Հայերեն   English   Русский  

FIDE-ն որոշել է պատժել թուրք կազմակերպիչներին՝ հայ շախմատիստուհուն Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից հեռացնելու համար


  
դիտումներ: 111

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) ուսումնասիրում է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գևորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպը:

«FIDE-ն գործին ընթացք է տվել: Դեպքը մանրամասն ուսումնասիրվում է: Մեղավորները խստագույնս կպատժվեն»,- այս մասին սոցցանցային իր էջերում գրել է FIDE-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանին մասնակցության հրավեր ուղարկելուց օրեր անց մրցաշարի թուրք կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարվել մասնակցությունից` ադրբեջանցիների պահանջով: Այդ թվում թուրք կազմակերպիչը հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի մասնակցության ծախսերը հոգալ:

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր վերաբերմունքը հայտնել էր տեղի ունեցածի նկատմամբ և մտադիր էր բողոքով դիմել FIDE։

Թուրքական Սիվաշում ՖԻԴԵ-ի հովանու ներքո շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները հետ են վերցրել հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի հրավերը՝ ընդունելով ադրբեջանական պատվիրակության բողոքները։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Շախմատիստուհին հայտնել է, որ երբ ինքն իր դժգոհությունն է հայտնել այդ որոշման առթիվ ֆեյսբուքյան էջում, կազմակերպիչները սպառնացել են դատական գործով։ Նախկինում արդեն Մարիա Գևորգյնը ելույթ է ունեցել Թուրքիայում կազմակերպված մրցաշարերում և նման խոչընդոտների չի հանդիպել։ Կազմակերպիչը շախմատիստուհուն հայտնել է, որ Ադրբեջանի շախմատիստները վերջնագիր են առաջ քաշել, որ եթե մրցաշարին հայուհի լինի, ապա նրանք կհրաժարվեն մասնակցությունից։

Շախմատիստուհին բողոք է ուղարկել ՖԻԴԵ-ին։ Նա վիրավորական է համարում ազգային պատկանելության պատճառով հրավերը հետ կանչելը։

Մարիա Գևորգյանը ծնվել է 1994թ․ դեկտեմբերի 21-ին Երևանում։ Շախմատի միջազգային վարպետ է, ներկայումս Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը (2016թ․, 2017թ․)։ ՀՀ կանանց հավաքականի անդամ է։

Մարիային շախմատ խաղալ սովորեցրել է պապիկը՝ մարզական լրագրող Դերենիկ Գևորգյանը։ 3 տարեկանում արդեն ճանաչում էր բոլոր խաղաքարերը և գիտեր նրանց քայլերը։ 7 տարեկանից սկսել է հաճախել շախմատի մարզադպրոց, այնուհետև՝ ակադեմիա։ Եղել է Վահան Խաչատրյանի, Արսեն Եղիազարյանի սանը: Այժմ մարզվում է Էրեբունու

շախմատի դպրոցում՝ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանի մոտ։ 2014 և 2015 թվականներին եղել է Հայաստանի շախմատի կանանց փոխչեմպիոն։ 2016 թվականին Հայաստանի շախմատի կանանց 71-րդ առաջնությունում 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ դարձել է չեմպիոն՝ միաժամանակ ընդգրկվելով Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում։ 2017 թվականին պահպանել է կոչումը՝ հաղթելով 72-րդ առաջնությունը։ 2016թ «Գազի-Հերակլիոն 2016» մրցաշարում կանանց խմբում արժանացել է ոսկե գավաթի։ 2017թ․ Շարժա Օփեն կանանց միջազգային մրցաշարում կիսել է 3-5-րդ տեղերը։

Նույն մրցաշարում «ԱՐՄԵՍՏ» թիմը, որի կազմում էր նաև Մարիան, բլից շախմատի մրցաշարում գրավել է 1-ին հորիզոնականը։ Մարիա Գևորգյանի ԷԼՈ գործակիցը 2017թ․ դեկտեմբերի դրությամբ 2275 է։ Ազատ ժամանակը սիրում է անցկացնել ընկերների հետ։ Նախասիրություններց են ընթերցանությունը, ֆիլմերն ու սպորտը, հատկապես մեծ թենիսը։ Խաղերից հետո լիցքաթափվում է մուլֆիլմ դիտելով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: