Հայերեն   English   Русский  

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին


  
դիտումներ: 115

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Նախարարը դեսպանին իր գոհունակությունն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշել, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար:

Ներկայում Հայաստանում գրեթե ամենուր տարբեր չափերի և վտանգավորության հրդեհներ են, որոնց ԱԻՆ-ը հաջողությամբ կարողանում է դիմագրավել: Նախարարը նշել է, անհրաժեշտության դեպքում, հավատարիմ մնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանը և փոխօգնության պատրաստակամությանը, Հայաստանը օգնության նպատակով կդիմի Իրանին:

Նախարարը գոհունակությամբ հիշատակել է, որ ՀՀ պատվիրակության կազմում Իրան կատարած այցելությունը եղել է երկուստեք շատ արդյունավետ, հատկապես՝ տպավորվել է Իրանի նախագահի խարիզմատիկ կերպարով:

Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ ջերմ զգացմունքներ ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և այսուհետ որտեղ էլ լինի, կաշխատի ուժերի ներածին չափով օգտակար լինել հայ-իրանական բարեկամությանը:

Նա շնորհակալություն է հայտնել նախարարին Իրանին պատուհասած ջրհեղեղի ժամանակ օժանդակության համար և նշել, որ Իրանի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի շարունակելով բարեկամությունը, Հայաստանի հետ հաստատել որակական նոր հարաբերություններ:

Հանդիպման ավարտին նախարարը, հրաժեշտ տալով դեսպանին, հույս է հայտնել, որ ՀՀ-ում Իրանի նոր դեսպանը կշարունակի գոյություն ունեցող բարի ավանդույթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: