Հայերեն   English   Русский  

Զարնի-Պարնի. պատմական արժեքներին և բնության օրենքներին հավատարիմ...


  
դիտումներ: 2120

Օրեր առաջ առաջին անգամ այցելեցի Լոռու մարզի Հաղպատ գյուղից արևմուտք՝ Կայան բերդի դիմաց գտնվող Զարնի-Պարնիի քարայր-ամրոցային համալիր:

Այն այցելուների համար հասանելի է դարձել ընդամենը ամիսներ առաջ: Չդիմանալով հարցազրույց վերցնելու գայթակղությանը՝ մանավանդ որ քարայրի ներսում կար հրաշալի ազգագրական թանգարան, «Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում զրուցեցի համալիրի տնօրեն Արմինե Թադևոսյանի հետ:

Զարնի-Պարնի

-Տիկին Թադևոսյան, մի փոքր անդրադառնանք ամրոցի ստեղծման և մեր օրերում արդեն համալիրի վերականգնման նախապատմությանը՝ ընթերցողին ներկայացնելով, թե ինչպես Ռուբեն Մեսրոբյանի անձնական նախաձեռնությամբ Զարնի- Պարնիի այս միջնադարյան քարայր-ամրոցային համալիրը նոր շունչ ստացավ:

-5-6 տարի առաջ Ռուբեն Մեսրոբյանը, անցնելով այս վայրերով, նկատում է փլուզման եզրին գտնվող ամրոցն ու որոշում իր ուժերով վերականգնել այն: Պատմության կցկտուր ու ոչ հստակ տեղեկություններից, գյուղացիների շրջանում պահպանված բանավոր զրույցներից պարզ է դառնում, որ ամրոցը կառուցել է Զարեհ իշխանը 10-րդ դարում: Զարնին էլ հավանաբար հենց նրա անվան հետ է կապված: Թշնամու հարձակումների ժամանակ այս պաշտպանական ամրոցի ներքևի հատվածում ապրել ու պատսպարվել են Հաղպատ գյուղի բնակչությունը, Հաղպատավանքի հոգևորականները: Քարայրի ներսում ջուր լինելու հանգամանքն օգնել է տևական ժամանակով կազմակերպել մարդկանց կենցաղը հերթական պաշարման ընթացքում՝ չնայած տարածքի փոքրությանը:

Մարդիկ այստեղ անգամ խաղող են աճեցրել և զբաղվել գինեգործությամբ, ինչի մասին վկայում է քարայրի աջ կողմում հայտնաբերված գինու հնձանը, որը մինչ վերականգնողական աշխատանքները թաղված էր մնացել հողի տակ: Մենք որոշեցինք հին ավանդույթը վերականգնել և լանջերին խաղողի այգիներ տնկել հետագայում հենց տեղում գինի ստանալու նպատակով:

Ամրոցի դիտակետից երևում է ձորի դիմացի կողմում գտնվող Կայան բերդը: Ասում են՝ այս երկու պաշտպանական կառույցները կապված են եղել և անգամ պայմանական ազդանշաններով կարողացել են միմյանց հուշել թշնամու հետ կապված որոշակի տվյալներ:

Զարնի-Պարնի

Վերին հուշարձանը՝ Պարնին, ծառայել է որպես թաքստոց: Հարձակումների ժամանակ այդտեղ են պահվել Հաղպատավանքի արժեքավոր մատյաններն ու այլ հարստություններ: Ենթադրաբար այստեղ բարձրացել են պարաններով, ինչն առավել ապահով է դարձրել այն որպես թաքստոց:

Համալիրն ունի նաև երրորդ քարանձավ, որտեղ, ըստ հիշատակությունների, գտնվում է XI-XII դդ մեծ գիտնական և փիլիսոփա Հովհաննես սարկավագ Իմաստասերի խուցը: Այստեղ նա և´ ապրել է, և´ ստեղծագործել: Ինչքան էլ մեծ է մարդկանց հետաքրքրությունը, դեռևս չենք նախատեսում այն դարձնել այցելելի՝ ելնելով պայմանների վտանգավորությունից:

-Որքա՞ն ժամանակ է, որ համալիրն իր այս տեսքով ներկայանում է այցելուներին:

-Մենք բացվել ենք երեք ամիս առաջ նախորդ հինգ տարիների աշխատանքներից հետո: Քանի որ այս վայրերն անանցանելի են՝ շրջապատված ժայռերով, տեխնիկա հնարավոր չէր բերել, ամեն ինչ արվել է ձեռքով: Մի պահ ուղղակի պատկերացրեք՝ ինչպես են մարդիկ ամիսներ շարունակ վերևից կեղտով ու հողով լի դույլերն իջեցրել, որ տարածքը մաքրվի, որից հետո սկսվել են վերականգնողական աշխատանքները: Հրավիրել ենք նաև հնէաբաններ, սեյսմիկներ. կատարվել են քարաթափման աշխատանքներ: Փորվել են դեպի Զարնի տանող քարե աստիճանները (նախկին փշոտ մոշուտները խանգարում էին անգամ Զարնի բարձրանալուն) ու Պարնիի աստիճանները՝ ժայռերի մեջ և փայտե կողեզրերով: Անգամ դեպի ամրոց բերող ոտքի ճանապարհ չկար: Ներկայիս մոտ մեկկիլոմետրանոց ճանապարհը ևս կառուցվել է ամրոցի վերականգնողական աշխատաքներին զուգահեռ: Ունենք նաև մեքենաների կայանատեղի, որը հաջորդ տարի նախատեսում ենք ընդարձակել:

Վերականգնողական աշխատանքներից հետո մեր ամենօրյա խնդիրն է տարածքի ամենօրյա մաքրությունն ու պահպանությունը: Դեպի ամրոց բերող ճանապարհին տեղադրել ենք նստարաններ, աղբամաններ և ամեն առավոտ ճանապարհը մաքրում ենք աղբից:

-Տարվա ընթացքում ո՞ր եղանակներին հնարավոր կլինի այցելել ամրոց: Եվ արդյո՞ք այցելուների քանակն արդարացնում է այն ամբողջ դժվար ճանապարհը, որ հաղթահարել եք:

-Քարայր-ամրոց-թանգարանը բաց է առավոտյան տասից մինչև երեկոյան ութը: Քանի որ այստեղ ամեն ինչ բացօթյա է,նախատեսում ենք համալիրը փակել ցրտերն ընկնելուն պես:Այցելուների քանակը դեռ այդքան էլ շատ չէ, բայց արդեն իսկ զգացվում է՝ ինչպես են Զարնի-Պարնիի մասին տեղեկությունները տարածվում մարդկանց շրջանում: Որպեսզի այցելուները, հատկապես տեղացիները, գային և տեսնեին, թե վերջին տարիներին կատարված վերականգնողական աշխատանքների արդյունքում ինչի է վերածվել կիսաքանդ ամրոցը, որոշեցինք, որ բացումից հետո մեկ ամիս մուտքի տոմսը կլինի անվճար: Այժմ տոմսերի գումարով (մեծահասակների համար՝հազար դրամ) լուծում ենք մաքրության, լուսավորության, մեքենաների կայանատեղիի և սպասարկման հետ կապված մի շարքհարցեր:

Արմինե Թադևոսյան

Ես լիահույս եմ՝ այցելուների քանակը ժամանակի ընթացքում կավելանա: Համագործակցում ենք զբոսաշրջային գործակալությունների հետ: Այսօր անգամ շատ արտասահմանցիներ են գալիս և հիանում ամրոցով ու շրջապատող տարածքի գեղեցկությամբ: Ունենք նաև ՖԲ էջ, որից ևս բազում մարդիկ տեղեկանում են Զարնի-Պարնիի գոյության մասին:

-Համալիրի ներսում կա թանգարան: Մի փոքր ներկայացրեք թանգարանի ստեղծման պատմությունը:

-Շուրջ 15 տարի Ռուբենը հենց Լոռու մարզից հավաքել է այս տարածքին բնորոշ հնություններ, որոնք հիմնականում ներկայացնում են լոռեցիների կենցաղն ու մշակույթը: Քարայր-ամրոցի վերանորոգումից հետո նա կայացրեց այդ հսկայական հավաքածուն քարանձավում ցուցադրելու որոշումը: Այսօր քարայր մտնող յուրաքանչյուր ոք կտեսնի հին ու արժեքավոր իրերի հարյուրավոր ցուցանմուշներ, գյուղատնտեսական ու կենցաղային բազմաթիվ իրեր, որ Ռուբենի անձնական հավաքածուից են և օգնում են մարդկանց ճանաչել իրենց արմատները: Հատկապես երիտասարդների համար է շատ կարևոր այս թանգարանը, քանի որ մանրամասնորեն ծանոթացնում է մեր նախնիների պատմությանն ու վարած կենցաղին: Հրաշալի հնէաբան Սուրեն Հովոսյանի շնորհիվ կարողացանք նաև ճշտել հավաքածուի նմուշների ճիշտ անվանումներն ու պատրաստել ցուցանակներ: Արդյունքում այսօր ունենք թանգարան քարանձավի ներսում, որ իսկապես ազգային հարստություն է:

-Ամրոցի ձախ կողմում կառուցված է նաև փոքրիկ աղոթատեղի:

-Երբ ընթանում էին վերականգնողական աշխատանքները, լանջերի վրայից գտանք քարերի կտորներ, որոնք իրար միացնելով հասկացանք՝ ժամանակին քարայր-ամրոցում սրբավայր էլ է եղել: Որոշեցինք գտնված քարերով մատուռանման փոքրիկ շինություն կառուցել: Այս առումով շատ հետաքրքիր է բռինչ կոչված ծառատեսակի գոյությունը ամրոցի շրջակայքում, քանի որ, ըստ պահպանված տեղեկությունների, դրանք աճում են միայն սուրբ վայրերում: Բացի դրանից՝ այս ծառի պտուղներից հնարավոր է եղել ալյուր ստանալ և հաց պատրաստել, ինչն այնքան կարևոր է պաշարման մեջ գտնվողների համար: Պատմում են նաև, որ բռինչի փայտից չար ուժերից պաշտպանող հմայիլներ են պատրաստել՝ կախելով նորածինների մահճակալներից, կովերի վզից և այլն: Այսինքն՝ ամեն ձև ծառը սրբացրել են: Դա էլ կարծես ապացուցում է, որ այստեղ հնում սրբավայր է եղել:

Զարնի-Պարնի

-Քարայրի ներսում ժայռերից ջուր է կաթում, ինչը ևս գրավում է այցելուներին:

-Ջուրը դարեր շարունակ կաթկթում է վերևից: Երբ այն տարանք լաբորատորիա ստուգելու, ուղղակի զարմացել էին՝ ինչքան մաքուր է: Քարայր մտնողները կարող են տեսնել փորձաքննության արդյունքները և ցանկության դեպքում խմել ջրից: Ըստ գյուղացիների պատմությունների՝ ջուրն ունի նաև բուժիչ հատկություն:

Մենք փոքրիկ ջրավազաններ ենք կառուցել, որտեղ հավաքվում են կաթացող ջրերը: Այդ ավազաններն օգնում են նաև, որ ջուրը չճահճանա: Ջրավազանների մեջ խողովակներ ենք անցկացրել, որոնցով ջուրը դուրս է գալիս և հասնում տարածքի ծառերին:

-Տիկին Թադևոսյան, ի՞նչ զգացողություններ ունեք այժմ, երբ վերականգնված քարայր-ամրոցն այլևս իրականություն է ևհասանելի բոլոր նրանց համար, որոնք կցանկանան առնչվել Լոռու հրաշք բնության գրկում ծվարած պատմական այս հրաշք արժեքին:

-Զարնի-Պարնին շատ հարազատ վայր է դարձել ինձ համար: Հաղթահարված դժվարություններն այսօր տվել են իրենց պտուղը: Ուստի ամեն ինչ անում ենք, որ չկորցնենք պատմությունը պահպանելու նախնական գաղափարը, որ մեր սրտի կոչն էր, հայրենասիրական մղումների արտահայտումը, մեր փոքրիկ լուման երկրի բարելավման հարցում:

Դեպի ամրոց բերող ճանապարհը մեզ համար դրախտի ճանապարհ է: Ամեն ինչ արել ենք, որ ներդաշնակ լինենք բնությանը: Եվ որքան էլ ապրենք 21-րդ դարում, որտեղ բազում հետաքրքիր նորամուծություններ կան, որ կարելի էր օգտագործել, նախընտրեցինք հավատարիմ մնալ մեր բնության և պատմական արժեքների դարավոր գեղեցկությանը ու հաստատ չենք սխալվել: Շատ անգամներ եմ համոզվել՝ թե´ ամրոցը, թե´ ամրոցից բացվող տեսարանը խաղաղեցնում են մարդկանց...

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: