուրիշ հանգամանք էլ կա՝ «հայկական հարցը» Անկարայի և Բաքվի սերտ հարաբերությունների համատեքստում: Թուրքիայի համար դժվար է իր քաղաքական-դիվանագիտական հնարքներն իրականացնել առանց անջատվելու ղարաբաղյան խնդրից, որ հղի է Ադրբեջանի դժգոհությանը բախվելու վտանգով: Առավել ևս, որ Անկարայի մասնակցությունն այդ կոնֆլիկտի գոտում Բաքվի հնարավոր ուժային սցենարին կհանգեցնի «հայկական հարցի» էլ ավելի արդիականացմանը: Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր համատեղ հարվածը Լեռնային Ղարաբաղի հայերին հնարավորություններ կստեղծի Արևմուտքի համար արագացնելու քրդական հարցի լուծումը նրանց պետականության ճանաչման առումով: Ի դեպ, թուրքական փորձագիտական հանրությունն արդեն խոստովանում է, որ «քրդական հարցը երկրում այս կամ այն կերպ պատմականորեն կապված է այն խնդիրների հետ, որոնց անցյալում բախվել են հայ համայնքը և ուղղափառ սիրիացիները, որոնք ապրել են երկրի հարավ-արևմուտքում»:

Այդ ծուղակից դուրս պրծնելու համար Էրդողանը պետք է հանի Ադրբեջանի պարտադրած երկժանին՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները և Լեռնային ղարաբաղի կոնֆլիկտը և դեպքերն ուղղորդի զուգահեռ հունով՝ կարգավորելով հարաբերությունները արևմտյան հայկական սփյուռքի հետ: Ինչ պատճառներ էլ որ ընկած լինեն 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հիմքում, այնուհետև խորհրդային և հետխորհրդային Ադրբեջանում, երկու թուրքական պետությունները ստիպված կլինեն լուծել «հայկական հարցը» տարբեր կերպ, ոչ թե միահամուռ: Այլ սցենարով գործողությունների համար Անկարան և Բաքուն բաց են թողել պատմական պահը: Թուրքիան, ի տարբերություն Ադրբեջանի, սկսել է պաշտոնապես ընդունել հայերի զանգվածային ոչնչացումը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց կտրականապես դեմ է այդ իրադարձությունները Ցեղասպանություն անվանելուն, իսկ հայերին ճանաչում է որպես բնիկ բնակիչներ: Ադրբեջանն ընդհակառակը՝ հայերին համարում է «այլմոլորակայիններ» իր տարածքում, թեպետ, ի տարբերություն Օսմանյան կայսրության, նրան չի հաջողվել հայաթափել Լեռնային Ղարաբաղը:

Եվ մի բան էլ: Անկարան կարող է խաղալ և «ուրիշի դաշտում», փոխել իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում՝ այդ խնդիրը ներկայացնելով որպես «նոր կրեատիվ մոտեցում» Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Դեպքերի նման ընթացքը չի բացառել բաքվեցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, երբ հայտարարել է, որ «հայկական հարցում Թուրքիան ցանկանում է խնդիրները հիվանդ գլխից տեղափոխել առողջ գլուխ», քանի որ «Անկարան ինքն էլ լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հետ, և ահա առաջին պլան հրելով ղարաբաղյան խնդիրը՝ ձգտում է այդպիսով իր խնդիրը գցել Ադրբեջանի վրա»: Այնպես որ հետևենք և սպասենք, թե ինչպես կծավալվի Էրդողանի «հայկական խաղը» և ինչ արձագանք կունենա Բաքվում: Եվ ոչ միայն այնտեղ:

Ստանիսլավ Տարասով

REGNUM գործակալություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: