Հայերեն   English   Русский  

​Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Երևանից տեղափոխեց Սևան


  
դիտումներ: 925

Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր հավաքել կինոգետների, արվեստաբանների, դերասանների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Միջոցառման կազմակերպիչը կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանն էր, որ իր այս նախաձեռնությամբ երկու նպատակ ուներ՝ մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Երևանից տեղափոխել նաև մարզեր և ֆիլմի դիտում-քննարկումով ցույց տալ, թե ինչպես կարելի հաջողության ճանապարհ կերտել։

Սևանի գրողների միության հանգստյան տանը՝ կապուտակ գեղեցկուհու և դրա երկայնքով սավառնող ճայերի հայացքի ներքո կայացավ յուրաքանչյուրիս մեջ ապրող ճային նվիրված ֆիլմի դիտում-քննարկումը։ Երևանից Սևան ժամանած կինոգետների ու թատերագետների, դերասանների, արվեստաբանների ու լրագրողների խումբը դիտեց 1973-ին թողարկված ռեժիսոր Հալլ Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամերիկյան դրաման՝ ոգեշնչված Ռիչարդ Բախի համանուն նովելից։

Բացի այն, որ Սևանում ամենաշատը կարելի է հանդիպել ճայերի, ֆիլմի ցուցադրությունն այստեղ կազմակերպելով՝ կինոքննադատը նպատակ է հետապնդել նաև «մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Երևանից տեղափոխել մարզեր»։ «Մենք պետք է կիսվենք մեր պատմություններով ու ցույց տանք, թե ինչպիսին է եղել հաջողության ճանապարհը, կոնկրետ օրինակներով ցույց տանք մի կետից մյուսը հասնելու ընթացքը, ոմանց համար բարդ, ոմանց համար՝ անհավանական թվացող։ Ես վստահ եմ, որ բոլորիս մեջ էլ ապրում է Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը։

Կինոքննադատի խոսքով՝ ֆիլմը կինոթատրոնային տիրույթից դուրս, սոցիալիստական մոդեռնիստական ոճով որևէ կառույցում ցուցադրելու գաղափարն առաջացել էր «Ոսկե Ծիրան» 16-րդ կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Այդ ընթացքում, սակայն, գաղափարը կյանքի կոչել չէր հաջողվել, որի իրագործումը դարձել էր երազանք ու նպատակ։

«Վերջին տարիներին, կարծում եմ, սա առաջին ցուցադրությունն է, որ տեղի է ունենում այս շենքում։ Բավականին հակասական ֆիլմ է, գրքի հեղինակ Ռիչարդ Բախը ֆիլմի նկարահանման ժամանակ վիճում է ռեժիսորի հետ ու այլևս չի մասնակցում նկարահանումներին։ Շատ կինոքննադատներ քարկոծում են ֆիլմը․ այստեղ չկա անիմացիա, հիմնականում վավերագրություն է, այն ժամանակ չկային դրոններ, թվային տեսախցիկ, ժապավենով էին նկարահանում։ Այս իմաստով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը, մանավանդ, եթե կարդացել եք գիրքն ու կարող եք զուգահեռներ տանել»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը։

Կինոքննադատի ուղերձներից մեկը գրքում ու նաև ֆիլմում առաջ քաշված գաղափարների վերաարժևորումը, երազանքներին հասնելու ճանապարհին խոչընդոտների հաղթահարումն ու նոր ներշնչանքներ գտնելն է։

Ֆիլմի դիտումից հետո ներկաների կարծիքները տարբեր էին, բայց քննարկման մասնակիցներից շատերին էր համակել ցանկությունը վերընթերցելու գիրքը։ Ոմանց սպասումներն այնքան էլ չէին արդարացել՝ ֆիլմում ճայերի թռիչքի, վայր ընկնելու տեսարաններից զատ՝ ակնկալելով նաև գրքում առկա գաղափարների վիզուալիզացումը մարդկային հարաբերությունների համատեքստում։

Դիանա Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ֆիլմի մեխը վիզուալ հատվածն է՝ բավականին որակյալ օպերատորական աշխատանքով, հետաքրքիր է նաև լուսաձայնային մոնտաժն ու ֆիլմին գեղարվեստական մաս հաղորդած դերասանական երկխոսությունը։

Ռեժիսոր, կինոարտադրող Արզուման Հարությունյանին էլ հետաքրքիր թվաց վաղնջական ժամանակներից եկած՝ հասարակություն-համայնք-անհատակություն մարդկային փոխհարաբերությունների ներկայացման այս ձևը։

«Ֆիլմում արտացոլված էր այդ հարաբերություններն ընդունել-չընդունելը, հեռանալ անպայման վերադառնալու մոլուցքով, որովհետև դեռևս չգիտեմ մեկին, ով հեռացել է համայնքից ու անընդհատ չի ձգտել հետ գալու, ապացուցելու համայնքին, որ ինքը ճիշտ էր։ Հեղինակն այս գաղափարը գեղեցիկ ձևավորել ու դրել է ճայերի մեջ»,-ասաց ռեժիսորն՝ ընդգծելով, որ ֆիլմում տեսավ ստեղծագործողի էգոիզմը, որից վեր որևէ այլ բան չկա։ «Բռնեք ձեր էգոիզմն ու առաջ տարեք»,-եզրափակեց նա։

Դերասանուհի Անի Խաչիկյան էլ նկատեց․ «Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ անկախ նրանից, թե քանի անգամ թևերդ կկոտրվեն, միևնույն է, պետք է կարողանալ ճախրել, որովհետև առանց թռիչքի կյանք չկա։ Եթե կա հնարավորություն, ավելի լավ է թռչել դեպի անհայտություն, քան մնալ տեղում կանգնած»։

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմը պատմում է երիտասարդ ճայի մասին, ով վտարվելով իր երամից, սովորում է կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման: Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան կինոսերների շրջանակում: Հայտնի դերասան Չառլի Չապլինը «Los Angeles Times»-ում ֆիլմը որակել է գեղեցիկ և օրիգինալ, որն արժանի է դիտման: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության` «Լավագույն կինոմատոգրաֆիա» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:

Ֆիլմի երաժշտության (soundtrack) ալբոմը, որը թողարկվել է հայտնի երաժիշտ Նեյլ Դայմոնդի կողմից, արժանացել է «Գրեմմի»-ի ադամանդին և «Ոսկե գլոբուս» մրցանակին: «Ամերիկյան կինոյի ինստիտուտի» կողմից այն ընդգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմեր»-ի ցանկում:

Գեղեցիկ այս միջոցառումը, որ հնարավորություն դարձավ իրականացնել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության աջակցությամբ, յուրահատուկ էր նաեւ նրանով, որ ֆիլմի հանդիսատեսը կրում էր 70-ականներին բնորոշ կապույտ ու սպիտակ գույներով հագուստ: Միջոցառման PR-գործընկեր SPRING PR ընկերության PR պատասխանատու Մարիամ Սաֆարյանն «առանց փակագծեր» բացելու նշեց առաջիկայում կայանալիք եւս մեկ խենթ նախագծի մասին, որի համատեքստում էր նաեւ այս ցուցադրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: