Հայերեն   English   Русский  

​Ժողովրդավարությունից զատ


Կարեն Ճշմարիտյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 218

Տեսնես ինչի՞ց է, որ ամբողջ աշխարհում քաղաքագիտական միտքը մարդկության գոյության մի ամբողջ դարաշրջան համառորեն դոփում է տեղում:

Մի՞թե ոչ մի նոր` այլ բան այլևս հնարավոր չէ մտածել, հիմնավորել և առաջարկել աշխարհին:

Ինչքա՞ն կարելի է այդ «ժողովրդավարություն» ասածը ծռմռել, թեքել, ճկել, ճյուղավորել, կցմցել ու պատվաստել:
Մի՞թե պարզ չէ, որ 21-րդ դարում, աշխարհի տեխնոլոգիական զարգացման այս խելահեղ արագացման պայմաններում, քիչ թե շատ իրական ( համենայն դեպս` նախկինում աշխարհում ընկալված ) ժողովրդավարությունը այլևս մնացել է խորը անցյալում:

Մի՞թե պարզ չէ, որ` ժողովրդավարության հիմնասյուն հանդիսացող «հանրային կարծիք» ասածը շատ վաղուց, այլևս` զուտ տեղեկատվական ձեռնածությունների ( մանիպուլյացիաների ) արդյունք է` ճշմարտությունից և իրականությունից շեղված ու կտրված, հանրությանը «ալտերնատիվ» իրականություն «փոխադրելու», և այնտեղ պահելու արդյունավետ եղանակ, դրանից բխող հետևանքներով:

Մի՞թե պարզ չէ, որ` մի քանի տասնյակ, կամ` հարյուրավոր միլլիոնների հասնող բնակչություն ունեցող երկրներում ( ավելի փոքրերի մասին նույնիսկ հիշատակելն ավելորդ է ) իրական ժողովրդավարության պայմաններում, անհնարին կլիներ «զտարյուն» ամբոխավարների և նույնիսկ` մասնագիտությամբ ծաղրածուների առաջադրումն ու ընտրությունը:
Մի՞թե պարզ չէ, որ ընտրությունների գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներգրավումը հասարակություններին անվերադարձ հեռացրել է իրական ժողովրդավարության ընձեռած կարևորագույն և որոշիչ հնարավորությունից` արդար ընտրություններով առաջնորդներ ընտրելու իրավունքից:

Հարյուր տարուց ավելի է` սոցիալ-դեմոկրատիա, բայց իրականում` դիկտատուրա և ֆաշիզմ, դեմոկրատական ցենտրալիզմ, բայց իրականում` միակուսակցական տոտալիտար դիկտատուրա, լիբերալ-դեմոկրատիա, բայց իրականում` այլասերվածություն և քաոս, և այլն, և այլն:

Ամբողջ մարդկությունը կարծես «ժողովրդավարություն» կոչվող օղակի մեջ գտնվող սկյուռիկի վիճակում է հայտնվել:

Քաղաքագետներ ջան, մի նոր բան մտածեք...
Դիմեք մարդաբաններին, հոգեբաններին, ֆիզիկոսներին, աստղաբաններին, ի՜նչ ուզում եք արեք, բայց մի նոր բան մտածեք:

Հասարակագիտական բոլոր գիտությունները, մասնավորապես` Իրավագիտությունը, Պատմագիտությունը, ինչ որ մասով, նույնիսկ Տնտեսագիտությունը` այդ ծռմռված ժողովրդավարության «ձեռքը կրակն են ընկել»:
Մի բան արեք...

Մի շատ ընդհանրական դիտարկում, զուտ մասնագիտական տեսանկյունից.
համեմատաբար կայուն դրական տնտեսական ցուցանիշներ և ազգային արժեքների պահպանում կարծես ապահովում են միապետ ունեցող երկրները, բայց` իսկական, ազնվական միապետ ունեցողները, ոչ թե` բռնապետ-միապետ, կամ` դրա պես մի բան: Բռնապետներն էլ են երբեմն կարճատև հաջողություններ գրանցել, եթե եղել են խելացի, ազգապաշտ ու հայրենասեր, չնայած` պատերազմները` մեծամասամբ, ի վերջո տանուլ են տվել:
Անարխայի ու քաոսի պայմաններում հաջողված երկրի օրինակ կարծես չկա:

Մի բան մտածեք, հարգելի քաղաքագետներ, թե չէ` նորից պիտի դիմենք փիլիսոփաներին, իսկ դա լավ տեղ չի տանի` «թաղելու են» ռացիոնալի և իռացիոնալի, մատերիայի ու իդեայի, և մնացած իրար հակասող տեսությունների մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: