Հայերեն   English   Русский  

Մեկ օրում հնարավոր չէ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին. ԳԱԱ հայտարարություն


  
դիտումներ: 724

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

«Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության եւ լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք՝

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի սեպտեմբերի 3-ին (N 1/02.1/12286), որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ:

Մինչդեռ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հայտարարության համաձայն, նախարարությունը Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք պետք է ներկայացնի սույն թվականի սեպտեմբերի 4-ին: Հայտնում ենք, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ տալ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը եւ խնդիրների լայն շրջանակները:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, ի պատասխան ինստիտուտի տնօրենին ավելի վաղ՝ սույն թվականի օգոստոսի 29-ին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի (2/02.1/20160) նամակի, ուղարկել են Ամուլսարի ծրագրի առանձին խնդիրների վերաբերյալ իրենց գիտական ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ առանձին կարծիքները, եզրակացությունները:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: