Հայերեն   English   Русский  

Պատարայի ջրամբարի կառուցումը մայրաքաղաքի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Արայիկ Հարությունյան


Արայիկ Հարությունյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 223

Այս օրերին Ստեփանակերտում և հանրապետության մի շարք համայնքներում առաջացած խմելու ջրի «ճգնաժամի» հաղթահարումը լոկալ մոտեցումներով երկարաժամկետ կտրվածքով արդարացված չէ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Իշխող քաղաքական ուժի առաջնորդի խոսքով՝ համայնքներում ներքին ցանցի կառուցումը այս իմաստով ծրագրի միայն մի մասն է կազմում, և, մասնագիտական դիտարկումների համաձայն, աշխատանքները պետք է շարունակվեն ջրային նոր ռեսուրսների ներգրավմամբ, քանի որ ռիսկի գործոնը մեծ է, որ շոգ եղնակաների պատճառով ամեն տարի այս անցանկալի իրավիճակը կարող է կրկնվել:

«Մայրաքաղաքի դեպքում խնդրի լուծման գլխավոր երաշխիքը կարող է հանդիսանալ Պատարայի ջրամբարի կառուցումը, որի նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Այն շահագործելու պարագայում Ստեփանակերտն ամբողջությամբ կապահովենք շուրջօրյա ու ավելի որակյալ խմելու ջրով: Խմելու և ոռոգովի մշտական ջուր կունենան նաև Ասկերանի շրջանի տասնյակ գյուղական համայնքներ և հազարավոր հեկտար անջրդի հողատարածքներ:

Հաշվի առնելով հարցի օրախնդիր լինելը, «Ազատ հայրենիք» կուսակցությունը որոշում է կայացրել աշնանային նստաշրջանում «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության միջոցով հետևողական աշխատանք ծավալել, որպեսզի ջրամբարի կառուցման ծրագիրը ներառվի 2020թ. պետական բյուջեի ծախսային մասում»,- նշել է Հարությունյանն՝ ընդգծելով, որ այն խմբակցության համար սկզբունքային հարց է լինելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: