Հայերեն   English   Русский  

​Թարգմանելով Պուտինի ուղերձը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»


  
դիտումներ: 308

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ չի կարելի համարել անակնկալ։ Դա առաջին նման տեքստը չէ և ունի ենթատեքստ, որը Հայաստանում հասկանում են բոլորը։

Այդ ենթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես, օրինակ՝ համապետական TV-ներով ամբողջ օրը ուղերձը ընթերցելով։ Բայց սա հարցի մի կողմն է՝ ընթացիկ, քաղաքական։ Այս հարցն ունի նաև այլ՝ ավելի խորքային կողմ։

Ուղերձի փաստը և ուղերձի բովանդակությունը համարժեք, բայց նաև տարբեր հասկացություններ են, ընդ որում դրանք երբեմն ունենում են տարբեր թիրախներ և հասցեատերեր։

ՌԴ նախագահի ուղերձի մեջ, անձնական բարեմաղթանքներից հետո գալիս է մի ձևակերպում, որն իրենց կարող են թույլ տալ միայն գերտերությունների ղեկավարները և այն էլ՝ ժամանակի կտրվածքում հստակ ասելիք ձևակերպելու անհրաժեշտության պարագայում. «Դուք նշանակալի ավանդ եք ներդրել .... Անդրկովկասի անվտանգության և կայունության գործում»։

Դժվար թե ՌԴ նախագահը խնդիր էր դրել հիշեցնելու, որ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք անհամեմատ խաղաղ սահմաններ։ Այդ դեպքում հասկանալ, թե ինչ է ասված ուղերձում, արդեն մեր պետության խնդիրն է և գտնվում է քաղաքական նախասիրությունների տիրույթից դուրս։

Խնդրի բանալին, ամենայն հավանականությամբ գտնվում է հետևյալ հարցի մեջ. ի՞նչ մեխանիզմներով էր Քոչարյանը կարողանում մեծ ավանդ ունենալ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության մեջ։ Մեխանիզմներն իրականում երկուսն են. ա/ Ադրբեջանի հետ հավասարակշռության ապահովում՝ ոչ միայն տնտեսական զարգացման ցուցանիշների, այլև՝ զենքի և զինատեսակների տեխնոլոգիական հագեցվածության առումով, և բ/ Ռուսաստանի հետ վստահելի ռազմավարական հարաբերությունների ապահովում։ Ասել է թե՝ այնքան ռազմավարական, որ Ռուսաստանի աջակցությամբ հնարավոր է եղել շատ երկար տարիներ ապահովել անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում։

Ակնհայտ է, որ Հայաստանն իր ծավալներով և ռեսուրսներով այն պետությունը չէ, որից կախված լինի ամբողջ Հարավային Կովկասի կայունությունը, բայց Հայաստանը կարող է գրագետ քաղաքականությամբ, գերտերությունների հետ հավասարակշիռ հարաբերությունների միջոցով հասնել այդ անվտանգությանն ու կայունությանը. մի բան, որը Հայաստանի ստրատեգիական շահերից ամենաառաջնայինն է. այսօր և դեռ շատ երկար տասնամյակներ։

Որևէ կառավարություն՝ ո՛չ այս, ո՛չ հաջորդները չեն լինելու հավիտյան, բայց նրանց թույլ տված որոշ սխալներ կարող են պետության համար ունենալ խիստ երկարատև նշանակություն։

Առողջ պետություններում նման սխալներ թույլ չեն տրվում։ Հայաստանում նման սխալի հնարավորությունն ուղղակի պետք է բացառվի։ Մենք շատ հստակ պետք է հասկանանք, որ «Անդրկովկասում անվտանգության և կայունության» խախտումը մեզ համար նշանակում է ահռելի կորուստներ։ Հայաստանը պետք է հասկանա նաև, որ մենք կարող ենք թույլ չտալ այդպիսի սցենար, որ շատ բան կախված է մեզնից՝ ի հակադրություն այն լեգենդի, թե մեզնից բան կախված չէ։ Հայաստանը կարող է տարբեր հարթություններում՝ ռազմական, դիվանագիտական, դաշնակցային գրագետ քաղաքականության շնորհիվ ապահովել Հարավային Կովկասի անվտանգությունն ու կայունությունը, ինչը թարգմանաբար նշանակում է խաղաղ Հայաստան, խաղաղ Արցախ և կայուն զարգացում։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: