Հայերեն   English   Русский  

​«Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կրկին հանդես է եկել դիտորդական առաքելությամբ


  
դիտումներ: 50

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հրավերով սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգ երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն են այցելել Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և ԱՀ կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Հագեցած աշխատանքային օրակարգը Արցախի պատվիրակության անդամները նախօրեին սկսել են Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեի ուղեկցությամբ այցելելով մի շարք ընտրական տեղամասեր՝ հետևելու ընտրական գործընթացին:

Այնուհետև Գագիկ Պետրոսյանին և Վահրամ Պողոսյանին Բրանդենբուրգի երկրամասային Խորհրդարանի շենքում ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խմբակցության ղեկավար Անդրեաս Կալբիցը: Վերջինս շնորհակալություն է հայտնել հրավերը չմերժելու և ԳԴՀ այցելելու համար՝ նշելով, որ նման փոխայցելությունները մեծապես կնպաստեն փոխադարձ կապերի ամրապնդմանը: Արցախյան պատվիրակության անդամները, կարևորելով համատեղ աշխատանքային օրակարգի ձևավորումը և կոնկրետ ուղղություններով գործողությունների ծավալումը, ընդգծել են, որ ընտրական պրոցեսները պահանջում են շարունակական զարգացում և այս իմաստով գերմանական փորձից կարող են լավ օրինակներ քաղել:

Աշխատանքային այցի շրջանակում «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակության անդամները Բրանդենբուրգի մայրաքաղաք Պոտսդամի ԱԳՀ կենտրոնում առանձնազրույց են ունեցել ԱԳՀ կուսակցության համահիմնադիր և Բունդեսթագում ԱԳՀ խմբակցության համանախագահ Ալեքսանդր Գաուլանդի հետ: Ողջունելով արցախյան պատվիրակության առաքելությունը՝ գերմանական քաղաքական դաշտի ամենափորձառու գործիչներից համարվող Ա. Գաուլանդը վստահեցրել է, որ, անկախ Արցախի քաղաքական կարգավիճակից, երկու քաղաքական ուժերի միջև համագործակցության մեծ ներուժ է տեսնում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գագիկ Պետրոսյանը և Վահրամ Պողոսյանը նրան են փոխանցել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնները, ապա կուսակցական ակտիվի հետ հետևել ընտրական արդյունքներին:

Ի դեպ, սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգ և Սաքսոնիա երկրամասերում միաժամանակ տեղի ունեցած ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է աննախադեպ բարձր արդյունքներ՝ երկու խորհրդարաններում էլ դառնալով երկրորդ քաղաքական ուժը: Համեմատության համար նշենք, որ, ի տարբերություն գերմանական իշխող քաղաքական ուժերի, որոնք ստացել են ավելի քիչ ձայն, քան նախորդ ընտրություններին, ԱԳՀ-ն երկու երկրամասերում համապասխանաբար ստացել է 24,5 և 27,5 տոկոս քվե: Իսկ նախորդ՝ 2014թ.-ին կայացած ընտրություններին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին ընդամենը 12.2 և 9,7 տոկոս:

Նշենք, որ «Ազատ հայրենիք» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունները հարաբերություններ են հաստատել 2015թ.-ից: Այդ ընթացքում տեղի են ունեցել մի շարք փոխայցելություններ և իրականացվել դիտորդական առաքելություններ: ԱԳՀ-ն ավանդական արժեքների կրող է և ներկայումս համարվում է Գերմանիայի ամենաարագ վարկանիշ հավաքող քաղաքական ուժը, որը, բացի երկրամասային խորհրդարաններից, ներկայացված է նաև Բունդեսթագում և Եվրախորհրդարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: