Հայերեն   English   Русский  

​Պարգևներ զինվորին ու քաղաքապետին, սպային և ուսուցչին


  
դիտումներ: 222

Բանակում լավ ծառայության, մարտական առաջադրանքները գերազանց կատարելու համար զինվորները, շարքային,

թե սպա, խրախուսվում են հենց զինվորական վերադասի կողմից: Շիրակի մարզում արդեն որերորդ տարին է, ավանդույթ է դարձել՝ զորացրումից հետո պարգևատրել ու շնորհակալություն հայտնել այդ զինվորներին:

Ամառային զորակոչի ավարտից հետո Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատը ծառայությունից զորացրված տղաներին, ովքեր այժմ պահեստային ծառայողներ են, հավաքել էր մեկ հարկի տակ՝ մարզի բոլոր բնակավայրերից:

- Հերթական անգամ հավաքվել ենք մեծարելու այն շիրակցիներին, որոնք մեծ ճիգեր են գործածում տարբեր ոլորտներում, օրինակ են ծառայում գալիք սերունդներին՝ ցուցաբերելով մեծ հայրենասիրություն, բարձր պահելով հայի, շիրակցու անունը: Ծառայությունից եկած զինծառայողներն արդեն հաշվառված են պահեստազորում, իրենց ընկերասեր, պատվախնդիր, վճռական դրսևորումներով բազմիցս մարտական պատրաստականության և անձնական պատրաստակամության բարձր ցուցանիշներ ցուցաբերելով, բարձր կարգապահության և գերազանց ծառայության համար արժանացել են տարբեր խրախուսանքների, - նշում է Շիրակի մարզի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը:

Առաջին պարգևները սպաներին հանձնեց հենց զինկոմիսարը՝ հայ ժողովրդի զինական հաղթանակների ոգով, հայրենյաց պաշտպան, ազգային արժեհամակարգը կրող մարդիկ դաստիարակելու համար:

Հայրենիքի ծառայության պատվաբեր գործին ցուցաբերած նվիրումի, զինվորական ծառայության պարտականությունները բարեխղճորեն ու ժամանակին կատարելու և հայրենասիրական ոգին մարտական ծառայության ընթացքում լավագույնս դրսևորելու համար Գյումրու քաղաքապետի անունից պարգևատրվեցին սպաներն ու շարքային զինվորները:

- Վստահ եմ, ծառայության ընթացքում դուք գիտակցել եք այդ պատասխանատվությունը և պատվով եք կատարել ձեր առջև դրված բոլոր խնդիրները: Յուրաքանչյուր տղայի համար զինվորական ծառայությունը կարևորագույն ժամանակաշրջան է, ուր կոփվում է նրա տոկունությունը, կամքը, ինչպես նաև ավելի արժևորվում է հայրենիքն ու նրա պաշտպանությունը, - դիմելով զորացրված տղաներին, նշեց Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

Յուրաքանչյուր համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին ու խրախուսվեցին տվյալ համայնքից պարտադիր զինվորական ծառայությունը պատվով ավարտած պահեստազորայինները:

Ազատան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ դպրոցի անունից էր պատվոգիր հանձնում մի երիտասարդի, ով թեև դպրոցական տարիներին փայլուն առաջադիմություն չի ունեցել, բայց միշտ աչքի է ընկել իր օրինակելի վարքով: Պարգևատրվողը ազգությամբ եզդի Նոտարն էր, ով ծառայության ընթացքում պարգևի է արժանացել նաև պաշտպանության նախարարության կողմից: Այս երիտասարդը պատվոգրի և դրամական պարգևի արժանացավ նաև Ազատան համայնքի ղեկավարի կողմից:

Հատուկ պատվոգրերի արժանացան հայոց բանակի համար օրինակելի զինվորներ դաստիարակած ուսուցիչներն ու զինղեկները: Պարգևատրվեցին Գյումրու և Արթիկի քաղաքապետերը, տարբեր համայնքների ղեկավարները:

- Ճիշտ է, հայրենիքը սկսվում է սահմանից, բայց այդ սահմանները պահելու համար անհրաժեշտ է մեր բոլորի քրտնաջան աշխատանքը: Զինվորը կարիք ունի, որպեսզի իր թիկունքն ամուր լինի: Երբեմն, զինվորի թիկունքն ապահովող մարդկանց աշխատանքը մնում է անտեսված: Այսօր ես ուզում եմ շնորհակալանքի խոսք ասել և պատվոգիր շնորհել այն մարդկանց, ովքեր էական դերակատարում ունեն զինվորի թիկունքն պահովելու, զորակոչային աշխատանքները կազմակերպելու և մեր հայրենիքը ամուր պահելու հարցում՝ առաջին հերթին համայնքների ղեկավարների ներդրումը, - նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը:

Գագիկ Խաչատրյանը նշում է, 2016-ի ապրիլյան մարտական գործողությունները վառ օրինակ են՝ թե որքանով են հանրապետության վարչատարածքային մարմինները պատրաստ զինված հարձակումների ժամանակ տնտեսական ու բնակության պայմանները բարելավելուն: Շիրակի մարզում այդ պատասխանատու գործընթան իրականացրել են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք իրենց ամենօրյա պարտականությունների կողքին կատարել են նաև բարդ ու հայրենանվեր աշխատանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: