Հայերեն   English   Русский  

Սոնա Աղեկյանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել իրեն բերման ենթարկելու իրավական հիմքերը


  
դիտումներ: 81

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնում դիմում է գրել՝ պահանջելով տրամադրել օրինական հիմքերը, թե օգոստոսի 13-ի գիշերն իրեն իրավական ի՞նչ հիմքով են բերման ենթարկել։ Այս մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյանն իր ուղիղ եթերի ժամանակ։

«Ոստիկանությունը կփորձի գրավոր տրամադրել գործի նյութերը։ Երբ գործի նյութերը լինեն ինձ մոտ, բնականաբար, կհրապարակեմ, որովհետեւ այդ օրը մեր կողմից որեւէ ապօրինի գործողություն չի իրականացվել: Այդ օրը մենք միայն մեր խաղաղ ցույցն ու ակցիա անելու սահմանադրական իրավունքն ենք իրացրել»,- ասաց նա։

Աղեկյանի խոսքով՝ ոստիկանությունից ասել են, որ գործը դեռեւս քննության փուլում է, սակայն հնգօրյա ժամկետում կներկայացնեն գրավոր փաստաթղթերը, թե ինչ օրինական պահանջ է ներկայացվել ոստիկանության կողմից, որին իրենք չեն ենթարկվել։

«Պնդում եմ՝ օրինական կամ ապօրինի պահանջ չի հնչել: Որեւէ պահանջ չի հնչել, որին մենք ենթարկվեինք կամ չենթարկվեինք։ Մեր պայքարով պետք է հասնենք նրան, որ որեւէ մեկը կամայականորեն հնարավորություն չունենա իր պաշտոնական դիրքը չարարշահել եւ մեր քաղաքացիների իրավունքները ոտնահարել։ Եղեք համարձակ եւ սիրեք մեր Երեւանը»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: