Հայերեն   English   Русский  

Հայտնի է «Շշի Մելոյի» դեմ իրականացված մահափորձի շարժառիթը. շոշափվում է քրեական հեղինակության անունը


  
դիտումներ: 205

NEWS.am–ին հայտնի է դարձել «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի շարժառիթը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գործարարը ցուցմունք է տվել և հայտնել, որ մահափորձի պատճառը երկու տարի առաջ իրեն պատկանող ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։

Մանուկյանը կասկածներ է հայտնել, որ իր նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատուն այդ միջադեպի մասնակից, քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է։

Ըստ մամուլում հրապարակված տեղեկություների՝ դեռեւս 2017–ի հուլիսին մի խումբ անձինք, որոնց թվում եղել են նաեւ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ, այցելել են Մելիք Մանուկյանի գործարան եւ առաջարկել, որպեսզի պատգամավորը իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, արդյունքում վիճաբանություն է սկսվել։ Այնուհետեւ քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն սեղանին դրված շշով հարվածել է Մանուկյանի գլխին, ինչից հետո միջադեպին են խառնվել գործարանի աշխատակիցները եւ ճանապարհել են անցանկալի հյուրերին։

Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը։

Եւս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրելու համար։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: