Հայերեն   English   Русский  

Սպառազինության մրցավազքին՝ մասնագիտական պատրաստություն. Դավիթ Տոնոյանի ուղերձը


  
դիտումներ: 201

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Գիտելիքի օրվա առթիվ ուղերձ է հղել: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՜ զինվորներ, սպաներ, ռազմաուսումնական հաստատությունների դասախոսներ, կուրսանտներ

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, տոն, որը խորհրդանշում է մարդկության մշտական ձգտումը դեպի ուսումը, դեպի նորի բացահայտումն ու ճանաչումը:

Երկիրն ու ազատությունը պաշտպանում են հայրենասիրության, արիության ու գիտելիքների միահյուսմամբ: Գաղտնիք չեմ լինի բացահայտած, եթե ասեմ, որ աճող սերնդի կրթության կազմակերպումն ու հայրենասիրական դաստիարակությունը որչափ բարդ, նույնքան պատասխանատու գործ են: Սա մեծապես վերաբերում է նաեւ ռազմական կրթությանը, քանզի դրանով է պայմանավորված մեր բանակի վաղվա օրը, եւ այս ասպարեզում առկա թերացումները մենք ընկալում ենք որպես ուղղակի սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Միանալով այս օրերին ամենուր հնչող շնորհավորանքներին՝ մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի բացահայտումների, ստեղծագործական մտքի ու ուսումնական նոր բարձունքների նվաճման տարի: Քանակին որակ, սպառազինության մրցավազքին մասնագիտական պատրաստություն եւ խելացի գործողություններ հակադրելու համար պիտի բանակային մեր ամբողջ գործունեության հիմքում դնենք գիտելիքը ու ամեն օր զբաղվենք ինքնակրթությամբ՝ որպես նշանաբան ունենալով մեր ընտրած «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...» սկզբունքը:

Եվ ամեն անգամ, երբ կարողանանք մի նոր քար ավելացնել մեր մեծ ու միասնական տան` Հայրենիքի նվիրական կառույցին, նրա սահմանների պաշտպանության ամրապնդման գործին բերենք մեր նպաստը, այն կդառնա մեր աշխատանքի եւ նվիրումի իրական գնահատականը: Գիտելիքը զենք է ու նաեւ ստեղծող, արարող ուժ, եւ բոլորիս մաղթում եմ կարողություն, եռանդ ու կամք՝ այն ի սպաս դնելու մեր երկրի պաշտպանությանը, հզորացմանն ու մեր համազգային իղձերի իրականացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: