Հայերեն   English   Русский  

Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս. Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 711

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նախօրեին Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի առաջարկվում է «հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»։

Բնական է, որ քաղաքկաան ուժերը կարծիք են հայտնում նման կարևոր հարցի մասին: Սակայն այդ առաջարկն ուզում եմ դիտարկել գործող կառավարության համատեքստում:

Ակնհայտ է, որ հանրաքվեի գաղափարի իրագործումը գործող «սուպերլեգիտիմ», 70 տոկոսանոց, «ալամաշխարհի» աջակցություն ունեցող իշխանությունների համար կնշանակի Փաշինյանի իշխանության դասական դելեգիտիմիզացիայի գործընթացի մեկնարկը։ Ընդամենը 9 ամիս առաջ համապետական ընտրություններին ժողովրդական աջակցության բացարձակ քվե ստացած քաղաքական ուժը այլևս իրակավունք չի ուեննա ժողովուրդ ներկայացնել:

Եթե այսպիսի կարևոր ու կենսական հարցերի դեպքում իշխանությունները քաղաքական խիզախություն չեն ունենալու վճռական և վերջնական որոշում կայացնելու, նշանակում է, որ նման հնարավոր հանրաքվեին սահմանադրական ժամկետներում պետք է հետևեն արտահաերթ խորհրդարանական ընտրություններ:

Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը և հետագայում ամեն ինչի համար պատասխանատվությունը կդնեն ժողովրդի վրա:

Հանրաքվեն Նիկոլի համար կլինի իր քաղաքական ապիկարության վերջնական ախտորոշումը։ Սա մի քայլ է, որին գնալու դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ։

Այսօր ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Ամուլսարի թնջուկը Փաշինյանին կանգնեցրել է անդունդի եզրին և աստիճանաբար սեղմում է օղակը։ Իսկ Նիկոլի պոպուլիստական զինանոցում կարծես թե իրոք նկատվում է «մանիպուլյացիոն զինամթերքի» պակաս։

Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: