Հայերեն   English   Русский  

Արմեն Գեւորգյանը դատի է տվել «Իմ քայլի» պատգամավորին և փաստաբանին


  
դիտումներ: 96

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի։ Այս մասին հայտնեց Գեւորգյանի ներկայցուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ որոշումից հետո Արուսյակ Ջուլհակյանի եւ Մուշեղ Շուշանյանի կողմից արված հրապարակային հայտարարությունները։

Մասնավորապես օգոստոսի 7–ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարել է, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին։

Իսկ Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով այդ տարիներին քաղաքացիների զանգվածային ունեզրկումներին, կաշառքներ ստանալուն, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելուն, հայտարարել է, որ այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կոորդինացիայի ներքո։

Քաղաքացիական վեճի առարկա դարձած իրադարձությունները վերաբերվում են Արմեն Գեւորգյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածին։ Ըստ փաստաբանի՝ պատգամավորի և փաստաբանի կողմից արված արտահայտությունները վիրավորանք և զրպարտություն են պարունակում, ինչպես նաև խախտում են իր վստահորդի անմեղության կանխավարկածը։

Այսպիսով հայցվոր կողմը պահանջում է դատարանից արձանագրել Արմեն Գեւորգյանի անմեղության կանխավարկածի խախտումը, պարտավորեցնել պատասխանողին՝ հերքել վիրավորանք եւ զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել եւ փոխհատուցում տրամադրել։

Հայցադիմումը դատարանը ստացել է սեպտեմբերի 2–ին, գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: