Հայերեն   English   Русский  

​Գյումրին ամբողջ հայության ադամանդն է. ԱԺ պատգամավորները Գյումրիում էին


  
դիտումներ: 303

ԱԺ պատգամավորները միացել էին Գյումրու տոնին:

Նրանք էլ քաղաքի մյուս հյուրերի նման շրջում էին տոնական փողոցներով, ծանոթանում գյումրվա կոլորտիով, համ ու հոտով համեմված արհեստի ու արվեստի փառատոնին ներկայացված տաղավարներին: Նշում են՝ այսօր Գյումրին շատ տարբեր է, տրամադրությունը՝ նույնպես.

- Մեր քաղաքը մեծ կամքի տեր և ես մաղթում եմ, որ գյումրեցիների մոտ այդ կամքը շարունակական լինի: Մի քանի ամիս առաջ դժգոհություններ կային ճանապարհաշինությունից, քանդված էր ամբողջ քաղաքը, բայց այսօր քաղաքացիների հետ շփվում ենք ու տեսնում, որ օր-օրի փոփոխվող Գյումրին իրենց արդեն դուր է գալիս, - ասում է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Նաև հավելում, փոփոխվող Գյումրու ամենամեծ ապացույցն էլ զբոսաշրջիկների հոսքն է:
Ըստ պատգամավորի, այսօր իշխանության վերաբերմունքն է ուրիշ Գյումրու նկատմամբ:
Ալեն Սիմոնյանը Գյումրու տոնին ևս մասնակից էր դարձել, ասում է՝ Գյումրին յուրահատուկ է, քանզի Նիկոլ Փաշինյանն իր քայլերթը սկսել էր Գյումրիից. ՙԲայց Գյումրին մինչ այդ էլ առանձնահատուկ էր: Գյումրին ունի իր առանձին ձեռագիրը բոլոր հարցերում՚:

Պատգամավոր Արման Աբովյանը Գյումրու նկատմամբ հատուկ ընդգծված վերաբերմունք ունի, ասում է՝ այն ադամանդի պես է պետք պահել:

- Գյումրին այն բացառիկ վայրերից է, որտեղ պետք է գաս, եթե ուզում ես հոգով հանգստանալ: Գյումրեցիներին մաղթում եմ ժպիտ: Իրենք այն մարդիկ են, ովքեր սովորեցրել են բոլոր հայերին, որ գոյություն չունի որևէ անելանելի վիճակ և նույնիսկ ամենածանր վիճակում բարի սիրտը և ժպիտը հաղթահարում է բոլոր դժվարությունները: Հաջորդ տարի քաղաքի տոնին կուզենայի տեսնել ավելի ծաղկած, ավելի լուսավոր Գյումրի: Գյումրեցիներն ունեն այդ ներուժը և կարող են իրենց քաղաքը զարգացնել: Ի վերջո, Գյումրին միայն գյումրեցիներինը չէ, ամբողջ հայության ադամանդն է, որը պետք է բոլորս պահպանենք ու փայփայենք:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: