Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցը News.am լրատվական գործակալությանը


  
դիտումներ: 741

Հարց․ Օրերս քննարկման առիթ դարձան ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վիճակագրական տվյալները, և Դուք արդեն արտահայտել եք հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ։

Ձեր կարծիքով ի՞նչ հետևանք ունի նման վիճակագրական մոտեցումը և որքանո՞վ է այն արտացոլում արտաքին քաղաքական իրական վեկտորները/ուղղությունները։

Աննա Նաղդալյան․ Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն, հայակենտրոն է, ուստի նաև զարմանալի չի լինի մի հիմնական պատասխանն այս հարցին, որ ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից։

Իրականում չեմ ցանկանա անդրադառնալ լրատվամիջոցի նյութին, որի նպատակը բոլորովին այլ էր, և նյութն արվել էր ԱՄՆ վարչակազմի կողմից օտարերկրյա պետություններին տրամադրվելիք աջակցության վերադիտարկման վերաբերյալ հայտարարված նոր մոտեցման համատեքստում: Անհասկանալի է, թե վիճակագրական վերլուծության ինչպիսի մեթոդ է կիրառվել «Ամերիկայի ձայնի» նյութը նախապատրաստելիս, արդյո՞ք հաշվի են առնվել քանակական և որակական բոլոր տվյալները՝ քանի՞ երկիր է քվեարկել, ե՞րբ, ի՞նչ հարցով, ինչպե՞ս, արդյո՞ք հաշվի են առնվել միայն "այո" կամ "ոչ" քվեները, ինչպե՞ս է հաշվառվել "ձեռնպահ" քվեն և բացակայությունները, և այլն։ Իսկ տվյալ հրապարակումը շահարկողները բնավ հաշվի չեն առել ոչ նյութի տրամաբանությունը, ոչ էլ առավել ևս ՄԱԿ-ում դրվող բանաձևերի բովանդակությունը, դրանց՝ Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահերից բխելը:

ՄԱԿ բանաձևերը բազմաբովանդակ և բազմաբնույթ են, և, ինչպես արդեն իսկ նշեցի, Հայաստանը դրանք դիտարկում է՝ ելնելով իր ազգային շահերից: Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն արտացոլված են կառավարության ծրագրում և ՄԱԿ-ում ՀՀ քվեարկությունները հիմնված են հենց այդ առաջնահերթությունների վրա:

Հարց․ Արդյո՞ք կարելի է ասել, որ Հայաստանը շարունակում է փոխլրացման քաղաքականությունը, և որքանով է այն հաջողվում՝ հաշվի առնելով ներկայիս գործընթացներն աշխարհում։

Աննա Նաղդալյան․ Շատ լավ հարց եք տալիս: Առաջ ընկնելով, մեկ հայտարարություն անեմ, որ օգոստոսի վերջին Երևանում մեկնարկելու է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ավանդական հավաքը, որն այս տարի հանդես է գալու նոր ձևաչափով: Այն ներառելու է ՀՀ պետական գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ մի քանի օր տևող ակտիվ և փակ քննարկում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և այդ տրամաբանության ներքո ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Վերաամրագրվելու են արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, որոնք երեքն են:

Որպես արտաքին քաղաքականության առանցքային սկզբունք առանձնացվել է ինքնիշխանությունը, որի պրիզմայից էլ մենք դիտարկում ենք մեր քայլերը՝ ի նպաստ մեր պետական շահերի: Սա այն է, ինչ կառավարությունը, մասնավորապես՝ ԱԳ նախարարը բազմիցս ներկայացրել է որպես հայաստանակենտրոն քաղաքականություն:

Երկրորդ սկզբունքը համահայկականությունն է: Սա արտահայտում է մեր հավաքական ներուժը լավագույնս օգտագործելու մեր նպատակը՝ մեր հավաքական շահերի, ազգային ինքնության, քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների և պետության ամրապնդման ու զարգացման նպատակների առաջմղման համար:

Փոխգործակցությունը երրորդ հիմնարար սկզբունքն է, որն իր մեջ ներառում է իրավահավասար և փոխշահավետ համագործակցություն միջազգային հանրության հետ՝ ի նպաստ խաղաղության, անվտանգության և զարգացման:

Այսպիսով, ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունն են ձևավորում արտաքին քաղաքական ոլորտում մեր գործունեության տրամաբանության շրջանակը, դրանք են մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները:

Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ադրբեջանի ԱԳՆ, իսկ այնուհետև նաև «Ղարաբաղում ադրբեջանական համայնքը նամակներով դիմել են ՄԱԿ և ԵԱՀԿ՝ կապված Հայաստանի վարչապետի և ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ։

Աննա Նաղդալյան․ Միջազգային հանրության պետության սուվերեն իրավունքն է՝ դիմելու միջազգային և տարածաշրջանային կառույցներին, սակայն առավել նախընտրելի կլիներ, եթե Ադրբեջանը, թեկուզ միջնորդավորված, քաղաքակիրթ երկխոսություն վարեր Հայաստանի և Արցախի հետ:

Հարց․ Ակտիվ քննարկման և տարաբնույթ կարծիքների արտահայտման առարկա է մնում Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ ֆինանսական օգնության հարցը։ Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ։

Աննա Նաղդալյան․ Սա գործընթաց է, որը յուրաքանչյուր տարի ընթանում է ԱՄՆ վարչակազմի, ներկայացուցիչների պալատի և Սենատի միջև՝ ԱՄՆ բյուջեի արտաքին հատկացումների շուրջ տարվող բանակցությունների առանցքում: Ամեն տարի այս բանակցությունների արդյունքում, որպես կանոն, ապահովվում է նաև օգնություն Արցախին։ Բնականաբար, մեր առաջնահերթությունն է նաև ապահովել Արցախում տարբեր հումանիտար ծրագրերի նախաձեռնումը և իրականացումը. ուստի դա էլ է մեր երկկողմ օրակարգի հարց տարբեր գործընկերների հետ:

Հարց․ Այս պահի դրությամբ քանի երկիր է վավերացրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, և կան արդյոք գործընթացի ավարտի ակնկալվող ժամկետներ։

Աննա Նաղդալյան․ Ներկայումս ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտել և Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանն (https://www.consilium.europa.eu/en/) այդ մասին տեղեկացրել են 16 պետություններ՝ Հայաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Դանիա, Մալթա, Ռումինիա, Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիա, Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Կիպրոս։

Սակայն սխալ կլինի ասել, որ սա գործընթացի ամբողջական պատկերն է: Օրինակ՝ Շվեդիան ավարտել է համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն այդ մասին դեռևս չի տեղեկացրել Եվրոպական խորհրդի ու ԵՄ Խորհրդի քարտուղարությանը: Մենք վավերացման գործընթացը համարում ենք լիովին ավարտված, երբ այն հրապարակվում է ԵՄ քարտուղարության պաշտոնական կայքէջում։

Կան երկրներ, որտեղ վավերացման գործընթացը, կարելի է ասել, հասել է վերջին փուլին: Այդպես, համաձայնագիրը վավերացվել է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից և ներկայացվել է Գերմանիայի նախագահի ստորագրմանը, որից հետո միայն Գերմանիան այդ մասին կտեղեկացնի ԵՄ Խորհրդին։

ՀԸԳՀ վավերացման գործընթացները ներպետական որոշ փուլեր են անցել ԵՄ գրեթե բոլոր երկրներում, և մենք ակնկալում ենք, որ գործընթացը նույն ակտիվությամբ կշարունակվի առաջիկա ամիսներին:

Սակայն միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ մենք լիովին օգտագործում ենք համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ ստեղծված հնարավորությունները: Ինչպես գիտեք, ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացյալ 20%-ը, որոնք հիմնականում այն հոդվածները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակներում, ուժի մեջ կմտնեն ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացումից հետո։ Ուստի արդեն իսկ ուժի մեջ գտնվող հատվածը ենթարկվում է 100%-ոց կիրարկման՝ համաձայն Հայաստանի և Եվրամիության միջև մշակված ճանապարհային քարտեզի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: