Հայերեն   English   Русский  

ՀԲ-ի ֆինանսավորմամբ ՀՌՀ-ում հիմնվելու է գենոմիկայի ոլորտի գիտակրթական և հետազոտական գերազանցության կենտրոն


  
դիտումներ: 719

Հայ-Ռուսական համալսարանի կողմից ներկայացված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծել Հայաստանում և տարածաշրջանում նախադեպը չունեցող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն։

Ծրագրի ղեկավար ՀՌՀ Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ գենոմիկան և գենոմի խմբագրումն արդեն իսկ սկսել են հեղափոխել կենսաբժշկությունը, կենսատեխնոլոգիաները և դեղագործությունը:

Ներկայումս աշխատաշուկայում առկա է ոլորտի մասնագետների և մասնագիտացված գիտատեխնիկական կենտրոնների մեծ պահանջարկ: Կենտրոնի հիմնադրումը թույլ կտա ՀՌՀ-ին դառնալ այս գործընթացների մի մասը:

Դրամաշնորհի շրջանակներում ՀՌՀ-ում հիմնվելու է ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած հետազոտական լաբորատորիա: Մշակվելու և ներդրվելու է նոր երկլեզու մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիր, իսկ առկա կրթական ծրագրերում բարելավվելու են մասնագիտական առարկաների ծրագրերը և ներառվելու են նոր գործնական առարկաներ:

Այս ամենը թույլ կտա պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք ի վիճակի կլինեն բավարարել աշխատաշուկայում ձևավորվող պահանջարկը, իսկ բուհի շրջանավարտներին թույլ կտա գտնել մասնագիտական հմտություններին առավել համապատասխան աշխատանք և ունենալ մասնագիտական աճ:

Ընդլայնելու են առողջապահության գերակա ոլորտներում գենոմիկայի և գենոմի խմբագրման հետազոտությունները, ինչը կնպաստի գիտական արդյունքների որակի բարձրացմանը, տպագրված աշխատանքների ծավալի մեծացմանը, ստացված արդյունքների հնարավոր ներդրմանը և նոր միջազգային համագործակցության հնարավորությունների ստեղծմանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 137 մլն դրամ, որի մոտ 80%-ն ուղղվելու է նորարարական կենտրոնի համար սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: