Հայերեն   English   Русский  

«էն Սուրբ վկա՝ իմ խարսներ հլը իմ հառեջ ջուր չխմած․․․»


  
դիտումներ: 2846

Արծվանիստ գյուղում ենք։

Մեքենան սլանում է գյուղի ծայրամասում գտնվող վաղմիջնադարյան Վանեվան վանական համալիր, որի գխավոր եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, կառուցել է Սմբատ Բագրատունի թագավորի եղբայր, սպարապետ Շապուհ Բագրատունին 903 թվականին։

Հայաստան աշխարհի թաքնված այս զարդը պատմամշակութային մի գեղահրաշ կոթող է, որն արժե տեսնել ու զգալ հատկապես արևամուտին՝ վայելելով եկեղեցու ժայռակերտ թիկունքին փարված արևի կարմիր շղարշը։

Բավական տատ

Բայց այս պատմությունը ոչ թե Վանեվանի մասին է, այլ եկեղեցու կողքին ապրող մի սովորական կնոջ, որին պատահաբար հանդիպեցինք վանք գնալու ճանապարհին։

Իր տան դիմաց նստած, գլխաշորը գլխին, ծաղկավոր խալաթը հագին ու դարն հայացքում ամբարած՝ հետևում էր վանքի անցուդարձին։

Մինչ մենք կհասնեինք վանք, կկայանեինք ավտոմեքենաներն ու կմտնեինք եկեղեցի, ծեր կինը, ձեռնափայտին հենված, հայտնվեց եկեղեցու շրջակայքում՝ ուշադիր զննելով օտար հյուրերին։

Բազմադարյա եկեղեցու ու դար ապրած կնոջ հետ մոտիկից ծանոթանալու գայթակղությունը հավասարաչափ մեծանում էր։ Ի վերջո մոտեցա կնոջը, խնդրեցի, որ չհեռանա, մինչև եկեղեցուց դուրս գանք։

***

93-ամյա Բավական Խաչատրյանը 20 տարուց ավելի գյուղում կթվորուհի է աշխատել։ Դրա հետ մեկտեղ՝ ինը տղա է բերել։ Թոռների, ծոռների ու կոռների հաշիվն արդեն կորցրել է։ Շատ են, ամեն քայլափոխի, ու մինչ քայլելով զրուցում էինք, մոտենում էին, խուզարկող հայացքով նայում, թե տատն ում հետ է ու ինչ է խոսում։

-Էս հող ու ջուր, ի˜նչ կտենաս, հմեն մերն են։ 9 տղա ունեմ, 9 խարս,-հպարտորեն պատմում է ու ամեն անգամ տղաների մասին խոսելիս հարսներին էլ շեշտում՝ այնպես, կարծես նրանք մեկ ամբողջություն լինեն։

- Էնքան եմ աշխատե, սովխոզ, կոլխոզ կով եմ կթե․․․մկա էլ ջոջըցեր եմ․․․ Էս աչքերով ինչ ասես, որ չեմ տեսել, է՛լ գող, է՛լ բոզ․․․ Էէէ˜․․․քելե՛, քելե՛ էթանք տուն, խաց կերեք, նոր գացեք։

-Չէ, շնորհակալ ենք, ուզում եմ մի քիչ զրուցենք, գնանք, արդեն արևը մայր է մտել, ուշ է։ Մի քիչ պատմիր քո մասին։

Բավական տատ

-Ի՞նչ պատմեմ։ 18 տարեկան էի, որ ամուսնացա։ Սիրուն էի, խորոտ էի, խո սե՞նց չէի։ Ինը տղա ունեցա, ինը խարս։ Ախչի՛, էնա Սուրբ (վանքը) վկա՝ իմ խարսներ իմ հառեջ ջուր չխմած։

Այս միտքն ընդգծված հպարտությամբ է ասում, ընդ որում՝ զրույցի ընթացքում մի քանի անգամ կրկնելով։

Երբ նորահարսների մասին է խոսք գնում, նորից առաջին հարսներին է հիշում։

-Էն վախտ իմ խարսներ, էնա Սուրբ վկա՝ իմ հառեջ ջուր չխմած։

-Էս նորերը խմում են, չէ՞, ամոթ, բան չկա,-ծիծաղում եմ։

-Մեռիմ քեզի, էս բարիրկուն, իմ խարսներ լավն են, հմեն էլ լավն են, էս նորերն էլ լավն են։

-Էդ ո՞նց է ստացվել, որ ձերոնք բոլորը լավն են։

Հարցին պատասխանելու փոխարեն Բավական տատը ձեռքը դնում է աչքին, հետո՝ բերանին ու խորհրդավոր ձայնով հարցնում․

-Խասկցա՞ր։

-Հասկացա․․․

Այսինքն, տան եղած-չեղածը, իր աչքով տեսածը դրսում չի պատմում։

-Ամուսինդ որտե՞ղ է։

-Հե՛նա, գերեզմներն է, 8 տարի առաջ է գացե։

-Էն ժամանակ սիրելո՞վ էին ամուսնանում։

-Խա՛,-տոնը լրջացնում է տատը։

-Դո՞ւ էլ ես սիրելով ամուսնացել։

-Խա՛։ Շա˜տ խորոտ էր Աղաբեկը, էտա դուռ չմտեր։

Ու երանությամբ հիշում է թիկնեղ Աղաբեկին։

-Փաստորեն, գյուղի աղջիկների աչքն Աղաբեկի վրա էր, բայց քեզ ուզեց։

-Խա,-ծիծաղում է։

Ակնհայտորեն ասածս դուրը շատ է եկել։

-Իսկ հարսանիք եղա՞վ, քանի՞ օր ու գիշեր նշեցիք։

-8 օր, 8 գիշեր։ Գիշերով ջրեր հելուկ էին, էտա դարի գլխով ընձի բերին։ Էէէ․․․ախչի՛, ջոջըցեր եմ, էլ ի՞նչ։ Յաման իմ տղեքներ․․․ էն Սուրբ վկա՝ իմ խարսներ հլը իմ հառեջ ջուր չխմած։

Բավական տատի գլխով շատ վատ ու լավ օրեր են անցել։ Է՛լ պատերազմներ, սով, ցուրտ ու մութ տարիներ։ Բայց մեկ է, անցյալի մասին մի առանձնահատուկ մեծարանքով է խոսում։

-Էն վախտ լավ էր, հմեն բան էլ լավ էր՝ հարգանք կար, պատիվ կար, մարդկություն կար, ամոթանք, պատիվ պախել կար։ Բա մկավաներ․․․

-Ի՞նչը քեզ դուր չի գալիս նորերի մոտ։

-Մեռիմ քեզի, գուքան ձոր, ես էլ կկանգնիմ, կիշկեմ։ Ը՛հ․․․(ձեռքերով աչքերն է փակում)։ Ի˜նչ ասես, որ չտենամ։ Էլ հարգա՞նք կա, պատի՞վ կա։ Վա˜յ, վա˜յ, վա˜յ, մկավաներ։ Դե արի, խարս բեր։

-Փաստորեն, հարս բերելը դարձել է պրոբլեմ։

-Էն էլ ինչ․․․․լավա, ես տղերքից պրծա, էլ ազաբ թոռ չկա։

-Բայց էն ժամանակ հո բոլորը լավը կամ նամուսո՞վ չէին։ Էն ժամանակ էլ կային «աննամուսներ»։

-Կար, կար, բայց հիմիկվներուն չխասնի։ Հիմա ամոթա՛նք չկա, էլ ջոջ, պստիկ չհիշկեն։

-Բավական տատի, բա էս աշխարհի վերջն ի՞նչ է լինելու։

-Է˜, ի՞նչ իմանամ։ Թող լավ էղի, մեր ժողովուրդ ափսոսա, կարևորը՝ կռիվ չեղի։

-Իսկ հեղափոխությունի՞ց ինչ կասես։ Սերժը գնաց, Նիկոլը եկավ։

-է˜հ, թող անփորձանքի մնան։ Բայց որ էկավ, մեզի՞ ինչ, իրանց կնիկ-ճժու աչք լուս էղի․․․

Բավական տատ

Ծիծաղում ենք ու քաղաքականության էջն այսքանով փակում։

Բավական տատն առավոտյան ժամը 5-ին է արթնանում։ Ճիշտ է, առաջվա թափը չունի, շերեփն էլ վաղուց հանձնել է հարսներին, հարսներն էլ՝ իրենց հարսներին, բայց մեկ է, պարզ երևում է, որ տան մեջ իր խոսքը դեռ ուժ ունի։ Ոտքերի ու ձեռքերի ուժն էլ է տեղը։

-էսքան վախտ ես դեղ չտեսեր եմ։ Էդքան ճիժ եմ բերե, մի անգամ ես չպառկեր եմ, ոչ էլ խիվնդցեր եմ։

Բավական տատը 9 տղա է բերել՝ երազելով աղջկա մասին։ Ու շատ տարիներ անց երազանքն իրականացել է, բայց մի քիչ այլ կերպ։

-Մի օր մի հատ ավտո էկավ, մեր դուռ կայնավ։ Մեկն իջավ ավտոյից, նայեց մեր տանն, ասեց՝ էսի իմ էրազով տեսած տունն ա։ Էկավ, ընձի ասեց՝ ադե՛ ջան, ես էրազ եմ տեսել, դու պտի դսռնաս ընձի մեր, ես քեզի՝ աղջիկ։ Ըտենց էրզով էկավ, էղավ ընձի աղջիկ։

-Ա˜յ քեզ հրաշք․․․լա՛վ, դե քո օրհնանքը հղիր աշխարհին, թողնենք-գնանք։

-Ի՞նչ ասեմ, թող հարստություն էղի, հարգանք, պատիվ, շնորհք։ Թող աշխարհքը խախանդ էղի, մեր երիտասարդները՝ անփորձանք ըլնեն, էն նխշուն տղերքն էլ գնան ծառայության, բարով հետ գան։ Էլ ի՞նչ ասեմ։

-Ամենակարևորն ասեցիր, Բավական տատի, էսքանը որ լինի, մնացածն էլ կլինի։

Արծվանիստից հեռանում ենք՝ հազարամյա եկեղեցու խորանում Աստծուն փնտրած ու գտած, կյանքի փիլիսոփայությունը գյուղացի կնոջ պարզ աչքերում կարդացած, նրա շիտակ խոսքում լսած ու մի տեսակ խաղաղված․․․

-





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: